7 մայիս, 2015 11:30

Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ 89-րդն է 141 երկրների շարքում

UntitledՀայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ զբաղեցրել է 89-րդ տեղը 141 երկրների շարքում. այսպիսի տվյալներ է բերում «2015թ. զբոսաշրջության մրցունակության զեկույցը», ասված է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի հաղորդագրության մեջ:

Ըստ Զբոսաշրջության մրցունակության համաթվի՝ Հայաստանի դիրքը 2013թ. հետ համեմատ 10 կետով նվազել է: Զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկրների ցանկը 2015թ. գլխավորում են Իսպանիան, Ֆրանսիան և Գերմանիան:

Հայաստանն արդեն 6-րդ անգամ է ներգրավվում Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող Զբոսաշրջության մրցունակության զեկույցում:

Հայաստանի դիրքը՝ ԱՊՀ և հարավկովկասյան երկրների համեմատ

 ՌԴ 45

Վրաստան 71

Ադրբեջան 84

Ղազախստան 85

Մոլդովա 111

Ղրղզստան 116

Տաջիկստան 119

Հայաստան 89

2015թ. վերոնշյալ երկրների խմբում զբոսաշրջության բնագավառում ամենամրցունակ երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը (45-րդ տեղ)` բարելավելով իր դիրքերը 2013թ. նկատմամբ 18 տեղով:

Զեկույցում ասված է, որ չնայած Հայաստանի դիրքի նվազմանը՝ առկա են որոշակի դրական զարգացումներ զբոսաշրջության մրցունակության բնագավառում, մասնավորապես, սպասարկման ենթակառուցվածքի ցուցանիշներով` հյուրանոցների տեղերի քանակ և վիզա քարտեր ընդունող բանկոմատների թիվ: Բարելավում են արձանագրել նաև զբոսաշրջության տվյալների համապարփակության, գնողունակության համարժեքության և վառելիքային գների մակարդակի ցուցանիշները:

Մարտահրավերների թվում, որոնք խոչնդոտում են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի մրցունակության աճին, նշվում են.

- Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների ընդհանուր վիճակի ու պահպանման ցածր

մակարդակ

- Զբոսաշրջության առաջմղմանն ուղղված մարքեթինգային ջանքերի ցածր

արդյունավետություն

- Ավիատոմսերի բարձր հարկեր և օդանավակայանի վճարներ

- Անձնակազմի վերապատրաստման ցածր աստիճան և որակյալ աշխատուժի պակաս

***

Զբոսաշրջության մրցունակության համաթիվը, որը համակողմանիորեն գնահատում է երկրների մրցունակությունը զբոսաշրջության բնագավառում, բաղկացած է 4 ենթահամաթվերից, որոնք հաշվարկվում են 14 հենասյուների գնահատականների հիման վրա: Ենթահամաթվերն են՝ Զբոսաշրջությանն աջակցող միջավայր, Զբոսաշրջության քաղաքականություն և աջակցող պայմաններ, Զբոսաշրջության ենթակառուցվածքներ, Զբոսաշրջության մշակութային և բնական ռեսուրսներ:

Զբոսաշրջության համաշխարհային մրցունակության զեկույցն առաջին անգամ հրապարակվել է 2007թ. մարտի 1-ին Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից (ՀՏՖ): ՀՏՖ-ն երկրների զբոսաշրջության մրցունակությունը գնահատելու նպատակով մշակել է Զբոսաշրջության մրցունակության համաթիվը: