Ընտրությունները միայն հայելի են, համակարգն է պետք փոխել. Տիգրան Թորոսյան

Ընտրությունները կարող են շատ լավ հայելի լինել հասարակության և պետական ինստիտուտների, սակայն ինչքան էլ բարելավվեն ընտրությունների որակը, դրանք այս համակարգում որոշիչ չեն լինի, էական բաներ երկրի կյանքում չեն փոխվի. «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում նշեց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: «Հայելին ուզում եք՝ փոխեք, ուզում եք՝ կոտրեք, մեր պատկերը մնում է նույնը. դա պիտի փոխվի: Թույլ, չկայացած կուսակցություններով հնարավոր չէ ունենալ ոչ մի լավ արդյունք: Թիվ մեկ խնդիրն այսօր իրական բազմակուսակցականության ապահովումն է»,- ասաց նա: Թորոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանի կուսակցությունների մեծ մասն իրենց առաջնորդին հեռացնելուց հետո ոչ մի նշանակություն չի ունենա, և «նույնիսկ հիմա չունեն՝ իրենց առաջնորդով»:

«Նախագահական ընտրությունները ցույց տվեցին աղետալի պատկեր: Խորհրդարանական ընտրությունները սկզբում ցույց տվեցին, թե հիմնական քաղաքական կուսակցությունները ներկայացված են, բայց նախ մեկ նստաշրջան էլ չդիմացավ երկու ուժ՝ ՀԱԿ-ն էլ, «Ժառանգություն»-ն էլ փլուզվեցին: Իսկ հետո պարզվեց, որ երկրորդ ու երրորդ քաղաքական ուժերը չեն մասնակցում նախագահական ընտրություններին: Բացի դրանից, նախագահական ընտրություններին ներկայացված ծրագրերի մեծ մասն էլ չէր համապատասխանում հայաստանյան իրականությանը»,- ասաց նա:

Թորոսյանը վստահ է, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունների համար լուրջ վտանգ կա, և այն մեծանալու է մինչև մյուս ընտրությունները: Հիմա, ըստ նրա, իշխանություններն անպայման պիտի փոփոխություններ կատարեն. «Ստեղծեն ասպարեզ, որպեսզի նորմալ մարդիկ, որոնք կան, դեռ չեն վերջացել Հայաստանում նորմալ՝ գիտելիք ունեցող մարդիկ, գան ու աշխատեն»,- ասաց նա:

Տիգրան Թորոսյանը նշեց, որ խորհրդարանական ընտրություններից առաջ իրեն առաջարկել են աշխատել միասին. «Եվ դուք, թերևս, չեք կասկածում, որ եթե ես ուզեի, հիմա խորհրդարանում տեղ կունենայի, սակայն ես վստահ եմ, որ ես անելիք չունեմ նման խորհրդարանում, ավելի լավ է այլ գործ անեմ, երիտասարդների պատրաստեմ»,- նշեց նա:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ռազմավարությանը՝ նա ասաց. «Ես չեմ կասկածում Րաֆֆիի անկեղծությանը, բայց մի բան է ցանկությունը, մի բան է իրականությունը: Հիմա միայն մեկ ճանապարհ կա. իրական բազմակուսակցական համակարգի կայացումը»: Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ նրա, չպիտի ծայրահեղ կարևորի նախագահ դառնալու խնդրի այսրոպեական լուծումը, պայքարի շարունակման բազմաթիվ ուղիներ կան, սակայն, Թորոսյանի խոսքով, կարևոր է, որ ընտրվի միայն իրավական ուղին: «Բազմաթիվ հեղաղփոխություններ եղան՝ Վրաստանում, Ուկրաինայում, Եգիպտոսում… Տեսանք ինչ եղավ: Նրանց, որ գոռում-գոչյուններով բերում են իշխանության, երկու տարի անց նույն ձևով հեռացնում են: Միայն իրավական ճանապարհով է պետք աշխատել»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ շուտով Երևանի ավագանու ընտրություններն են, ինչը ևս պետք է օգտագործել:

«Պետք է գտնել այն հարթությունը, որի զորացումը կբերի և Րաֆֆու զորացմանը, և «Ժառանգության», և շարժման զորացմանը»,- ասաց նա՝ նշելով, որ ընտրությունների մասնակիցների մի մասը փչացրել է իր քվեաթերթիկը, և օրինակ, այդ քաղաքացիների վստահությունը շահելը պետք է լինի ընդդիմության խնդիրը:

Մեկնաբանել