4 մարտ, 2014 18:19

Մահացել է Էրդողանի ընկեր և թուրքական ֆուտբոլի լեգենդ Ալեքսան Տատյանը

Թուրքիայում տեղի է ունեցել թուրքական ֆուտբոլի նշանավոր դեմքերից մեկի՝ դարպասապահ Ալեքսան Տատյանի հուղարկավորությունը: Այս մասին հաղորդում է թուրքական Milliyet թերթը, որը «Լեգենդար դարպասապահ Ալեքսան Տատյանի հողարկավարությունը» վերնագրով հոդված է հրապարակել:

Milliyet-ի հաղորդմամբ՝ Ալեքսան Տատյանը սերում է Տատյանների այն նշանավոր գերդաստանից, որը մեծ ծառայություն է մատուցել Օսմանյան կայսրությանը: Տատյանների ընտանիքի անդամները Օսմանյան կայսրությունում երկար ժամանակ զբաղեցրել են վառոդապետի (բարութչուբաշու) պաշտոնը:

Դարպասապահ Ալեքսան Տատյանը ընկերական հարաբերությունների մեջ է եղել Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Էրդողանն ու Տատյանը ծանոթացել են ֆուտբոլային խաղերի ժամանակ և սկսել են ընկերություն արել:

Ալեքսան Տատյանը խաղացել է «Բեյքոզ», «Սարըյեր» և «Թաքսիմսպոր» թուրքական ֆուտբոլային ակումբներում: Ալեքսան Տատյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել մարտի 3-ին՝ Ստամբուլի Երեք խորան հայկական եկեղեցում: Հուղարկավորությանը մասնակցել են Թուրքիայի սպորտի, գործարար ու արվեստի աշխարհի ներկայացուցիչներ: Ալեքսան Տատյանի ընտանիքին ցավակցել է Թուրքիայի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Աքիֆ Չաղաթայ Քըլըչը՝ նշելով, որ Տատյանը թուրքական ֆուտբոլի ամենահաջողակ դարպասապահներից էր: Շիշլիի թաղապետ, կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մուքադեր Բաշեղմեզը նույնպես ցավակցել է Ալեքսան Տատյանի ընտանիքին: