ՍիվիլՆեթի՝ տվյալների ստուգման ուղեցույցը

Էթիկական լրագրությունն ընկած է ՍիվիլՆեթի՝ ընթերցողների հետ ազնվության և վստահության հիմքում: Մենք ձգտում ենք բոլոր ժամանակներում պահպանել հուսալիությունն ու որակյալ լրագրությունը, հատկապես արագ զարգացող թվային աշխարհում: Նորությունների և տեղեկատվության անընդմեջ հոսքի պայմաններում վարքագծի որևէ կանոնագիրք կամ էթիկայի ուղեցույց չի կարող ամբողջապես բավարարել բոլոր իրավիճակների  պահանջները:

Սակայն առողջ դատողությունը, ողջամտությունը և բարոյական կողմնացույցը այն հիմքն են, որոնք ուղղորդում են մեր լրագրողներին։ Ականատեսների վկայությունները, լուսանկարները, տեսանյութերն ու ժամանակակից տեղեկատվական ցանցերի վիճակագրությունը ստեղծում են տվյալների հսկայական քանակ, որից պետք է ձևավորել արժանահավատ և վստահելի լուրեր։

Հաշվետու կերպով տվյալների հավաքագրումը, զտումը, ճշգրտումն ու վիզուալիզացիան գնալով ավելի ու ավելի մեծ զննության կենտրոնում են հայտնվում։ Դա էթիկապես ճիշտ անելու համար մեր լրագրողներից պահանջվում են որոշակի հմտություններ՝ որոնելու, հասկանալու և վիզուալիզացնելու թվային աղբյուրները, ինչն իր հերթին ձևավորում է մեծ ակնկալիքներ՝ ճշգրտության, թափանցիկության և հաշվետվողականության առումով, իսկ  ԶԼՄ-ների որոշ տեսակների համար՝ նաև այլ առումներով։ Տվյալների ստուգման հետևյալ ուղեցույցը պարբերաբար կթարմացվի՝ արտացոլելու տեխնոլոգիական փոփոխությունները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք ի հայտ են գալիս լրագրության ընթացքում։

Ճշգրտություն

ՍիվիլՆեթը, որպես հանրությանը տեղեկատվություն տրամադրող լրատվամիջոց, ճշգրտությունն ապահովելու պատասխանատվությունը դնում է իր անձնակազմի վրա՝ անկախ հանգամանքներից։ Առավելագույն վստահելիություն ունենալու համար ՍիվիլՆեթի լրագրողները շարունակ ձգտում են զարգացնել ճշգրտության ապահովման իրենց հմտությունները, ինչը կազմակերպության առաքելության հիմնարար սկզբունքներից է։

Սրան մեծապես պետք է նպաստի այն, որ տվյալների նախասկզբնական պատկերը ներկայացվի, որպեսզի նվազագույնի հասցվեն անձնական կողմնակալությունը և մակերեսային ենթադրությունները, որոնք կարող են շեղել սկզբնական նպատակը։

Երբ ներկայացվում են ականատեսների վկայություններ, կարևոր է նախ հաշվի առնել, թե ով է անհատը, ինչ կարող էր տեսնել ու լսել և ինչու էր գտնվում դեպքի վայրում։ Պետք է պարզորոշ նշվի վայրը, որտեղից ստացվել է մեջբերումը։ Եթե տեղեկությունը թարգմանված է, պետք է դա արվի ազնվորեն՝ հաշվի առնելով բնօրինակի լեզուն։ Այլ աղբյուրներից վերցված տեղեկատվությանը պետք է պատշաճ և ամբողջական հղում կատարվի, եթե մենք ի վիճակի չենք համապատասխան պատմությունը զարգացնել մեր տվյալների հիման վրա:

Նյութի ճշգրտությունը ստուգելու անհրաժեշտությունը կա նաև դրա հրապարակումից հետո։ ՍիվիլՆեթի լրագրողները պարտավոր են անհապաղ և հետևողականորեն ուղղումներ կատարել՝ խմբագիրների իմացությամբ։ Պետք է արվի առավելագույնը, որ ուղղումները հայտնվեն լրատվական նույն ցիկլում՝ ընդգծելով ուղղման փաստը: Այն դեպքում, երբ ուղղումը հնարավոր չէ լրատվական նույն ցիկլում, կազմակերպություններին ևս, որոնք օգտագործում են ՍիվիլՆեթը՝ որպես լրատվական աղբյուր, առաջարկվում է ուղղել տեղեկությունը։ Սովորաբար ուղղված լուրի ճշգրտության համար հարկավոր է վերանայել նախնական աղբյուրները, իսկ ուղղված տեղեկությունը հարկավոր է տեղադրել՝ հստակ նշելով, որ այն ուղղված է։

Թափանցիկություն

Թափանցիկությունը կարևոր է ինչպես տեղեկատվություն ստանալու, այնպես էլ այն ներկայացնելու համար։ Մեծամասամբ, Սիվիլնեթի լրագրողները բացահայտ ներկայանում են որպես լրագրող և հայտնում, որ տեղեկատվությունը պետք է իրենց նյութի համար։ Մենք չենք վճարում հարցազրույցների համար։ Եթե տեղեկատվությունը ստացվում է չհրապարակելու  պայմանով (off the record), ապա այն չի կարող հրապարակվել նյութում։  Եթե տեղեկատվությունը գալիս է անանուն աղբյուրից, ՍիվիլՆեթը հնարավորինս համապարփակ տեղեկություն կտրամադրի տվյալ անձի կամ կազմակերպության մասին, որպեսզի խուսափի հնարավոր որևէ կողմնակալությունից։

Եթե աղբյուրը չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի, մենք պետք է տեղեկատվությունը հնարավորինս վերստուգենք այլընտրանքային աղբյուրների հետ: Անանուն աղբյուրների դեպքում Սիվիլնեթի լրագրողները պետք է աղբյուրից ճշտեն, թե ինչպես է նա հավաստում տեղեկատվության արժանահավատությունը, ինչպես նաև պետք է հնարավորություն ունենանք հետագայում նույն աղբյուրից լրացուցիչ մեկնաբանություններ և տեղեկություններ ստանալու։ Տեղեկատվությունը չպետք է հրապարակվի, մինչև առնվազն մեկ այլ աղբյուրից այն չհաստատվի՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվությունը չափազանց մանրամասն է կամ ստացված է մեկ անձից, որի հեղինակությունը կասկածի տեղ չի թողնում։

Լրագրողները նյութում ոչ միայն պետք է արձանագրեն, որ աղբյուրը խնդրել է իր անունը չհրապարակել, այլև նշեն, թե ինչու է աղբյուրի անանուն մնալը անհրաժեշտ։ Անանուն կամ չբացահայտված աղբյուրների տարածման ողջ պատասխանատվությունը, ինչպես նաև այդ տեղեկատվության սխալ լինելու դեպքում հնարավոր հետևանքները կրում է ՍիվիլՆեթը։ Անանուն կամ չբացահայտված աղբյուրներից ձեռք բերված լուրը պետք է լինի նշանակալի և իրապես հրապարակման արժանի։

Քաղաքական առումով շահերի բախումից խուսափելու համար, ՍիվիլՆեթը որևէ կերպ չի խրախուսում իր լրագրողների քաղաքական գործունեությունը։ Եթե լրագրողն այնուամենայնիվ մտադիր է մասնակցել քաղաքական արշավի, ցույցի կամ առաջադրվել որևէ պաշտոնում, դրանից բխող ցանկացած հնարավոր խնդրի մասին պետք է հայտարարվի: Թեև լրագրողը կարող է ակնհայտ կամ քողարկված ունենալ քաղաքական կողմնակալություն կամ ներգրավվածություն, կարևոր է, որ հնարավորինս հստակ նշվեն լուրերի ներկայացման հնարավոր անհարթությունները, նույնիսկ եթե դժվար է տարանջատել անձնական տեսակետները տեղեկատվությունից։

Հաշվետվողականություն

Որպես քաղաքացիական լրագրության մեթոդների ջատագով և կիրառող կազմակերպություն՝ ՍիվիլՆեթը պետք է հաշվետու լինի հանրությանը: Մեր լրագրողները պետք է ձգտեն լինել ազնիվ և վստահելի մեր լսարանի համար և պահպանեն լուրի և կարծիքի միջև հստակ տարանջատումը։ Նրանք չեն կարող անել պնդումներ  կամ պատկերել մի իրավիճակ, որոնք ապակողմնորոշիչ են և ավելի շուտ հիմնված են ընդհանուր ենթադրությունների, քան փաստական ապացույցների վրա: Լրագրողները չեն կարող պնդել, որ իրենք մի վայրում են, որտեղ իրականում չեն: Նրանք պետք է հատկապես պատասխանատու լինեն անհատներին նշելու հարցում և զգույշ լինեն սոցիալական մեդիաներում նրանց օգտահաշիվները կամ հարթակները օգտագործելուց։ Տեղեկատվությունը չի կարելի հրապարակել առանց ստուգելու: Նույնիսկ փոքր ինչ կասկած հարուցող տեղեկատվությունը պետք է մանրամասն ուսումնասիրել։ Հատուկ շահեր հետապնդող խմբերի, քաղաքական հետազոտական կենտրոնների կամ դեղագործական ընկերությունների ֆինանսավորմամբ հրատարակված ուսումնասիրություններից ստացված տեղեկատվությունը հատկապես կարիք ունի մանրամասն զննության:

Մենք չենք կարող չարաշահել մարդկանց անունները, որոնք ակամա հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում: Նման մարդկանց վրա ցանկացած ուշադրություն չի կարող լինել ինքնանպատակ, այլ պետք է լինի բացառապես հանրային շահի տեսանկյունից։ Հատուկ զգուշությամբ պետք է վերաբերվել պատմություններին, որոնցում ներգրավված են երեխաներ՝ անկախ այն բանից՝ նրանք նյութում ուղղակիորեն հայտնվում են, թե ոչ։ Սիվիլնեթը լրագրողներից նաև ակնկալվում է բոլոր հանգամանքներում խուսափել որևէ անձի կամ խմբի կարծրատիպային նկարագրություններից։ Լրատվության ստեղծման գործում ներգրավված անձանց իրավունքները պետք է հաշվի առնել բոլոր մակարդակներում: Սիվիլնեթի լրագրողները պետք է հարգեն միմյանց, ինչպես նաև այլ լրատվամիջոցների լրագրողներին։ Մենք բացահայտ չենք քննադատում այլ լրատվամիջոցներին՝ անկախ նրանց հուսալիությունից կամ պատկանելությունից:

Հատուկ նկատառումներ մեդիա տեսակների համար

Թվային տեխնոլոգիաների աննախադեպ տարածման և դրան համընթաց տվյալների հսկայական հոսքի պայմաններում լրատվության և լրագրության բնույթն անընդհատ փոխվում է։ Քանի որ նորություններն անմիջապես գալիս են բազմաթիվ աղբյուրներից, ականատեսներից, բլոգներից և այլնից, այն կարող զտվել սոցիալական կապերի հսկայական ցանցի միջոցով։ Էապես աճել են սովորական մարդկանց կարողությունները համոզիչ կերպով փոփոխելու աուդիո և վիզուալ արտադրանքը: Փոփոխված մեդիայի տարածման հնարավորությունները սահմանափակումներ չունեն, և նույնիսկ ամենաաչալուրջ լրագրողները կարող են հավատալ այդ տվյալների հուսալիությանը։ Թեև անհնար է թվարկել տեխնոլոգիաներից բխող հնարավոր սխալներից խուսափելու բոլոր մեթոդները, բայց կան որոշ մեթոդներ, որոնք կարող են օգտակար լինել կոնկրետ մեդիա տեսակների հետ առնչվելիս։

Աուդիո
Դադարից ու ֆալստարտից բացի այլ բաների խմբագրումը կարող է վտանգել ձայնագրությունների կոնտեքստը կամ նպատակը։ Նույնիսկ չափազանց երկար դադարները պետք է խմբագրվեն խմբագրի թույլտվությամբ։

Բացի վերոնշյալ մանր խմբագրումներից՝ աուդիո ձայնագրությունները չպետք է փոփոխության ենթարկվեն: Դա կարելի է անել միայն զուտ տեխնիկական պատճառներով, այդ թվում՝ ձայնի տատանումների հարթեցում, աղմուկի նվազեցում և այլն։

Ձայնագրության առանձին կտորներ չպետք է հրապարակվեն, եթե դրանք դուրս են խոսքի իրական կոնտեքստից:

Պատկերներ

Պատկերի հակադարձ որոնումները թույլ են տալիս պատկերն ուղղակիորեն վերբեռնել որոնողական համակարգ, օրինակ՝ Գուգլ, և պարզել՝ ուրիշ որտեղ է այդ պատկերը առցանց հայտնվել։ Այդ համակարգերը կարող են գտնել նմանատիպ պատկերներ առցանց, ինչը լավ մեթոդ է պարզելու՝ նկարը փոփոխվել է, թե ոչ։

Հուսալի մեթոդ է եղանակի տեսության ստուգումը այն օրը, երբ արվել է լուսանկարը, և դրա համեմատությունը կոնկրետ եղանակի հետ: Սրա համար խորհուրդ է տրվում Վոլֆրամ Ալֆայի եղանակային որոնումը (Wolfram Alpha’s weather search)։

Պատկերում ներկառուցված տվյալների ուսումնասիրումը ևս կարող է դրա աղբյուրի մասին ավելի շատ տեղեկատվություն ապահովել։

Տեսանյութ

Տեսանյութի վերբեռնման սկզբնական ամսաթիվը պետք է ստուգվի, նախքան դրա հիման վրա լրատվության տրամադրումը: Որոնե՛ք նույն տեսանյութի տարբեր վերբեռնումներ՝ ստուգելու՝ արդյոք հիմնաբառերի, վայրի կամ այլ մանրամասների մասով հակասություններ կան, թե ոչ։

«Ամնեսթի Ինթերնեշնլ» կազմակերպության Citizen Evidence Lab ուղեցույցը, որը  կիրառվում է մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու, ստուգելու համար, կարող է արժեքավոր լինել նաև լրագրողների համար՝ բովանդակության ստուգման համար։

Հաշվի առնելով բոլոր նախորդ գործոնները՝ ՍիվիլՆեթը սահմանել է տվյալների ստուգման հետևյալ կանոնները.

Ճշգրիտ լրատվության ճանապարհին լրագրողները հաճախ իրենք կարող են լինել առաջին խոչընդոտը: Նրանք երբեմն հարմարեցնում են փաստերն իրենց գաղափարներին, այլ ոչ թե հակառակը։ ՍիվիլՆեթի լրագրողը պետք է միշտ խորանա և ներկայացնի իրական փաստերը՝ առանց դրանք խեղաթյուրելու։ ՍիվիլՆեթի լրագրողը չպետք է թաքցնի որևէ փաստ, որը համահունչ չէ իր գաղափարներին։

Լրագրողները միշտ ցանկանում են առաջինը հաղորդել տեղեկատվությունը  և պատմությունը։ ՍիվիլՆեթի համար ճշգրիտ լրատվությունն ավելի կարևոր է, քան արագ լրատվությունը։ Տեղեկատվությունը պետք է հաստատվի առնվազն երկու աղբյուրների միջոցով։

ՍիվիլՆեթն օգտագործում է անանուն աղբյուրներ միայն այն դեպքում, երբ տեղեկատվությունը հատուկ նշանակություն ունի, և հրապարակային աղբյուր հասանելի չէ։ ՍիվիլՆեթն ամբողջությամբ կրում է նման նյութ տարածելու պատասխանատվությունը։

Հաճախ հրապարակային աղբյուրներից ստացված տվյալները չեն համապատասխանում այլ աղբյուրների տվյալներին։ ՍիվիլՆեթը մշտապես համեմատում մի աղբյուրի տվյալները առկա այլ աղբյուրների հետ: Թե ինչպես օգտագործել այդ տվյալները, մնում է լրագրողի և խմբագրի առողջ դատողությանը:

ՍիվիլՆեթի լրագրողը պետք է քննողաբար մոտենա ստացվող ցանկացած տեղեկատվության ու տվյալի։