Ապագա սպան` երկու գեներալների միջև

Գեներալ-լեյտենանտ Քրիստաֆոր Իվանյանի և գեներալ-լեյտենանտ Վալերիան Մադաթովի անունները ծանոթ են գրեթե բոլոր հայ դպրոցականներին: Երկու գեներալների անուններն էլ ասոցացվում են Արցախի հետ: Իվանյանն Արցախյան պատերազմի մասնակից է, Արցախի հերոս, իսկ Մադաթովը ծագում է Արցախի Ավետարանոց գյուղից:

Հայրենական պատերազմին փայլած զորավար Իվանյանը խորհրդային գեներալ էր, Արցախյան պատերազմի սկզբին արդեն թոշակի անցած, որը լքեց Սանկտ Պետերբուրգի իր բարեկեցիկ կյանքը՝ տեղափոխվելով պատերազմող Արցախ: Իվանյանին բարի հուշերով են հիշում պատերազմի ժամանակ և հետպատերազմյան բանակաշինության ընթացքում նրա հետ առնչված զինվորականները, բնակչությունը: Գեներալ Իվանյանը դարձել է Արցախում ռազմական կրթության խորհրդանիշը և իզուր չէ, որ նրա անունով են կոչվում Ստեփանակերտի ռազամական ուսումնարանը, ժամանակին ուսումնական զորամասեր պարունակող Իվանյան քաղաքը: Արցախի հերոս Իվանյանը պատշաճ հարգանքի և պատվի է արժանացել Արցախում, նրա անունը կրող ուսումնարանում սովորող սանը հայրենասիրության արդեն իր նախատիպն ունի՝ ի դեմս հայոց բանակի հրաշագործ ծերունու:

Արցախի Վանք գյուղում գործարար Լևոն Հայրապետյանի գումարներով նոր ռազմական ուսումնարան է կառուցում, որը կրելու է Սուվուրովի և Մադաթովի անունները: Արցախի Ավետարանոց գյուղից ծագող Վալերիան Մադաթովը Վարանդայի մելիքների շնորհիվ հայտնվել էր ռուսական արքունիքում, ռազմական կրթություն ստացել, մեծ ծառայություններ մատուցել ցարի գահին: Ղարաբաղը ռուսական կայսրության մաս դառնալուց հետո Մադաթովը դարձել էր Ղարաբաղի, Շաքիի և Շիրվանի զինվորական-նահանգային կառավարիչ և իսկական չարիք դարձել հայ մելիքների և բնակչության համար: Նա հենվել էր մահմեդական խաների վրա՝ Արցախի ազատ բնակիչներին աստիճանաբար զրկելով հողից և ճորտացնելով, նպաստել էր մահմեդական ցեղերի Արցախում հաստատվելուն: Արցախի բնակչությանը, հայությանը ահռելի վնասներ և արհավիրքներ պատճառած ռուսական այս գեներալը, այնուամենայնիվ, տեղ է գտել մեր պատմության դասագրքերում, իսկ Ռուսաստանում գործարարությամբ զբաղվող Լևոն Հայրապետյանն էլ փորձում է իր կառուցվելիք ուսումնարանին տալ նաև Մադաթովի անունը: Հնարավոր է, որ Ստեփանակերտի ռազմական ուսումնարանն ամբողջովին տեղափոխվի Վանք գյուղ և Իվանյանի անունը կրող հաստատությունը վերածվի Սուվուրով-Մադաթովի անվան ռազմական հաստատության:

Այս դեպքում ինչպե՞ս պետք է դաստիարակվի ուսումնարանի սանը, հայոց բանակի պոտենցիալ սպան: Ո՞վ պետք է լինի հայրենասիրության նրա իդեալը: Միգուցե հայատյաց Մադաթո՞վը, որն Արցախում ուժեղացրեց մահմեդական տարրի դիրքը և թուլացրեց հայերին՝ հայ գյուղացիների և մելիքների կողոպուտի հաշվին հսկայական հարստություն դիզելով: Իսկ Իվանյա՞նը: Գուցե Իվանյա՞նն էլ հիշատակվի որպես «էքստերմիստների» կողմն անցած գեներալ, էքստրեմիստներ, որոնց գործունեության շնորհիվ նաև քանդվեց «սովետական հայրենիքը» և թշնամանք հաստատվեց «եղբայրական ադրբեջանական ժողովրդի» հետ:

Մեկնաբանել