Միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող․ Սեյրան Օհանյան

Seyran OhanyanՀայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, անկախությունն ապահովելն է: Միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այս մասին օգոստոսի 9-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում գտնվող զորամաս և դիրքեր այցելության ժամանակ։

«Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացում ենք մենք տեսնում, և այդ ակտիվացման մեջ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահ երկրները, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ այսօր աշխատանք են տանում, որպեսզի ԼՂ համակարտության խնդիրը լուծվի միայն ու միայն խաղաղ և քաղաքական ճանապարհով: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի իրականության մեջ այն նպատակը, որ մենք այսօր ունենք՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնորոշումը, ազատ, անկախ ապրելը Հայաստանի Հանրապետության հետ լայն համագործակցության և լայն կապի շրջանակներում ապրելը․․․ որպեսզի այդ նպատակին մենք կարողանանք հասնել: Ես միշտ ասել և այսօր էլ ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության վտանգի ենթարկվելու պայմաններում, այսինքն ագրեսիայի ևս մեկ անգամ սանձազերծման պայմաններում, և՛ Պաշտպանության բանակը, և՛ համագործակցության շրջանակներում հայկական բանակն ամեն ինչ անելու են, որ Ղարաբաղի յուրաքանչյուր թիզ հողը պաշտպանվի»,- ասել է Օհանյանը:

Նա նաև ասել է, որ Ռուսաստանի կողմից տրված 200 մլն դոլար վարկի շրջանակներում բոլոր պայմանագրերը ռուսական կողմի հետ կնքված են, և զենքի մատակարարումը Հայաստան արդեն սկսվել է՝ առանց, սակայն, մանրամասնելու, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը․ «Ինչ վերաբերում է այն հարցին, որն իրականության մեջ շրջանառության մեջ է արդեն երկար ժամանակ՝ վարկի տրամադրմանը Ռուսաստանի Դաշնությունից և դրա շրջանակներում սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռք բերմանը, գրեթե ամբողջությամբ պայմանագրերը կնքված են, համաձայնեցված են, ներպետական գործընթացները ավարտված են: Ամբողջությամբ այդ համաձայնությունները կան, աշխատանքները ընթացքի մեջ են: Դեռ ավելին՝ առկա միջոցներից, նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում սպառազինության ներկրումն այսօր ընթացքի մեջ է և իրականացվում է: Ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտի հետ մենք համագործակցություն ենք իրականացնում, հատկապես ժամանակակից միջոցների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ձևավորման համար: Ես գտնում եմ, որ գոյություն ունեցող պայմանագրերը մեր ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցության շրջանակներում մանրակրկիտ ուսումնասիրվել, վերլուծվել են, և այդ ժամանակահատվածի համար բավականին լուրջ աշխատանք է կատարվել, և չէր կարող Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնպես աներ, որ այդ պայմանագրերում մեր շահերը լիարժեք ընդգրկված չլինեին: Եվ կարծում եմ, որ, հաշվի առնելով այդ ամենը, մեր ռազմավարական գործընկերը իր պայմանագրային պարտականությունները կատարելու է՝ եթե Հայաստանի Հանրապետությունը ագրեսիայի ենթարկվի»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում։

Մեկնաբանել