15 հոկտեմբեր, 2015 10:08

«Հայաստանը կարող է լավ հարթակ լինել ԵՏՄ-Իրան համագործակցության համար»

12170_am_2Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 14-ին կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են հայ-իրանական համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, էներգետիկայի ոլորտի ծրագրերի իրականացմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում գործակցության խորացմանը:

Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին գոհունակություն են հայտնել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կընթանան և կավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի՝ 2018-ին: Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է այս ծրագրի իրականացումը, քանի որ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը հնարավորություն կտա Հայաստանին 2018-ից ավելացնել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալը:

Անդրադարձ է եղել նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հետ կապված հետագա քայլերին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը և ԵՏՄ-Իրան հարաբերութուններին առնչվող հարցերի: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարող է լավ հարթակ լինել ԵՏՄ-Իրան համագործակցության համար և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցելու ԵՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանն ու տնտեսական գործակցության զարգացմանը:

Հովիկ Աբրահամյանն ու Էսհաղ Ջահանգիրին անդրադարձել են նաև ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին՝ երկուստեք կարևորելով դրանց դերը տարածաշրջանային համագործակցության բարելավման և միջանցքի երկայնքով տնտեսական աճի ապահովման հարցում: