31 մայիս, 2016 15:58

«Գազպրոմը» հունիսին բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ

SOCAR և Գազպրոմ ընկերությունների նախագահներ Ռովնագ Աբդուլլաևի ու Ալեքսեյ Միլլերի բանակցությունները, արխիվային լուսանկար: SOCAR և Գազպրոմ ընկերությունների նախագահներ Ռովնագ Աբդուլլաևի ու Ալեքսեյ Միլլերի բանակցությունները, արխիվային լուսանկար:

«Գազպրոմ» ռուսաստանյան գազային հսկան հունիսին բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ ռուսաստանյան գազի հնարավոր մատակարարումների շուրջ. այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ընկերության վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:

«Ադրբեջանական կողմը հետաքրքրված է, և մոտ ժամանակում, հնարավոր է, Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ, մենք հերթական հանդիպումը կանցկացնենք և կհստակեցնենք ադրբեջանական կողմի պահանջարկը,- ասել է Մեդվեդևը: - Դատելով նրանից, ինչ տեսնում ենք, Ադրբեջանում կա ռուսաստանյան գազի պահանջարկ»:

Պաշտոնյան նշել է, որ ընկերությունն «ուշադիր է վերաբերվում երկարաժամկետ կոնտրագենտների» (պայմանադիր կողմ) խնդրանքներին և հավելել, որ «Գազպրոմն» ունի «հնարավորություններ, ռեսուրսներ և տրանսպորտային կարողություններ»՝ Ադրբեջան գազ առաքելու համար:

Ավելի վաղ՝ մայիսի 11-ին, Ադրբեջանի SOCAR նավթագազային պետական ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը հայտարարել էր Ռուսաստանից տարեկան 3-5 մլրդ խմ գազ գնելու մտադրության մասին:

2015թ. սեպտեմբերի 20-ին «Գազպրոմը» սկսել է գազ մատակարարել Ադրբեջանին: Մատակարարումների օրական միջին ծավալը կազմել է 6 մլն խմ գազ: Մատակարարումն իրականացվում է անցյալ տարվա սեպտեմբերին հինգ տարի ժամկետով (երկարաձգման հնարավորությամբ) կնքված առուվաճառքի պայմանագրի համապատասխան: