9 դեկտեմբեր, 2016 14:48

Արցախի օմբուդսմենի նոր զեկույցը՝ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ

Հրապարակվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ զեկույցն ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ:

2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ նոր զեկույցում անդրադարձ է կատարվում երեք պատերազմական հանցագործությունների` խոշտանգում, մահվամբ պատժում (execution), և մարմինների անարգում: 

Ինչպես հաղորդում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, զեկույցում առանձին ներկայացվում են ադրբեջանական զինված ուժերի կարճաժամկետ կամ երկարաժամկետ հսկողության ներքո հայտնված ընդհանուր թվով 31 անձանց կամ նրանց մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վարքագծին վերաբերող հարցերը: Ներկայացվում են նրանցից յուրաքանչյուրի մահվան հանգամանքները, Ադրբեջանի հսկողության տակ հայտնվելու և նրանց մարմիններն Արցախի հսկողությանը վերադարձվելու հանգամանքները, ինչպես նաև նրանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված դաժանությունները: Նշված փաստերը ներկայացվում են երեք աշխարհագրական ուղղություններով` յոթ առանձին միջադեպերերով: 

Զեկույցում հիմնավորվում է, որ Ադրբեջանի հսկողության ներքո հայտնվածների շուրջ 90%-ը ենթարկվել են պատերազմական հանցանքների. նրանք խոշտանգվել են, պատժվել են մահվամբ, կամ նրանց մարմիններն անարգվել են: Ընդ որում, այդ հանցանքները կրել են համակարգված և կազմակերպված բնույթ, քանի որ կատարվել են բոլոր երեք աշխարհագրական ուղղություններով` ապրիլի 2-ին Արցախի կողմի անձանց նկատմամբ հսկողություն հաստատած բոլոր ադրբեջանական զինվորական ստորաբաժանումների կողմից: 

Զեկույցի հետևությունները հիմնված են ինչպես Արցախում իրականացվող քրեական վարույթի նյութերի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից անմիջականորեն ընկալված փաստերի, այնպես էլ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված նյութերի վրա: 

Փաստաթղթում նաև անդրադարձ է կատարվում հանցանք կատարածների և նրանց հրամանատարության իրավական պատասխանատվության հարցերին, ինչպես նաև ներկայացված փաստերը քննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու` Ադրբեջանի միջազգային-իրավական պարտավորությանը: 

Զեկույցն անգլերեն լեզվով է։ Դրա հրապարակային տարբերակում բացակայում են զոհերի անհատական տվյալները, ինչպես նաև դաժանություններ պատկերող լուսանկարներ և տեսանյութեր: