6 հոկտեմբեր, 2016 13:15

Որտե՞ղ է ընտրակեղծարարության կենտրոնը

Հայաստանում հաճախ ընտրակեղծարարության հիմնական մեղադրանքը դրվում է ժողովրդի վրա, ինչն իրականությունից շատ հեռու է: Այս մեղադրանքի հիմնական տարածողներն իշխանական մեդիաներն ու դրանց արբանյակներն են: Իրականում, ընտրակեղծարարության հիմնական կազմակերպիչն ու պատասխանատուն իշխանությունն է, որի արդյունքներից էլ հիմնականում օգտվում են իշխանավորները:

Ավելին ընտրակեղծարարության ամբողջ գործընթացը կազմակերպվում է մեկ կենտրոնից, կոնկրետ՝ Բաղրամյան 26-ից: Այդ գործընթացի մաս են կազմում նաև պետական այլ ինստիտուտներ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Տարածքային ընտրական հանձնաժողով, ոստիկանություն, ՏԻՄ իշխանություն։ Բաղրամյան 26-ում նստած Ձեզ հայտնի մարդը համակարգում է ընտրակեղծարարությունը, որպեսզի կարողանա պահել իր իշխանությունը: Առանց ընտրակեղծարարության նա չի կարող շարունակել իր կառավարումը:

Սեպտեմբերի 18-ի և հոկտեմբերի 2-ի հիմնական ընտրակեղծարարությունը եղել է ուրիշի փոխարեն քվեարկելը, որի պատճառով էլ ուռճացվել են Հանրապետական կուսակցության ձայները։ Ուռճացնելով իրենց ձայները՝ Հանրապետականները փոխել են նաև բոլորի ստացած ձայների հարաբերակցությունը:

Հայաստանում ժողովուրդը երբեք էլ իշխանություններին ձայն չի տվել: Հենց այս պատճառով էլ հանրապետականները դիմում են ընտրակեղծարարության։ Իհարկե, որոշ մարդիկ վաճառում են իրենց ձայնը, բայց նրանք մեծամասնություն չեն։ Եթե մեծամասնություն կազմեին, ապա Հանրապետականը ստիպված չէր լինի լցոնումներ կամ այլ կեղծիքներ կատարել:

Հասարակության մեծամասնությունը միշտ էլ ազնիվ վարքագիծ է դրսևորում, սակայն կազմակերպված մի խումբ (այս պահին՝ ՀՀԿ-ն), կեղծում է ընտրությունները։ Ներկայացնենք սա պարզ թվերով.

2013-ին Սերժ Սարգսյանը ստացել էր մոտ 861 հազար ձայն, բոլոր մնացած թեկնածուները միասին՝ 605 հազար:

Համոզված եմ՝ 605 հազար ձայնի համար կաշառք չի բաժանվել, կամ դրանք կեղծված թվեր չեն, իսկ այ Սերժ Սարգսյանի ձայները մոտ 500-550-ով ուռճացված են, Սարգսյանին տրված «իրական» ձայները 300 հազարին մոտ են, որ ներառում է նաև կաշառքով ընտրողներին։ Կաշառքով և իսկապես Սարգսյանին ընտրողների թիվը միասին 33 տոկոս է, այսինքն՝ բացարձակ մեծամասնությունը Հայաստանում արդար ընտրություններ է կատարում:

Նույնիսկ կեղծարարության դեպքում ՀՀԿ-ի «ձայները» շարունակում են նվազել: ՀՀԿ-ն Վանաձորում 2012-ին «ստացել» էր 21 312 ձայն, իսկ 2016-ին՝ 14 889: Նույնիսկ փոխված Ընտրական օրենսգրքով իբր հեշտացրել էին իրենց գործը, բայց էլի չկարողացան միանգամից հաղթել. Գյումրիում Բալասանյանը 2012-ին «ստացել» էր 27 500 ձայն, 2016-ին՝ 14 987:

Նման պայմաններում պետք է հասկանալ, որ ընդդիմադիր կուսակցություններն  առանց ազատ ու արդար ընտրությունների պահանջի շուրջ միավորվելու հաղթելու շանս չունեն։ Միայն սեփական կուսակցության ձայները պահելը չի լուծում ազատ և արդար ընտրությունների խնդիրը, որովհետև ՀՀԿ-ն, կեղծելով իր թվերը, փոխում է նաև ձայների հարաբերակցությունը, ավելի կոնկրետ՝ ընդհանուր ընտրությունները կեղծ են դառնում, իսկ կեղծ ընտրություններում միշտ իշխանությունն է հաղթում:

Պառլամենտական ընտրություններից առաջ ՀՀԿ-ն երկու խոշոր քաղաքներում ընտրակեղծարարության շնորհիվ ստացել է ընդամենը 38 տոկոս, Գյումրիում զոռբայությամբ փորձում են Բալասանյանին նշանակել քաղաքապետ, իսկ Վանաձորում դեռ հայտնի չէ՝ ինչ կլինի։ Սրանք ՀՀԿ-ի ձախողման նշաններ են։

Վերջին զարգացումները գալիս են փաստելու, որ ՀՀԿ-ն շարունակում է կորցնել ոչ միայն հանրության աջակցությունը, այլև իշխանության մի մասը՝ տեղական մակարդակում: Ճիշտ է՝ դա փոքր մաս է, սակայն երկարաժամկետ հեռանկարում դա կարևոր ազդեցություն կունենա քաղաքական գործընթացների վրա:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: