25 նոյեմբեր, 2016 16:33

Կարեն Կարապետյանի նժդեհականացման պատճառները

Նոյեմբերի 24-ին կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել և նշեց այդ որոշման հիմքում ընկած 7 պատճառ:

Նժդեհականների շարքերը համալրելու՝ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումն առաջին հերթին սպասելի էր 2017թ. խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Թե՛ Կարեն Կարապետյանը, թե՛ ՀՀԿ-ի ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ նշել են, որ նա կարող է լինել վարչապետ նաև խորհրդարանական ընտրություններից հետո:

Եթե հավատանք նրանց խոսքերին, ապա այդ դեպքում Կարեն Կարապետյանը պետք է մասնակցի սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ զբաղեցնելով հանրապետականների նախընտրական ցուցակի առաջին կամ երկրորդ համարները: Առավել հավանական է երկրորդը, քանի որ առաջին հորիզոնականը կարող է զբաղեցնել Սերժ Սարգսյանը: Վերջինս, շատ հավանական է, որ նախագահության իր երկրորդ ժամկետն ավարտելուց հետո նպատակ ունի մնալ իշխանության: Համենայնդեպս նա չի բացառել, որ խորհրդարանական ընտրություններից հետո ինքը կարող է դիտարկել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու տարբերակը:

ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար տրամաբանական է, որ Կարեն Կարապետյանը լինի այդ կուսակցության անդամ՝ նաև հնարավոր քննադատություններից խուսափելու համար:

Երբ սույն թվականի սեպտեմբերի 13-ին նա վարչապետ նշանակվեց, բազմաթիվ քննադատություններ հնչեցին ՀՀԿ-ի հասցեին, որ նրանք կադրերի առումով ճգնաժամի մեջ են և ստիպված Մոսկվայից հրավիրված անկուսակցականի են վստահում վարչապետի պաշտոնը:  

Բացառված չէ՝ հենց ՀՀԿ-ի ներսում կիսաձայն դժգոհություններ հնչած լինեն այս առումով, որ իշխող քաղաքական ուժ լինելով հանդերձ՝ կառավարությունը վստահվում է հիմնականում անկուսակցականներին: Դժգոհությունների ու հնարավոր խժդժությունների այդ պոտենցիալ աղբյուրը փակելու լավագույն ճանապարհը Կարեն Կարապետյանին յուրային դարձնելն էր, ինչը արվեց:

Կարեն Կարապետյանը լցնում է Հովիկ Աբրահամյանի թողած վակումը

Վարչապետի, իսկ դրանից առաջ ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանը կուսակցության ներսում ուներ իր ազդեցության ազդեցիկ շրջանակը: Նույնիսկ խոսվում էր ՀՀԿ-ի ներսում աբրահամյանական թևի գոյության մասին, որը թաքուն երազանք էր փայփայում՝ Սերժ Սարգսյանից հետո Հովիկ Աբրահամյանին առաջին դեմք դարձնելու: Վարչապետի պաշտոնից հեռանալուց ու վարչական ազդեցիկ  ռեսուրսներից զրկվելուց հետո Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը ՀՀԿ-ի ներսում էականորեն թուլացավ, եթե չասենք՝ կուսակցության ներսում ազդեցության վակում առաջացրեց:

Հիմա այդ բացը կարող է լրացնել վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ՀՀԿ-ին անդամագրվող իր թիմի հետ միասին:

Այսպիսով Սերժ Սարգսյանը չեզոքացնում է Հովիկ Աբրահամյանի գործոնը՝ ազդեցության շրջանակով հանդերձ, որի մեջ հիմնականում մտնում էին ՀՀԿ-ի օդիոզ ներկայացուցիչները: Հիմա հրապարակային քաղաքականության մեջ ՀՀԿ-ի «օդիոզներին»՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, փոխարինելու են գալիս Կարեն Կարապետյանի «կրթված տեխնոկրատները»՝ համեմատաբար մաքուր կենսագրությամբ և հանրության շրջանում ատելություն չառաջացնող իմիջով:

2017թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ի այդ իմիջափոխությունը կարող է դրականորեն ազդել կուսակցության հանրային ընկալման վրա:

Բացի այդ՝ Կարեն Կարապետյանը այս կարճ ժամանակահատվածում չի կարողանալու ձևավորել ու հիմքեր ստեղծել ռեալ իշխանություն վերցնելու ամբիցիաների համար: Եթե Սերժ Սարգսյանը 2018թ. իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո ցանկանա վարչապետի պաշտոնում ցմահ ղեկավարել երկիրը, ապա միջանկյալ մեկ տարին Կարեն Կարապետյանը նրա համար վարչապետի աթոռին կարող է տեղապահի գործառույթ իրականացնել: Լավագույն դեպքում Կարեն Կարապետյանը կարող է ապահովել Սերժ Սարգսյանի հեռացման ճանապարհի անվտանգությունն ու ապահովությունը:

Ավազակ, ծեր բարոնների մայրամուտը

WikiLeaks-ի գաղտնազերծած գրություններից մեկի համաձայն՝ 2008թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո Սերժ Սարգսյանի` ներկայումս բավականին ազդեցիկ փեսա Միքայել Մինասյանը ՀՀ-ում ԱՄՆ-ի փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնի հետ հանդիպման ժամանակ խոսել է «հնացած մտածելակերպով» օլիգարխների անպատժելիությունը վերացնելու Սերժ Սարգսյանի ցանկության մասին:

Այդ ժամանակ Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող փեսա Միքայել Մինասյանը, ըստ WikiLeaks-ի գաղտնազերծած գրության, փոխդեսպանին օրինակ է բերել իշխող կուսակցությունում խոստումնալից տեղեր զբաղեցնող, արևմտյան մտածելակերպով կիրթ մարդկանց և հարցադրում արել. «Ո՞ր մեկին մենք կցանկանայինք, որ պարտական լիներ Սերժ Սարգսյանը՝ ավազակ, ծեր բարոնների՞ն, թե՞ նոր սերնդին»:

Պարտական լինել նշանակում է «ավազակ, ծեր բարոնների» հետ կիսել որոշակի իշխանություն և նրանց բաժին հանել իշխանության պարգևած նյութական բարիքներից: Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիների բովանդակությունը հուշում է, որ նա ցանկություն չունի շոշափելի իշխանություն կիսելու որևէ անձի կամ խմբավորման հետ: Բացարձակ ու անվերապահ իշխանությունը Սերժ Սարգսյանի հիմնական նպատակներից մեկն է:

Բնականաբար, ութ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը այդպես էլ չպատժեց իրեն իշխանության բերած «հնացած մտածելակերպով» օլիգարխներին ու լիուլի պարտական եղավ «ավազակ, ծեր բարոններին», նրանց հետ իշխանություն ու հարստություն կիսեց: Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելով՝ թույլ փորձ արվեց նրանց ազդեցությունը թուլացնելու ուղղությամբ, սակայն Հովիկ Աբրահամյանը «ավազակ, ծեր բարոնների» օգնությամբ հեշտությամբ չեզոքացրեց այդ վտանգը, որը ավարտվեց 2014թ․ Տիգրան Սարգսյանի պաշտոնաթողությամբ և Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի աթոռին հայտնվելով:

Բացարձակ իշխանություն ունենալու ճանապարհի առաջին հատվածն էականորեն տարբերվում է ներկայիս փուլից: Սերժ Սարգսյանի իշխանավարման սկզբնական փուլում տնտեսությունը դեռ շնչում էր, հանրության դժգոհության մակարդակը կրիտիկական աստիճանի չէր, իսկ սահմանների անվտանգության ապահովման մարտահրավերը լրջությամբ չէր ընկալվում:

Սակայն սոցիալ-տնտեսական իրավիճակի աննախադեպ վատթարացումը՝ տնտեսության գահավիժմամբ պայմանավորված, «ապրիլյան պատերազմը»՝ զուգորդված Արցախում տարածքային ու մարդկային կորուստներով, ինչը սրեց երկրի անվտանգության ապահովման խնդիրը, և հուլիսյան «զինված ապստամբության» փորձը իրավիճակն էականորեն փոխեցին:

Հանրության շրջանում դժգոհության կրիտիկական մակարդակը, սահմանների անվտանգության ապահովման հրամայականն օգտագործելով՝ Սերժ Սարգսյանն ազատվեց Հովիկ Աբրահամյանից և մի շարք «օդիոզ» ազդեցիկ բարձրաստիճան չինովնիկներից: Վերջիններիս` ֆինանսական ու վարչական ռեսուրսների մակարդակով պայմանավորված ազդեցիկությունը արդեն բավարար էր, որ Սերժ Սարգսյանը նրանց համարեր իր բացարձակ իշխանությանը սպառնացող վտանգ:

Եվ «ավազակ, ծեր բարոններին» փոխարինելու եկավ Կարեն Կարապետյանի «տեխնոկրատ, կիրթ» թիմը, որը բավարար հզորություն չունի բացարձակ իշխանությանը սպառնալու, միաժամանակ իմիջային առումով առավել շահեկան դիրքերում է:

Արդյոք «ավազակ, ծեր բարոնները»` որպես քաղաքական գործոն ու իշխանության վերարտադրություն ապահովող սևագործ բանվորներ, վերանալո՞ւ են: Ամենևին ոչ. նրանք լուսանցքում գտնվելով հանդերձ՝ պետք է ծառայեն Սերժ Սրագսյանին և հերթական ընտրությունների ժամանակ աղավաղեն ժողովրդի կամարտահայտության պատկերը: Սկսվում է մի փուլ, երբ «ավազակ, ծեր բարոնները» ոչ թե պայքարում են իշխանության, այլ իրենց նյութական ու ֆինանսական անվտանգության համար: Այդ անցումը շեշտակի չի լինի` համակարգին չահաբեկելու ու պայթյուն չառաջացնելու համար․ կլինի մեղմ ու աննկատ: Կուլակաթափությունից ու, ինչպես կասեր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «բոմժ» դառնալու հեռանկարից խուսափելու համար նրանք պետք է 2017թ. ընտրությունների ժամանակ և դրանից հետո կրկին ծառայություններ մատուցեն Սերժ Սարգսյանին, սակայն իշխանական գնացքի երկրորդ կամ վերջին էշելոնում:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: