Իսպանիայի հավաքականը` Եվրո 2012-ի եզրափակչի առաջին մասնակից (տեսանյութ)

Եվրո 2012-ի կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականը 120 րոպե անհետաքրքիր ֆուտբոլ ցուցադրելուց հետո ետխաղյա 11 մետրանոցներով 4:2 հաշվով հաղթեց Պորտուգալիայի հավաքականին և դուրս եկավ եզրափակիչ:

Ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում թիմերից ոչ մեկը չկարողացավ գեթ 1 հարված կատարել մրցակցի դարպասին: Թեև խաղը բարձր տեմպով մեկնարկեց, վտանգավոր գրոհներն իսպառ բացակայում էին:

Ընդմիջումից հետո ո՛չ վտանգավոր պահ կար, ո՛չ վտանգավոր հարված, ո՛չ էլ տեմպ: Անհետաքրքիր ֆուտբոլ, ինչի մեծագույն մեղավորն, անկասկած, Իսպանիայի ընտրանին էր. Դել Բոկեի սաները, որ առանց բացառության հրաշալի տեխնիկա ունեն, հենց այդ տեխնիկայի հաշվին ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն գրոհներ կազմակերպելու փոխարեն, անիմաստ փոխանցումներով սպանում էին հանդիպումը: Եվ այդ ամենն այնքան ակնհայտ էր, որ տրբունաները չէին թաքցնում զայրութն ու յուրաքանչյուր հետ փոխանցում ուղեկցվում էր սուլոցներով:

Պորտուգալացիների սակավաթիվ գրոհներն ու հակագրոհները նույնպես արդյունավետ չէին, նրանց գործողություններում նույնպես զգուշավորություն էր նկատվում: Ամենավտանգավոր պահը, թերևս, տեղի ունեցավ 90-րդ րոպեին, երբ 4 պորտուգալացի հայտնվեցին 2 իսպանացի պաշտպանի առջև, սակայն Կրիշտիանո Ռոնալդուն չափազանց անտաղանդ հարված կատարեց:

Ընթացիկ առաջնությունում երկրորդ գոլազուրկ ոչ-ոքին գրանցվեց, բայց չի կարելի համեմատել Պորտուգալիա – Իսպանիա անհետաքրքիր հանդիպումն Անգլիա – Իտալիա ֆանտաստիկ դիտարժան խաղի հետ: Իտալացիները քառորդ եզրափակչի մեկնարկային րոպեներից մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը ջանք չէր խնայում գոլ խփելու համար, իսկ անգլիացիները հակագրոհները շատ ավելի սուր ու վտանգավոր էին, քան այս խաղի բոլոր գրոհները միասին վերցրած:

Եվ միայն լրացուցիչ առաջին խաղակեսի վերջնամասում Իսպանիայի հավաքականը սրեց խաղն ու 113-րդ րոպեին վտանգավոր հարվածը կայացավ պորտուգալացիների դարպասին: Խորդի Ալբան ձախ եզրով գերազանց անցում կատարեց, գնդակը փոխանցեց տուգանային հրապարակի կենտրոնում հայտնված Ինյեստային, ում հարվածից հետո Պատրիսիուն անհավանական սեյվ կատարեց:

Իսպանացիները հետզհետե ճնշումն ավելացնում էին, իսկ Բենտուի սաների մոտ հոգնածություն էր նկատվում: 111-րդ րոպեին Խեսուս Նավասն այս հանդիպման երկրորդ վտանգավոր հարվածը կատարեց, Պատրիսիուն կրկին մեծ դժվարությամբ փրկեց իր թիմին: Վերջին 10 րոպեի ընթացքում պորտուգալացիները պարզապես հեռացնում էին գնդակը սեփական տուգանային հրապարակից: Լրացուցիչ ժամանակում նույնպես գոլեր չգրանցվեցին և ամեն ինչ որոշվեց ետխաղյա 11 մետրանոցների արդյունքում:

Ռուի Պատրիսիուն ետ մղեց առաջին իսկ հարվածը, որը կատարում էր Խաբի Ալոնսոն, ապա Իկեր Կասիլյասը փայլեց Մոուտինյոյի հարվածից հետ: Ինյեստայի, Պեպեի, Պիկեի և Նանիի հարվածներից հետո հաշիվը դարձավ 2:2, Ռամոսը գերազանց հարվածով առաջ մղեց Իսպանիային, իսկ Ալվեշի հարվածից հետո գնդակը ետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Իսպանացիների որոշիչ հարվածը կատարեց Սեսկ Ֆաբրեգասը, նրա հարվածից հետո նույնպես գնդակը դիպավ դարպասաձողին, բայց հայտնվեց դարպասում: Իսպանիան հաղթեց 4:2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Գերմանիա – Իտալիա զույգի հաղթողի հետ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել