63-րդ Բեռլինալեն փետրվարի 17-ին ամփոփեց արդյունքները

Տասը օր տևող կինոփառատոնի այս տարվա ժյուրին գլխավորում էր հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կար Վայը, իսկ մրցութային ծրագիրը լավագույնն էր վերջին հինգ տարում։

Կինոփառատոնի գլխավոր մրցանակը տրվել է ռումինական «Երեխայի դիրքը» ֆիլմի ստեղծագործական խմբին: «Ոսկե արջը» հանձնվել է ռեժիսոր Կալին Պետեր Նետցերին, որի՝ կրքերով և սոցիալական քննադատությամբ լի ընտանեկան դրաման ներկայացնում է իր երեխայի ապագայի համար պայքարող ժամանակակից կնոջը։ Գլխավոր դերում հանդես է եկել Լումինիցա Գեորգիուն: Նա մարմնավորել է ուժեղ կամքի տեր, ցինիկ և հասարակությունում ընդունված խաղի կանոնները լավ հասկացող մորը, որը նպատակ է դրել քրեական պատասխանատվությունից ազատել անզգուշաբար մի տղայի մեքենայով հարվածած որդուն: Ֆիլմն արժանացել է նաև միջազգային մամուլի «Ֆիպրեսի» մրցանակի։

Բեռլինալեի ֆավորիտ է ճանաչվել չիլիացի ռեժիսոր Սեբաստյան Լելիոյի «Գլորիան»: «Արծաթե արջով» ժյուրին առանձնացրել է գլխավոր դերում հանդես եկած Պաուլիան Գարսիայի աշխատանքը: «Գլորիան» պատմություն է 58-ամյա ամուսնալուծված մի կնոջ մասին, որը փորձում է կրկին երջանկություն գտնել։

Մյուս հաղթանակը բոսնիական «Դրվագ մետաղի ջարդոն հավաքողի կյանքից» դրամայինն է։ Ռեժիսոր Դանիս Տանովիչի կոշտ պատմությունը աշխատավոր մի գնչուի մասին է, որն ամբողջ ֆիլմի ընթացքում փորձում է հիվանդանոց հասցնել վիժումից արնաքամ լինող կնոջը։ Ֆիլմն արժանացել է Գրան պրիին, իսկ գլխավոր դերում հանդես եկած ոչ պրոֆեսիոնալ դերասան Նազիֆ Մուժիչը ստացել է «Արծաթե արջ»՝ իբրև տղամարդու լավագույն դերակատար։

Բեռլինալեի հիմնադիր Ալֆրեդ Բաուերի անվան հեղինակավոր՝ «Կինոյում նոր ճանապարհների բացահայտման համար» մրցանակին արժանացել է կանադացի ռեժիսոր Դենի Կոտեի «Վիկն ու Ֆլոն արջ տեսան» ֆիլմը, որը պատմում է արջի թակարդի մեջ ընկած երկու լեսբուհիների մասին։ Խորհրդանշական է, որ մրցանակը ռեժիսորը ստացել է ժյուրիի նախագահ Վոնգ Կար Վայի ձեռքից, ինչը նշանակում է, որ մինչ այժմ միայն նեղ շրջանակին ծանոթ երիտասարդ ռեժիսորը միանում է փառատոնային կինոյի աստղերի խմբին։
Գլխավոր մրցանակներից ևս մեկը՝ «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում, ստացել է երեկոյի հերոսների մեջ հայտնված միակ ամերիկացին՝ Դեյվիդ Գորդոն Գրինը՝ «Հուսինների տիրակալը» հումորով լի ռոուդ-մուվիի համար։

Այս տարի առաջին անգամ Բեռլինի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկվել էր ֆիլմ Ղազախստանից, որը դարձել է մրցանակաբաշխության իրական սենսացիան։ Սկսնակ ռեժիսոր Էմիր Բայգազինի «Ներդաշնակության դասերը» դրաման դաժան և միևնույն ժամանակ պոետիկ պատմություն է գավառական մի գյուղում բնակվող դեռահասի մասին, որին հետապնդում է տեղացի դպրոցականների ավազակախումբը: «Արծաթե արջը» շնորհվել է օպերատոր Ազիզ Ժամբակիևին՝ օպերատորական արվեստում նշանավոր ձեռքբերման համար։

Բեռլինալեն աշխարհի առաջին դասի կինոփառատոների շարքում ամենաքաղաքականացվածի համարումն ունի: Այնպես որ՝ ոչ ոքի համար անակնկալ չէր իրանցի ազատազրկված ռեժիսոր Ջաֆար Պանահի «Փակ վարագույրը» ֆիլմի ներկայությունը հիմնական մրցութային ծրագրում: Իրանում ռեժիսորին արգելված է զբաղվել մասնագիտությամբ. Բեռլինալեն, ի նշան աջակցության, մի անգամ ազատ է թողել ժյուրիում Պանահի աթոռը։

«Փակ վարագույրում», որը ռեժիսորը նկարահանել է Կամբոզիա Պարթովիի օգնությամբ, մարդը փակված է ծովափնյա շքեղ առանձնատանը: Փակ են հսկայական պատուհաններն ու ցուցափեղկերը: Նա անգամ շանը թույլ չի տալիս դուրս գալ տնից՝ մեկուսացել է աշխարհից և սցենար է գրում: Հանդիսատեսին ներկայանում է գեղարվեստական մտքի ստեղծագործական լաբորատորիան, որում աչքի են ընկնում Պանահիի և նրա դերասանների սիրողական խաղը, կադրի, շարժման և դադարի բազմիմաստությունը։
Ֆիլմը Բեռլինում մեծ ոգևորություն չի առաջացրել, սակայն ժյուրին, սկզբունքային նկատառումներից ելնելով՝ Ջաֆար Պանահին մրցանակ է շնորհել լավագույն սցենարի համար: Բոլոր բարեմաղթանքներն ու հաճոյախոսությունները բաժին են ընկել Պարթովիին և դերասանուհի Մարիամ Մոհադամին։

Այս տարի Բեռլինում «պատշաճ ուշադրության» չի արժանացել Եվրոպայի ամենանշանավոր ռեժիսորներից մեկը՝ ավստրիացի Ուլրիխ Զայդլը: Նա իր «Դրախտ» եռագրությունը հավասարապես բաշխել էր երեք հիմնական փառատոների միջև. Կաննը տեսավ «Դրախտ. սերը», Վենետիկը՝ «Դրախտ. հավատը», իսկ Բեռլինին բաժին էր ընկել «Դրախտ. հույսը»:

Մրցանակի չեն արժանացել նաև ֆավորիտներ համարվող ամերիկացի Սթիվեն Սոդերբերգի «Կողմնակի ազդեցություն» ֆիլմը, որում նկարահանվել են աստղեր Ռունի Մարան, Քեթրին Զետա Ջոնսը, Չենինգ Տատումը, ինչպես նաև Կաննի «Ոսկե արմավենու» մեկ այլ դափնեկիր՝ ամերիկացի Գաս Վան Սենտը, որը Բեռլին էր բերել սոցիալական թեքումով «Ավետյաց երկիր» հոգեբանական դրաման, գլխավոր դերում՝ Մեթ Դեյմոն։

Չնայած Բեռլինալեի այս տարվա ամերիկա-ֆրանսիական շեշտադրման՝ առանց մրցանակների են մնացել մի շարք ֆիլմեր, որոնք ստեղծվել են կա՛մ Ֆրանսիայում, կա՛մ նրա հետ համատեղ արտադրություն են. Բրյունո Դյումոնի «Կամիլա Կլոդել» (Ժուլիետ Բինոշ), Էմանուել Բերկոյի «Գալիս եմ» (Կատրին Դենյով), Գիյոմ Նիկլուի «Միանձնուհին» (Իզաբել Յուպեր) ֆիլմերը։

Ամեն տարի Բեռլինում ցուցադրվում է շուրջ 400 ֆիլմ, որոնց մեծ մասը համաշխարհային և եվրոպական պրեմիերաներ են։ 2013թ. Բեռլինալեն ավարտված է, կինոգործիչները պատրաստվում են Կաննին։

Պատրաստեց Մարիա Հովսեփյանը

Մեկնաբանել