21 ապրիլ, 2016 15:42

Օր 21-րդ

war line of contact karabakh pensionerԿուզեք «ավանակ» ասեք, կուզեք՝ «գրաստ», որ ավելի փափուկ ու կիրթ հնչի, ես ասում եմ «էշ»: Մեր մեջ էշացում կա: Մենք խոսում ենք հաճելի բաներից, որ լավ զգանq, մենք ասում ենք «հաղթանակ», որ գոհ լինենք: Մենք կորցրել ենք պինդ, ուժեղ, լավ տղաներ ու տղամարդիկ, բայց էլի չենք արթնանում: Ի՞նչ լինի էլ, ինչքա՞ն զոհ, ի՞նչ վիշտ, որ ձայն հանենք` իրական, զգաստացնող ձայն, ոչ թե նկարների տակ հեծկլտանք:

Հաղթանակը ես գիտեմ ինչ է, տեսել եմ նույնիսկ: Կարողանում եմ զգալ հաղթանակը: Փորձ ունեմ: Հաղթանակից, եթե միանշանակ ուրախ չէ, գոնե հաստատ հանգիստ են լինում: Ինչո՞ւ ուրախ չենք, ինչո՞ւ հանգիստ չենք: Ի՞նչ մի ներքին ցենզոր ենք աշխատացնում` ասելով, թե տխուր բաներից խոսելը մարդկանց ընկճելու միտում ունի:

Արդեն քսանամեկերորդ օրն է: Մենք մի բանանավաճառի հրաժարական ենք տեսել դեռ` այն էլ այլոց փրկելու համար հավանաբար, այն էլ զավակներն ապահով թռան Փարիզ: Մերոնք մնացին: Քսանմեկերորդ օրն է: Մենք չենք բռնել ոչ մեկի պիղծ ձեռքը, որոնց պատճառով անպաշտպան են եղել մեր զինվորները: Կա՞ մի քաղաքական գործիչ, որը մեզ ուղեցույց լինի` «ինչ անել» կամ «ինչպես անել»: Կա՞ մի համարձակ, բայց խելացի մարդ, որ ասի` ինչպես և ուր գնանք, ու հարցնենք` «ո՞վ քեզ իրավունք տվեց ունենալ ութսունականների զենք, երբ դիմացդ քսաներեքերորդ դարի զենքեր են»: Չկան այդ գործիչները: Չունենք:

Ուրեմն մնում ենք մենք: Միգուցե սոցցանցերը փակենք ու դո՞ւրս գանք: Ու էլ ներս չգանք, մինչև մեզ բացատրեն կամ համոզեն, որ արաբաների փոխարեն տանկեր ունենք արդեն քսաներեքերորդ դարի:

Պատերազմը չենք զգում: Մաշկով, ուղեղով, ողնուղեղով` ոչ մի տեղով չենք զգում: Կարդում ենք «լայնածավալ հարձակում» արտահայտությունն այնպես, ինչպես, ասենք, «սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ամպամածություն»: Խուճապը վատ բան է: Այսչափ չխուճապը՝ էշություն:

Հո՞ղ, թե՞ զինվոր: Ամենասոսկալի ընտրությունն է: Ոչ մեկի բերանը չի բացվի` բարձրաձայն ընտրել դրանցից մեկը: Բայց վկան լինել առողջ, ամուր, շատ ջահել տղաների սոսկալի մահերին ու ցնցվել միայն մի քանի օր` այն էլ սոցցանցերում, անբացատրելի հոգեկան վիճակ է: Մի զինվորը իր մահով չափերով այսքան փոքր երկրում պետք է ցնցում լիներ, կատաղություն ծներ, իսկ հարյուրը երևի պիտի դառնար չլռեցվող ձայն: Ես մի անգամ տեսել եմ լավագույնների մահը ու գիտեմ, թե դրանից հետո ովքեր են դառնում օրենսդիր, նախագահ, վարչապետ, նախարար, նաև մտավորական:

Հող հանձնել չի կարելի: Զինվորին քսաներեքերորդ դարի զենքով փրթել չի կարելի: Էշանալ չի կարելի: Ընտրություն համարյա չունենք: Մարդ որ ելք չի ունենում, ոռնում է: Ոռնալ էլ չենք փորձում, որ մեր ոռնոցով որևէ մեկին սթափեցնենք: Բանանավաճառի հրաժարականն ու անիրական արտգործնախարարին հեռակա վիրավորելը խաղաղ օրերի համար էր:

Հանրապետականները կանչում են պաշտպանության նախարարին ու նիստ անում համատեղ: Մեզ ոչ ոք չի ասում` ինչ էր ասում պաշտպանության նախարարը, ինչ էր հարցնում հանրապետականը: Մենք էլ ֆբ-ում այդ ժամանակ դատաբժշկական փորձաքննության էինք ենթարկում Արգիշտի Գաբոյանի հանձնված մարմինը: Գոնե մի րոպե զգանք` ինչի մասին ենք խոսում: Դա քսան օր առաջ էր: Դա կարող է կրկնվել: Ի՞նչ փոխվեց երկրում, որտեղ պատերազմ եղավ ու դեռ կարող է լինել: Ոչինչ չի փոխվել: Քաղաքական ոչ մի ուժ չուզեց հարց տալու պատասխանատվությունը վերցնել իր վրա: Իրե՞նց ինչ: Իրենք կփախչեն: Փողոցում ոչինչ չի փոխվել: Մարդիկ զբոսնում են, հեծանիվ են քշում, առևտուր են անում. շաբաթ օրը Հյուսիսային պողոտայի մի մասում զոհվածի ընտանիքի համար դրամահավաք էր, մյուս մասում՝ օճառի պղպջակների ֆլեշ մոբ: Սա պատերազմ տեսած քաղաքի կեցվածք չէ:

Մեր ոգու մասին կա´մ հետո խոսենք, կա´մ թողնենք` ուրիշները խոսեն: Ոգու մասին խոսելը երբեք ուշ չի լինելու: Բայց դեռ կենդանի տղաների մասին խոսելը կարող է ուշ լինել:

Զինվորականները կաշկանդված են, լրագրողներին սեղմում է ներքին ու արտաքին ցենզորը, մարդիկ, որոնք զինվոր չունեն, փորձում են իրենց շեղելու համար խոսել ոգուց ու ապրիլի քսանչորսին տեղալիք անձրևի մասին: Ժողովո´ւրդ, միա´կս, տեղ–տեղ՝ սիրելի´ս, «լայնածավալ պատերազմ» որ ասում են, կարող է շատ ավելի վատ բան նշանակել, քան նշանակեց: Մեզնից հիմա պետք է վախենային նրանք, ովքեր հին տանկերի մեջ կռվի հանեցին, ինչպես պարզվեց, այդքան լավ տղաներին, ավելին՝ բանակից խուսափող տղաներին, որոնք չորս օրում լավագույն զինվորի պես կռվեցին:

Պատերազմը բռնի հերոսացնում է, սպանում ու հերոսացնում է: Կյանքը բթացնում է: Ջահել աղջիկները հերոս տղաներ են ուզում, կոչեր են անում, տղա չունեցող կանայք բաժակաճառեր են արտասանում սոցցանցերում, խելոք տղամարդիկ լռում են կամ քիչ են խոսում, անխելքները սարսափելի շատախոսում են, իսկ հարցը` գլխավոր ու վատ հարցը, որի համար մեզնից պետք է որ վախենային, բայց չվախեցան, մնում է չհնչած, մնում է կիսաձայն հնչած` ինչո՞ւ մեր տանկերը հին էին, ու մեր տղաները մոխրացան դրանց մեջ, ինչո՞ւ փամփուշտը վերջացավ, ինչո՞ւ անօդաչու սարքերը մոծակի պես վխտում էին, իսկ մերը միայն նկարող էր, ինչո՞ւ էր հարձակումն անսպասելի: Այս հարցերը բթացնելու դեպքում մենք դառնալու ենք հանցակից նրանց, ովքեր հանգիստ արտասանեցին, որ մեր զենքը հին է…

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: