Ինչ որ հնարավոր է վերցնել, պետք է վերցնել. Վահան Հովհաննիսյան

Ավագանու ընտրություններին մասնակցելու համար ոչ իշխանական ուժերը պետք է միավորվեն, և դա հիմա ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է. «Ա1+»-ի հյուրասրահում նշեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: «Իշխանության նկատմամբ դիրքորոշման աստիճանները կարող են տարբեր լինել՝ մեկը իրենով չափում է՝ ալտերնատիվ, մյուսները՝ ընդդիմություն, բայց էս հարցը շատ կարևոր է, որովհետև դա էն դաշտն է, որտեղ իսկապես կարելի է միավորվել. այստեղ քաղաքական-գաղափարական տարաձայնությունների խնդիր չկա: Երևանը՝ որպես քաղաք, կարող է կարգի բերել և լիբերալը, և սոցիալիստ-դաշնակցականը, և անկուսակցականը: Կարևորը ազնիվ լինեն, որ չգողանան, և պինդ լինեն, որ օլիգարխների ճնշմանը դիմանան»,- ասաց նա:

Վահան Հովհաննիսյանը վստահ է, որ միավորման համար նախադրյալները ստեղծվել են, սակայն քաղաքական ինտրիգը կարող է վերացնել նաև այս հնարավորությունը:

«Առաջնահերթ հարցն, իհարկե, լինելու է այն, թե ով է լինելու առաջին համարը: Եվ քանի որ քաղաքապետի հարց է, ընտրությունը նման է ոչ թե խորհրդարանական ընտրությունների, այլ՝ նախագահականի»,- նշեց նա:

Անդրադառնալով իշխանության առաջարկած միակ զիջմանը՝ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ինքը միանշանակ վստահ է, որ պետք է համաձայնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու առաջարկին, քանի որ «դա զիջում է, որը ցույց է տալիս, որ հաղթանակն այս փուլում իշխանությունն ընդունել է»: «Ուրեմն էդ հաջողությունից չօգտվելը քո սխալը կլինի: Հարցը, թե շատ են զիջել, թե քիչ են զիջել՝ ուրիշ է, բայց ինչ որ հնարավոր է վերցնել, պետք է վերցնել, որովհետև դա պլացդարմ է, դա հնարավորություն է հետագայի նոր հաջողության համար»,- ասաց նա:

Մեկնաբանել