Նոր լուծումներ` TEDxYerevan 2012 «Փոփոխությանն ընդառաջ» կոնֆերանսում

Այսօր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հյուրընկալվել է երրորդ TEDxYerevan կոնֆերանսը` իր շուրջը հավաքելով ավելի քան 300 առաջատար մտածողների այնպիսի բազմազան ոլորտներից, ինչպիսիք են ճարտարապետությունը, արվեստը, կրթությունը, ձեռնարկատիրությունը և մի շարք այլ բնագավառներ:

Այս տարի կոնֆերանսի խորագիրն էր «Փոփոխությանն ընդառաջ»: TEDxYerevan 2012-ը բեմ բարձրացրեց 15 ոգեշնչող բանախոսների, ովքեր կիսեցին փոփոխությանը վերաբերող իրենց փորձն ու մտքերը տարբեր հարթություններում` այդ թվում անձնական, ինստիտուցիոնալ, սոցիալական և ազգային: Միջոցառման ընթացքում մի շարք հեռանկարներ են ընդգծվել` սկսած հանրային առողջության և անձնական կենսակերպի դաշտում փոփոխություն մտցնելուց մինչև կարծիքների և մտածողության բազմազանության կարևորությունը:

Kanjoya ընկերության հիմնադիր և ղեկավար Արմեն Բերջիկլին ներկայացրել է իրավիճակ, երբ փոփոխություն կատարելու ընտրություն չկա: Իր մոտ ընկերներից մեկի առողջական ծանր ախտորոշումն իմանալուց հետո Բերջիկլին սկսել է ստեղծել առցանց համայնքներ, որոնք կոչված էին հետազոտության և համագործակցության շնորհիվ պահպանել հույսը: Հիմա էլ նրա տարերքն է ստեղծել այնպիսի գործեր, որոնք կմիավորեն մարդկանց` բարելավելու միմյանց կյանքը, ինչպես նաեւ գտնել նոր ձևեր` տեխնոլոգիաները հուզական իրազեկման հասցնելու համար:

SarkissianMason ընկերության հիմնադիր և ղեկավար Պատրիկ Սարգսյանը խոսել է այն մասին, թե ինչպես պետք է մարտահրավեր նետել ու նվաճել փոփոխությունը: Սարգսյանը ցանկություն ունի վերստեղծել հայկական ինքնությունը եւ գտնել տեխնոլոգիաների միջոցով մարդկանց թրաֆիքինգը դադարեցնելու նորարար ձեւեր, ինչի համար 2012-ին հովանավորել է համաշխարհային մի դրամաշնորհ:

«Լույս» հիմնադրամի ղեկավար Ժաքլին Կարաասլանյանն օգնել է TEDx-ի մասնակիցներին կրթությունը կապել սոցիալական փոփոխության հետ: Կարաասլանյանը բացահայտել է փորձված ձևեր, թե ինչպես պետք է ոգևորել երիտասարդներին` մասնակցելու ապագայի կերտմանը: Իսկ առողջ ապրելակերպի կողմնակից Մադլեն Մինասյանը քննարկել է անառողջ սնվելու վտանգները:

TEDxYerevan2012-ը բեմ բարձացրել է նաև Հայաստանում մինչև հիմա ամենաերիտասարդ TEDx խոսնակին` 16-ամյա Մարկ Փափազյանին, ով տարբեր երկրներում ու մշակույթներում ապրելու և ճամփորդելու իր փորձի հիման վրա խոսել է փոփոխության հեռանկարի մասին: Խոսնակներից Կարեն Հակոբյանը ներկայացրել է յուրաքանչյուր առավոտը դիմավորելու հետաքրքիր մի ձև, իսկ Էմիլ Ասլանյանը և Սիմա Քաննինգհեմը զարգացրել են փոփոխության հասկացությունը արվեստի և ստեղծարարության տեսանկյունից: Նույն ոգով` ճանաչված լուսանկարիչ Արա Օշականը խորհեց ինքնության վավերագրական պատկերման շուրջ:

Այս ամենին զուգահեռ` հայտնի ճարտարապետ Բեռնարդ Խուրին մասնակիցներին ծանոթացրեց խնդրահարույց միջավայրերում տեղ գտնող փոփոխություններին ու միջամտություններին: Ունենալով միջազգային հեղինակություն և ճարտարապետական դիզայնի էականորեն բազմազան պորտֆոլիո` Խուրին խոսեց կոնֆլիկտային միջավայրերում փոփոխության հնարավորության մասին, և թե ինչպես է այն ազդում հասարակության վրա:

Մասնակիցները հնարավորություն են ունեցել խորհել այն մասին, թե ինչպես է փոփոխությունը ազդում հայ հասարակության վրա` որպես գլոբալ համայնքի մի մաս: Հաջողակ ձեռնարկատեր Դեյվիդ Բեքեթը ներկայացրել է, թե ինչպես Հայաստանում բնակվող ակտիվ հաճախորդների հասարակությունը կարող է փոխել սպասարկման ոլորտը երկրում, իսկ Սամվել Մարտիրոսյանը քննարկել է այն հարցը, թե ինչպես է սերունդների տարբերությունը ազդել կրթության վրա: Կոնֆերանսն ամփոփվել է Սևան Կաբակյանի` Հայաստանի մասին ոգեշնչող պատմվածքով:

TEDxYerevan 2012-ը մատուցել է նաև մի հիանալի պարային պլաստիկ ներկայացում «Միհր» թատրոնի կատարմամբ, ինչպես նաև հաղորդավար, երգիծաբան Սերգեյ Սարգսյանի անակնկալ բեմելը և TEDxKids@Yerevan 2012-ի մի քանի մասնակիցների հատուկ ելույթը:

Միջոցառմանն աջակցել են մի շարք կազմակերպություններ` այդ թվում պաշտոնական գործընկեր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Սինոփսիսը, Ստորակետ ճարտարապետական ստուդիան, ABBYY-ն, Այռեքս Հայաստանը, Mojo ըմպելիքները, Green Dayօրգանական խանութը-ը, Inn Serenity յոգայի կենտրոնը, PanArmenian Photo-ն, JurJur ընկերությունը և ArmNews TV-ն:

Մեկնաբանել