Սեփականատիրոջ փոփոխություն` Հրազդանի ցեմենտի գործարանում

«Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունում տեղի է ունեցել սեփականատիրոջ փոփոխություն։ Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա լիմիտեդ» ընկերությունում այդ տեղեկատվությունը չեն մեկնաբանում։ Միաժամանակ «ՎՏԲ-Հայաստան բանկը» «Միկա ցեմենտի» ֆինանսական ծախսերը հոգալու համար ընդամենը երկու ամիս առաջ ստեղծված «Ցեմենտ սերվիս» անունով ընկերության համար վարկային գիծ է բացել։ Ապրիլի 1-ից, երբ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը հայտարարեց սնանկացման գործընթաց սկսելու մասին, լուրեր էին շրջանառվում, որ գործարարը ավիաընկերության պարտքերը մարելու համար պատրաստվում է վաճառել իր ակտիվները:

«ՎՏԲ-Հայաստան բանկը» հուլիսի 18-ին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ բանկը «Ցեմենտ սերվիս» ընկերության համար բացել է չվերականգնվող վարկային գիծ: «Բանկի կողմից տրված գումարի մի մասը «Ցեմենտ սերվիսն» ուղղելու է «Միկա ցեմենտ» ընկերությանը նպատակային փոխառություն տրամադրելուն՝ վերջինիս կրեդիտորական պարտքերի, այդ թվում՝ կոմունալ ծառայությունների գծով (աշխատավարձերի մասով և բնական գազի համար պարտավորությունների մարում), ինչպես նաև որպես դրամական միջոցների գրավ՝ ի ապահովումն «ՎՏԲ-Հայաստան բանկի» կողմից «Միկա ցեմենտի» պարտավորությունների կատարման ապահովման համար տրամադրվող բանկային երաշխիքների»,– նշված է հաղորդագրությունում:

Ըստ բանկի՝ վարկային գծի մի մասն էլ ուղղվել է «Միկա ցեմենտի»՝ ցեմենտի գործարանի գործարկման համար սարքավորումների կարգաբերման և այլ ծախսերի իրականացմանը։

«ՎՏԲ-Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն Յուրի Գուսևը նշել է, որ բանկը «Միկա ցեմենտի» հետ համագործակցում է արդեն մի քանի տարի: «Մեր նպատակն է վերագործարկել ցեմենտի արտադրությունը, օգնել գործարանին անցում կատարել ցեմենտի որակի ու ծավալների առավել բաձր մակարդակի»,– ասել է նա։

ՍիվիլՆեթի հարցին, թե արդյոք «Ցեմենտ սերվիսը» փոխկապվա՞ծ է Միխայիլ Բաղդասարովի հետ, և արդյոք նա՞ է վաճառել Հրազդանի ցեմենտի գործարանը, Բաղդասարովի «Միկա լիմիտեդ» ընկերության լրատվական ծառայությունում ասացին, որ «Ցեմենտ սերվիսը» կապ չունի Բաղդասարովի և «Միկա խմբի» հետ։ Ընկերությունում նշեցին, որ Բաղդասարովը չի ցանկանում մեկնաբանել վաճառքի վերաբերյալ տեղեկությունները։ «Գնորդն ինքն իրեն կբացահայտի, եթե այդպիսին կա»,– Բաղդասարովի խոսքը փոխանցեցին ընկերությունից: Այս պատասխանից մնում է ենթադրել, որ ընկերությունը վաճառվել է, բայց գործարարը դրա մասին չի ցանկանում մանրամասներ հրապարակել:

«ՎՏԲ-Հայաստան բանկի» հաղորդագրությունից և «Միկա լիմիտեդի» մեկնաբանությունից երևում է, որ իրականում տեղի է ունեցել Հրազդանի ցեմենտի գործարանի սեփականատիրոջ փոփոխություն։ Խնդիրն այն է, որ «Ցեմենտ սերվիսը», ըստ արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, գրանցվել է այս տարվա մայիսի 2-ին, հիմնադիրներն են ոմն Էդմոն Ամիրյան և Տիգրան Մարտիրոսյան։

ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ «Ցեմենտ սերվիս» ընկերությունը ստեղծվել է ցեմենտի արտադրության ոլորտի մի խումբ մասնագետների կողմից: Իրականում այդ ընկերությունը զբաղվում է Հրազդանի ցեմենտի գործարանի ֆինանսական և տեխնիկական կառավարմամբ ու չի հանդիսանում գործարանի սեփականատերը: Պարզ ասած՝ Հրազդանի ցեմենտի գործարանը կառավարման է հանձնվել «Ցեմենտ սերվիսին»:

Միխայիլ Բաղդասարովի կողմից Հրազդանի ցեմենտի գործարանը վաճառելու մասին լուրերը սկսել են շրջանառվել այն բանից հետո, երբ ապրիլի 1-ին նրան պատկանող «Արմավիա» ընկերությունը դադարեցրեց ավիափոխադրումները և հայտարարեց, որ սկսում է սնանկացման գործընթաց։ Ըստ ՍիվիլՆեթի աղբյուրների՝ «Արմավիայի» վարկերի մարման և ինքնաթիռները գրավից հանելու համար Բաղդասարովը քննարկում էր «Միկա ցեմենտի» վաճառքը։ Գործարարը դեռ 2008թ. փորձում էր Հրազդանի ցեմենտի գործարանը վաճառել ռուսական «ՌԱՏՄ–Ցեմենտ հոլդինգին», սակայն գործարքն այն ժամանակ տեղի չունեցավ։

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել