11 նոյեմբեր, 2016 11:17

«Գազպրոմը» բանակցում է Իրանի հետ Հայաստան գազի ծավալներն ավելացնելու շուրջ․ Կոմերսանտ

Այսօր Մոսկվայում «Գազպրոմի» ղեկավարության և Իրանի նավթի փոխնախարարի հանդիպմանը հնարավոր է քննարկվի Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ նշելով, որ ներկայում Հայաստանի գազատրանսպորտային համակարգը վերահսկում է «Գազպրոմը»։

«Ներկայում «Գազպրոմը» գազ է մատակարարում Հայաստանին Վրաստանի տարածքով, տարանցման վերաբերյալ համաձայնագրի ժամկետը լրանում է այս տարեվերջին, ընդ որում՝ «Գազպրոմը» ցանկանում է տարանցման գնի նվազեցում։ Իրանի հետ բանակցությունները կարող են ամրապնդել «Գազպրոմի» դիրքերը և ավելացնել ճնշումը Վրաստանի վրա», - գրում է «Կոմերսանտը»։

Պարբերականը նշում է, որ ռուսաստանյան գազային հսկան չի շտապում մտնել իրանական շուկաներ։

Այսօր Մոսկվայում Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանի Նիյան բանակցություններ կանցկացնի «Գազպրոմի» հետ՝ համոզելու ռուսաստանյան ընկերություններին մտնել իրանական նավթագազյին նախագծերի մեջ։

Իրանն օրերս ստորագրել է առաջին գործարքը, որով օտարերկրյա ներդրողները վերադառնում են երկրի նավթագազային ոլորտ․ ֆրանսիական Total-ը ստացել է 50,1% «Հարավային Փարս» հսկայական հանքավայրի 11-րդ բլոկում, չինական CNPC-ն՝ 30%, իրանական նավթագազային ընկերության (NIOC) ճյուղ Petropars-ի մոտ մնացել է 19,9%։ Գործարքը պետք է փակվի հաջորդ տարի, ներդրումների ծավալը գնահատվում է $4,8մլրդ, արդյունահանման ծավալները՝ տարեկան մոտ 20 մլրդ խմ գազ։

Պարբերականը նշում է, որ ամերիկյան նավթագազային ընկերությունները նույնպես չեն շտապում մտնել Իրան։