22 հունիս, 2016 14:11

«Գազպրոմն» ի վերջո մտավ Վրաստան

Gazprom Georgia GazkoՀունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը և վրացական «Գազկո+» մասնավոր ընկերության առևտրային տնօրեն Գիորգի Մամալաձեն ստորագրել են ռուսական գազի առուվաճառքի վերաբերյալ գործարք:

Ինչպես հաղորդում է «Գազպրոմի» պաշտոնական կայքը, ըստ համաձայնագրի՝ 2016թ. ՌԴ գազային հսկան վրացական ընկերությանը կմատակարարի 100 մլն խմ գազ: Գործարքն ուժի մեջ կլինի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ:

Գործարքին անդրադարձել են ինչպես ռուսական, այնպես էլ վրացական լրատվամիջոցները:

«Գազի մատակարարումների դրամայնացման շուրջ պաշտոնական Թբիլիսիի հետ պայմանավորվելու ապարդյուն փորձեր կատարած «Գազպրոմը» սպառման այլընտրանքային ալիք է գտել և 100 մլն խմ գազ վաճառել «Գազկո+» մասնավոր ընկերությանը»,- գրում է ռուսական «Կոմերսանտը»՝ հավելելով, որ Վրաստանում համաձայնագիրն ընդունվել է որպես քաղաքական դեմարշ և տեղեկացնելով, որ գազը մատակարարվելու է Արևմտյան Վրաստանի բնակիչներին:

Գիորգի Մամալաձեն և Ալեքսեյ Միլլերը կնքում են գործարքը Գիորգի Մամալաձեն և Ալեքսեյ Միլլերը կնքում են գործարքը

Մինչդեռ վրացական civil. ge կայքը տեղեկացնում է, որ «Գազկո+» ընկերությունը հայտնի է Սամեգրելո արևմտյան շրջանի Սենակի փոքր քաղաքում իր գործունեությամբ. 2007-ից ի վեր ընկերությունը գազ է մատակարարում տնային տնտեսություններին և այլ սպառողների: 2015թ. Սենակիում ընկերությունը մատակարարել է 3,5 մլն խմ գազ:

Civil.ge-ն ընդգծում է, որ Գիորգի Մամալաձեն ՌԴ քաղաքացի է և «Գազկո+»-ի ընդամենը 10 տոկոսի բաժնետերն է, մնացած բաժնեմասը պատկանում է Իրակլի Բիցաձեին, որն ունի ՌԴ և Վրաստանի քաղաքացիություն:

«Գազպրոմի» և վրացական մասնավոր ընկերության գործարքը քննադատել է Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության թեկնածու, Վրաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեն, որի համոզմամբ՝ կառավարությունը փորձում է շրջանցիկ ուղիներով Վրաստան ներմուծել «Գազպրոմի» գազի ավելի մեծ ծավալներ՝ օգտագործելով մասնավոր ընկերություններ:

Մեղադրանքը, ըստ civil.ge-ի, հերքում են վրացական իշխանությունները, որոնց պնդմամբ՝ իրենք «որևէ առնչություն չունեն» գործարքի հետ և կդիմեն պատշաճ քայլերի, եթե ռուսական գազի մասնաբաժինը վրացական շուկայում հասնի «ռիսկային մակարդակի»:

«Դրանք համեմատաբար փոքր ծավալներ են, սակայն եթե ավելանան…, և ռիսկի աստիճանը բարձրանա, մենք համապատասխան քայլերի կդիմենք»,- հունիսի 17-ին ասել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին:

«Որքանով տեղյակ եմ՝ գործարքը դեռ չի ավարտվել»,- նույն օրն ասել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին ու նշել, որ իրենք դեռ «չեն տեսել համաձայնագիրը և չգիտեն, թե ուր են ուղղվելու գազի ծավալները, եթե գործարքն ավարտին հասցվի»:

ՌԴ գազային հսկայի և վրացական մասնավոր ընկերության գործարքին արձագանքել է նաև Բաքուն. SOCAR Energy Georgia-ի գլխավոր տնօրեն Մահիր Մամեդովը, ըստ Trend գործակալության, հայտարարել է, որ այդ համաձայնագիրը չի անդրադառնա Վրաստան SOCAR-ի մատակարարումների վրա, քանի որ Ադրբեջանի և Վրաստանի միջև ընթացիկ համաձայնագիրը ներառում է ընդհուպ մինչև 2030թ. ընկած ժամանակահատվածը՝ ֆիքսված ծավալներով:

***

2007թ-ից Վրաստանը «Գազպրոմ» ընկերությունից գազ չի գնում, սակայն անցյալ տարի Վրաստանում սկսել է ակտիվորեն քննարկվել գազային հսկայի հետ բանակցությունների թեման. դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ 2015թ. սեպտեմբերի վերջին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը Բրյուսելում քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությունը և Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան անցնող գազատարով երկնագույն վառելիքի տարանցման ծավալի ավելացումը:

Այդ բանակցությունները խիստ քննադատել էր վրացական ընդդիմությունը՝ պարբերաբար անցկացնելով բողոքի ակցիաներ և հայտարարելով, որ դրանք սպառնում են Վրաստանի քաղաքական և էներգետիկ անկախությանը:

2015թ. վերջին «Գազպրոմը» Թբիլիսիի առաջ տարանցվող գազի դիմաց ոչ թե հումքով, այլ գումարով վճարելու պահանջ էր դրել, որը Թբիլիսին չէր ընդունել: 

Վրաստանը տարեկան սպառում է մոտ երկու մլրդ խմ բնական գազ: Վրաստանի գազի հիմնական մատակարարը Ադրբեջանն է: Երկիրը Ռուսաստանից ստանում է Հայաստան մատակարարվող գազի ընդհանուր ծավալի 12 տոկոսը՝ որպես տարանցման դիմաց վճար:

Ստելլա Մեհրաբեկյան