Սարյանի կտավները կցուցադրվեն Ուլյանովսկում՝ նկարչի բարեկամ Պլաստովի թանգարանում

Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում սեպտեմբերի 27-ին կբացվի Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ոլյանովսկի իշխանությունների կողմից նախաձեռնած ցուցահանդեսն իրականացվում է «Պլաստովյան աշուն» միջազգային ասամբլեայի շրջանակում:

Ցուցադրությունը նվիրված է ռուս նկարիչ Արկադի Պլաստովի 120-ամյակին: Ըստ կազմակերպիչների մտահղացման՝ նկարչի թանգարանում կայանալիք ցուցադրությունը Սարյանի և Պլաստովի արվեստի յուրահատուկ երկխոսություն է լինելու:

Ինչպես ՍիվիլՆեթին ասաց Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը՝ իրենց ընտրած 10 կտավներն արդեն Ուլյանովսկում են: «Մենք ընտրել ենք Վարպետի տարբեր տարիների աշխատանքներ հիմնական ցուցադրությունից, այդ թվում՝ նատյուրմորտներ, դիմանկարներ և բնապատկերներ»,-ասաց նա:

Ուլյանովսկում կտեսնեն հայ մեծ նկարչի «Ծովափին․ սֆինքս», «Հայուհին սազով», «Նատյուրմորտ․ պտուղներ», «Դեպի աղբյուր», «Մայիսյան ծաղիկներ», «Աշնանային մառախլապատ օր», «Արարատը երեկոյան», «Իլյա Էրենբուրգի դիմանկարը», «Կատարինե Սարյանի դիմանկարը», և «Երկիր» գեղանկարները:

Արկադի Պլաստովի թանգարանի տնօրեն Տատյանա Վերեշյագինան գրել է․«Հայտնի է, որ արվեստագետներին միավորել է երկարամյա ամուր ընկերությունը:

Կենսագրության ուսումնասիրության ժամանակ մենք ցնցվեցինք նրանց ճակատագրերի նմանությամբ, դրանք միահյուսված են բազմաթիվ նուրբ կապերով: Դա վերաբերում է ինչպես նրանց մանկությանը և ուսմանը, այնպես էլ մահվանը. երկուսն էլ կյանքից գրեթե միաժամանակ են հեռացել՝ իրենց ստեղծագործական կատարելության զենիթում»:

Մեկնաբանել