21 սեպտեմբեր, 2016 10:20

Իմ սերնդի անզուգական կատարումը

Ես համալսարանն ավարտել եմ  պատերազմի ժամանակ: Համարյա ամեն ամիս  իմ ընկերներից մեկի մահվան լուրը հասնում էր քաղաք՝ օրվա ամենատարբեր ժամերի:

Երբ ես համալսարանն ավարտում էի՝ համալասարան ընդունվելու ուրախությունից ոչինչ չէր մնացել: Կեցության անտանելի թեթևությունն աննկատ անցել էր՝ առանց հրաժեշտի հատուկ արարողության:

Ես համալասարան ընդուվել եմ 1987-ին, խորհրդային երկիրը քանդվելու վկան, մասնակիցը ու երջանկությունը վայելող սերնդի մեջ էի՝ հետագայում հայտնի դարձած, զոհված, չզոհված, սպանված, սպանող սերնդակից ընկերներիս մեջ տարիքով ամենափոքրը՝ առաջին կուրսի ուսանող: 1987-ի սեպտեմբերից մինչև փետրվարի 20-ն ընկած հատվածը մնաց իմ հիշողության մեջ` որպես կեցության անտանելի թեթևության շատ կարճ ժամանակ, որտեղ նույնիսկ ընտրած ֆակուլտետից իմ հիասթափությունը ընդամենը տարիքին բնորոշ կոկետ նիհիլիզմ էր, ուրիշ ոչինչ ու խաղ՝ ալարկոտ, թեթև, կոկետ խաղ ամեն ինչում:

1987-ի սեպտեմբերի 1-ը Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում մնաց որպես կեցության անտանելի թեթևության մի կտոր, որի ամենալուրջ ցավը նախօրեին Գնունի փողոցի «Կոշիկի տնից» գնված հարավսլավական 35 համարի կոշիկի ցավն էր, որովհետև բնությունը ինձ ստեղծել էր 37 չափսով, բայց խորհրդային կոշիկի խանութը 37-ի հնարավորություն չպարգևեց այդ օրը, իսկ ես այնպես ուզում էի սիրուն լինել ուսանողական առաջին սեպտեմբերի 1-ին: 1987-ի սեպտեմբերի 1-ին ես համալասարան մտա երկու համար փոքր սպիտակ ու սիրուն հարավսլավական կոշիկով:

88-ի փետրվարի 20-ից մենք ուրախ էինք, անսահման ուրախ, սահմանափակ պատասխանատվության տարիքում և երկիրն ու ամեն ինչը փոխելու անսահմանափակ նկրտումներով: Մենք ինքնուրույն երկիր էինք ուզում ու ստեղծում՝ ով ինչպես կարող էր: Մենք սիրեցինք ու հոգ տարանք միմյանց հանդեպ ինչքան կարողացանք: Հետո սկսվեց կռիվը…

2016-ի սեպտեմբերի 8-ին դիմորդ աղջկաս հետ մտնում եմ համալսարան: Հասկանում եմ, որ ավարտելուց հետո համալսարանում չեմ եղել՝ առանց հատուկ որոշման: Ընթացքում հասկանում եմ, որ հաստատ խուսափել եմ լինել այնտեղ, որտեղից շատ անվերադարձ գնացին լավ ընկերներս:

Իսկ ընկերներս, ինչպես պարզվեց այս տարիների ընթացքում, լսարաններ են դարձել․ իրենց անուններով լսարաններ կան հիմա համալսարանում: 2016-ի սեպտեմբերի 8-ին ես ինձ զգում եմ ժամանակը հետ ու առաջ տարվող եվրոպական խուճուճ կինոյի պերսոնաժ, բայց շփոթված էի շատ, ու սա դեր չէր, սա լուրջ վիճակ էր: Դիմորդ աղջկաս գոյությունն էլ մի տեսակ անհասկանալի իրականություն էր. չէ՞ որ մենք դեռ շատ ջահել ենք, մենք անկախություն պահանջած սերունդն ենք…

Իսկ հետո մտանք այն աշխատասենյակը, որտեղ մեզ սպասում են: Աշխատասենյակում մեզնից բացի՝ առաջին կուրսեցու տեսքով մի սիրուն աղջիկ էլ կար: Մեզ խնդրեցին սպասել մի քանի րոպե: Միացնում ենք մեր հեռախոսները ու ընկղմվում Ֆեյսբուքի մեջ, մինչ առաջին կուրսեցու տեսքով աղջիկը իր հարցերն ավարտի: Դասախոսի ու նրա զրույցից միայն հասկանում եմ, որ աղջիկը փորձում է վերականգնվել մագիստրատուրայում: Ինձ դա հետաքրիր չէ: Նորից մտնում եմ Ֆեյսբուք: Այդ ընթացքում դասախոսը հեռախոսով ինչ-որ հարցեր է լուծում ու հեռախոսով զրուցակցին ասում է՝ «այս աղջիկը՝ այսինչ այսինչյանը, թողել է մագիստրատուրան պայմանագրային զինվորական ծառայության անցնելու պատճառով, հիմա վերադարձել է և ուզում է վերականգնվել»: Մանրամասները չեմ պատմում:

Այնքան կտրուկ ու ոչ դիվանագիտորեն եմ գլուխս բարձրացնում ու նայում աղջկան, որ ինքը ստիպված փորձում է դեմքով ինչ-որ բան ասել ինձ ու ժպտում է․ ժպիտի բովանդակությունը մոտավորապես սա էր՝ «դե, սենց…»:

․..Դե, սենց… Երբ ես համալսարանն ավարտում էի՝ պատերազմ էր ու 1992 թվականը…

Սեպտեմբերի 16-ին կենտրոնի խանութներից մեկում ցերեկվա երեքի կողմերը ուժեղ պայթյուն ու զարկեր լսվեցին: Խանութի աշխատող աղջիկները վախից իրար անցան: Փորձեցի հանգստացնել ու համառոտ ձևակերպած նախադասությունս այսպես շարադրվեց՝ մի՛ վախեցեք, անկախության փորձ են անում… Ուզում էի ասել՝ անկախության օրվա շքերթի փորձ են անում, ու համազարկն էլ փորձնական է, բայց ստացվեց «անկախության փորձ»…

Քսանհինգ տարի տևած փորձը պետք է որ շռնդալից բեմել ունենա… Պետք է որ…

Հեգնենք ու փնովենք բոլոր նրանց, ովքեր աղավաղեցին իմ սերնդի՝ սահմանափակ պատասխանատվության տարիքում ունեցած կարգին երազանքը, բայց չհեգնենք երբեք «անկախություն» բառը, որովհետև մոռացվող մի բառ կա՝ «ամոթ»-ը․ ամոթ է հեգնել անկախությունը… Վստահ եմ, որ ամոթ է… Նույնքան, որքան ամոթ է քսանհինգ տարի տևող անկախության փորձը: Փորձերն ու նկարահանումներն ավարտվում են՝ «բոլորիդ շնորհակալություն, բոլորդ ազատ եք» նախադասությամբ… Թող հանկարծ այդպես չավարտվի մեր փորձը: Կկորչեն գրողի ծոցը կամաց-կամաց բոլոր նրանք, ովքեր տրորեցին մեր սերնդի «անզուգական կատարումը»… Կգա ինտերնետի սերունդը, ու կկայանա լսարանի վերածված ընկերներիս երազանքը:

Լուսանկարը՝ Ռուբեն Մանգասարյանի

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: