4 նոյեմբեր, 2014 13:50

Դավութօղլուն ընդդեմ Դավութօղլուի

davutoglu«Ակօս» թերթում լույս է տեսել քաղաքագետ Բասքըն Օրանի «Դավութօղլուն ընդդեմ Դավութօղլուի» վերտառությամբ հոդվածը: Վերջինում հեղինակը ներկայացնում է 2000-ականներին Դավութօղլուի շնորհիվ Թուրքիայի ձեռք բերած դիվանագիտական հաջողությունները և դրանք հակադրում ներկա շրջափուլում նրա արձանագրած արտաքին քաղաքական տապալումներին: Հոդվածը թարգմանաբար և որոշ կրճատումներով  ներկայացված է ստորև:

Արտաքին քաղաքականության ոլորտում Դավութօղլուն սկզբնական շրջանում չափազանց լավն էր, իսկ այժմ` չափազանց վատը:

Դավութօղլուի արտաքին քաղաքականության առաջին փուլը

Մինչև 2011թ. Դավութօղլուի արտաքին քաղաքականությունն աննախադեպ փայլուն էր: Այդ մասին ես բազմիցս գրել եմ: Առաջին անգամ, ի տարբերություն Թուրքիայի նախկին կառավարությունների, Մերձավոր Արևելքի արաբական երկրների հետ բազմակողմանի ակտիվ քաղաքականություն որդեգրվեց, այնպիսի քաղաքականություն, որը չէր օտարում ու վանում արաբական այդ երկրներին: Երկրորդ, սովորական դարձած ռազմական սպառնալիքի քաղաքականության փոխարեն սկսվեց «փափուկ ուժի» մոտեցում ցուցաբերվել: Փոխադարձաբար վերացվեցին այցագրային ռեժիմները: Հարևանների հետ նախկինում մշտապես լարված հարաբերությունները քայլ այլ քայլ կարգավորվեցին: Կարգավորելով  հարևանների հետ հարաբերություննները և օգտագործելով  միջազգային հարաբերություններում առկա նպաստավոր մթնոլորտը` արտաքին քաղաքականությունը  սկսեց մեծ հավանության արժանանալ նաև դրսում:

Անվերջ կարող եմ թվարկել. Թուրքիան 2008թ. ռեկորդային` 151 ձայնով, առաջին փուլով ընտրվեց Անվտանգության խորհրդի անդամ: 2009թ. Դավութօղլուի`  Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններն ինքնին իրադարձություն էին: Այնուհետ Եվրամիությունը սկսեց գովասանքի խոսքեր հնչեցնել Թուրքիայի հասցեին: Թուրքիան ընդգրկվեց թե՛ համաշխարհային տնտեսության մեջ հաջողության խորհրդանիշ համարվող Մեծ քսանյակում, թե՛ զարգացող MIST-ում [կազմակերպությունը ներառում է Մեքսիկան, Ինդոնեզիան, Հարավային Կորեան և Թուրքիան - ՍիվիլՆեթ]: Որպես մուսուլմանական և միաժամանակ աշխարհիկ-ժողովրդավարական երկիր` Թուրքիան հռչակվեց «մոդելային երկիր», որը մեծ հույս էր ներշնչում աշխարհին:

2010թ. իրանական միջուկային ճգնաժամի ընթացքում Թուրքիան Բրազիլիայի հետ համատեղ միջնորդական առաքելությամբ հանդես եկավ: Թուրքիան նախաձեռնեց նաև Իսրայելին և Սիրիային հաշտեցնելու քաղաքականություն: Միայն 2009-2012 թթ. Թուրքիան բացեց 29 նոր դեսպանություն և հյուպատոսություն:

Հաջողության հիմնական գրավականները

2004-2011 թթ. Թուրքիայի կողմից Երրորդ աշխարհի երկրների զարգացմանն ուղղված  5,5 միլիարդ դոլարի տրամադրումն իհարկե կարևոր էր, սակայն պրոֆեսոր Դավութօղլուի արտաքին քաղաքականության հաջողության հիմնական գրավականը նրա 91 անգամ վերահրատարակված «Ռազմավարական խորություն» գրքի չհնացող և պարբերաբար թարմացվող գաղափարների կիրառումն է.

  1. Իրադարձությունների հետևից վազող արտաքին քաղաքականության փոխարեն, պրոակտիվ քաղաքականության կիրառումը այն ժամանակ, երբ դեպքերն արդեն զարգացած են:
  2. Որպես այդ քաղաքականության կիրառում` սպառանալքի փոխարեն «փափուկ ուժի»  օգտագործում:
  3. Փափուկ ուժի շնորհիվ «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության իրականացում:
Ռազմավարական խորություն

Դավութօղլուի հաջողությունները պայմանավորված են ոչ թե նրա գրքի գաղափարները կյանքի կոչելով, այլ դրանք կյանքի չկոչելով, քանի որ Դավութօղլուի գիրքը լեցուն է  այնպիսի գաղափարներով, որոնք կարող են մտահոգել հարևաններին: Օրինակ, Հերքյուլ Միլասը «Թուրքական արտաքին քաղաքականությունը» գրքում ուշադրություն է հրավիրում հետևյալ հարցերի վրա: Գիրքը Օսմանյան կայսրության հետնորդ է համարում միայն մուսուլմանական երկրներին: Դրանում ներառված չեն քրիստոնեական պետությունները: Իսկ մուսուլմանական երկրներին նայում են շատ վերևից` «Մեծ եղբոր» վարքագծով, ինչը 1990-ականներին Միջին Ասիայում լուրջ դիմադրության հանդիպեց:

Նացիստական Գերմանիան, որպես զավթողական քաղաքականության պատրվակ, օգտագործում էր lebensraum հասկացությունը [կենսական տարածք]: Այդ նույն գաղափարը բացահայտորեն օգտագործվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ:

Այս ամենից հետևում է, որ Թուրքիան` որպես աշխարհագրական կարևոր տարածք զբաղեցնող, հզոր պատմություն ունեցող երկիր, հանդիսանում է հիմանդիր տարրը և ավելին է, քան տարածաշրջանային ուժը: Այն համաշխարհային ուժ է ներկայացնում իրենից և ունի նախասահմանված դեր Pax Ottomana-ի` օսմանյան նախկին տարածքներում խաղաղություն հաստատելու գործում:

Դավութօղլուի «Արդարություն և զարգացում» կուսակցության` իշխանություն գալուց առաջ 2001թ. հրապարակված գիրքը ԱԶԿ-ի համար բացառիկ նշանակություն ունեցավ, քանի որ Դավութօղլուն շունչ հաղորդեց կուսակցությանն իշխանության բերած անատոլիական գյուղաքաղաքային կապիտալիզմին, որն արտահանման շնորհիվ հզորացրել, դարձել էր ուժ, սակայն չէր կողմնորոշվում` ինչ անել: Այսպիսով, անցյալի` Օսմանյան ժառանգության վեհացման ճանապարհով կհառնի փայլուն ապագան:

Նույնն էր, ինչ 1930-ականներին «թուրքին» բարոյական արժեք տալու համար ներարկվում էր գաղափարը, թե «մի թուրքը մի աշխարհ արժե»: Սակայն այդ շրջանում, երբ խեթերի հիման վրա կառուցում էին «ոսկե անցյալը», իսլամի խոր ազդեցության տակ գտնվող Թուրքիայի բնակչին դա թվում էր շատ արհեստական, շատ հեռավոր մի բան, այդ իսկ պատճառով էլ սառն էր վերաբերվում այդ գաղափարին: Դա չէր հենվում դեռևս մարդկանց հիշողություններում կենդանի Օսմանյան կայսրության վրա:

Եթե Դավութօլուն իր արտաքին քաղաքականությունը կառուցեր այս գրքի հիման վրա, ԱԶԿ-ի քաղաքականությունը հենց սկզբից կտապալվեր, որովհետև բալկանյան ու մերձավորարևելյան իրականությունները միանգամայն տարբեր են միմյանցից: Արևմուտքի միջոցով Օսմանյան կայսրությունից անջատված Բալկանները և հատկապես Մերձավոր Արևելքի պետությունները բացարձակ խանդավառված չեն իրենց գլխին ունենալ նոր` թուրք-իսլամական մեծ եղբորը:

2000-ականների երկրորդ կեսի` Թուրքիայի արտաքին քաղաքականության մինչ այժմ ամենահաջող շրջանից հետո, այն շարունակում է իր ֆիասկով ապրել: 2011թ. Արաբական գարնան մեկնարկելուն պես կարծես ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Անհավատալիորեն կրկին անցում կատարվեց բիրտ ուժի քաղաքականությանը:

Անվերջ կարող եմ թվարկել. Վրաստանից և Բուլղարիայից բացի` չմնաց մի երկիր, որի հետ Թուրքիան խնդիրներ չունենա: Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններն աղբը նետեցինք, Իրաքի հետ առաջացավ տարածքային ամբողջականության խնդիրը, խառնվեցինք Եգիպտոսի ներքին գործերին, Իսրայելի հետ կոկորդ էինք կրծում, օտարեցինք ամբողջ Արևմուտքը: Հնարավոր բոլոր ճշնշումները գործադրելով` փորձեցինք տապալել Սիրիայի իշխանություններին, դրանով իսկ Սիրիային  մեր դեմ հանեցինք:

Ընդամենը վերջերս գերիների հարցում ընդհարվեցինք Դանիայի հետ, իսկ բնական գազի հարցով` Կիպրոսի և Հունաստանի: Այժմ, Իսրայելը և Ռուսաստանն այդ երկրների հետ համատեղ զորավարժություններ են իրականացնում: Ներկայում Մերձավոր Արևելքի կարևորագույն երկրներում` Իսրայելում, Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, չունենք արտակարգ և լիազոր դեսպաններ: Հայաստանի հետ չունենք նույնիսկ դիվանագիտական հարաբերություննր: Կրկին դիմեցիք Անվտանգության խորհրդին` անդամակցության համար, այս անգամ պարտություն` ընդամենը 60 ձայն:

2011թ. հետո Էրդողանը, որը ներքին քաղաքականության մեջ դարձել է «միակ մարդը» և դեկտեմբերի 17-25-ի իրադարձություններից հետո ամեն ինչ իր դեմ դավադրություն է համարում, արտաքին քաղաքականությունը հանգեցրել է մի խնդրի. ուժով տապալել Ասադին:

Միջազգային հարաբերությունների մասնագետ, պորֆեսոր, վարչապետ Դավութօղլուն էլ համակարծիք է Էրդողանի հետ. թուրք զինվորը ցամաքով պետք է մտնի Սիրիա և տապալի Ասադին:

Այդ ընթացքում ISIS-ը, որը պայքարում էր Ասադի տապալման համար, ստացավ զինական օգնություն, իսկ մարդասպանների ոհմակը, ի նշան երախտագիտության, գրավեց Մոսուլի թուրքական հյուպատոսարանը: Սակայն Սիրիայի և ISIS-ի վերաբերյալ թուրքական ֆիասկոներն այդչափ չէին կարևորվի, եթե չգար ու չհարվածեր մեր սրտին` խաղաղության գործընթացին [նկատի ունի թուրք-քրդական հաշտության խնդիրը - ՍիվիլՆեթ]:

Թուրքիան հարևաններից անցավ ու հայտնվեց «միայն խնդիր» դրության առջև:

Ո՞րն է Դավութօղլուի իրական ոճը: Radikal-ի լրագրող Թարհան Էրդեմը չի կարողանում դա հասկանալ ներքին, իսկ ես` արտաքին քաղաքականության մեջ: Իսկ միակ բանը, որ ես հասկանում եմ, այն է, որ այսպես չի կարող շարունակվել: