13 դեկտեմբեր, 2016 15:39

Հայր մեր, Կաթողիկեի խաչն ինչո՞ւ է այսչափ անգթորեն գեշ

Հորն իհարկե ավելի լուրջ հարցերի շարան ունեմ, բայց քանի որ իր «գրասենյակի» տարածքն է, ինքն իրեն այսպես ձևակերպվեց հարցը:

Երբ Կաթողիկե եկեղեցու կողքին սկսվեց նորակառույցի շինարարությունը, հին եկեղեցու գմբեթի հին խաչն անհետացավ: Ես ջերմեռանդ հավատացյալ չեմ, ու Աբովյան փողոցով անցնելիս չեմ խաչակնքվում, ինչպես մեր քաղաքի քսան տարեկան տղաներն ու աղջիկները, բայց հին եկեղեցու գմբեթին նայում էի ու խաչի զարդանախաշն անգիր գիտեմ, կարող եմ նկարագրել:

Քանի որ Աբովյան 15 տարածքի հանդեպ իմ զգայնության շեմը շատ ցածր է, ես զգում եմ այստեղի ամեն շարժումն ու նոր, բայց արդեն կիսամեռ դեղնած տույայի հայտնվելն ու անհայտանալը  հին կաղնիների փոխարեն՝ Աբովյան փողոցի կողմից, որոնց կաղիններն ու նրանց գլխարկներն ընկնում էին Լեզվի ինստիտուտի շքեղ ու լայն պատուհանագոգերին:

Երբ պարզվեց, որ Լեզվի ինստիտուտի շենքը նոր կյանքի քիմքին չեկավ, ու պիտի կաթողիկոսարանը տեղանքն առգրավի (բնականաբար գերակա շահի տեսքով), Լեզվի ինստիտուտի շենքի հետևում թաքնված հին Կաթողիկեն մի անամոթ մերկացավ:

Խորհրդային տարիներին, երբ արդեն բիրտ չէին այդ տարիները, այլ ճահճոտ ու ամեն ինչ կարելի էր, միայն` զուսպ , մարդիկ էլի քիչ էին գնում եկեղեցի, իսկ Կաթողիկե մտնում էին հաշված մարդիկ: Լեզվի ինստիտուտի Սայաթ-Նովա – Աբովյան խաչմերուկի շքամուտքից բացի կար ետնամուտք, որն ավելի շատ ետնաելք էր դեպի Կաթողիկե ու ավտոտնակներ:

Աշակերտ ժամանակ, երբ մտնում էի Լեզվի ինստիտուտ, անպայման իջնում էի վերև տանող ճոխ ու լայն աստիճանասանդուղքի տակ ու դուրս գալիս ետնամուտքով Կաթողիկեի բակ: Եկեղեցու դռան առաջ միշտ մի պառավ կին էր նստում՝ գլխաշորով, ու միայն դեմքն ու մատերն էին բաց: Կինը երևի պահակ էլ էր, արևածաղիկ էլ էր վաճառում ու ոչ սովորական արևածաղիկ. մենք դրան խոզի արևածաղիկ էինք ասում․ խոշոր էր, հնգանիստ ու շագանակագույն:Հիմա դրանցից չկա:

Հենց շենքից դուրս էինք գալիս ու մտնում Կաթողիկեի բակ՝ պառավն ասում էր․ «Էլի եկան, որ եկեղեցուց բան գողանան, գողե՛ր»: Անկապ խոսում էր, գողություն չէր տեսել դեռ… Մենք պարզում էինք քսանկոպեկանոցը, ու մինչև ինքը հին թերթից կոն էր սարքում, որ սերմը լցնի մեջը, մենք ուսումնասիրում էինք Կաթողիկեի խորհրդավոր  ներսը` մուգ կարմիր թավշից վարագույրը, ոսկեգույն գործված խաչը, սառը պատերի մեջ տաք վառվող երկու մոմերը, տգեղ թվացող սրբապատկերները, ու էդ աղքատիկ եկեղեցին արևածաղիկ ծախող պառավի հսկողությամբ էնքան հարուստ տեսք ուներ, ու երբ պառավն ամեն անգամ ասում էր՝ «էկան գողանան, տանեն»՝ ավելի էի համոզվում, որ գանձեր կան մեջը, ու մուգ կարմիր թավշե վարագույրի հետևում են:

Կաթողիկեն թաքնված շուք ուներ, գաղտնիք ուներ մեջը: Հիմա բան չունի: Խորհուրդը փռեցին փողոցի վրա տոնավաճառի պես:

Կաթողիկեի գմբեթի խաչն անհետացավ

Բայց վերադառնանք նոր նյութին, այսքանը գիտեինք:

Երբ շինմոնտաժային աշխատանքները սկսվեցին այս հոգևոր տարածքում ՝ Կաթողիկեի գմբեթի խաչն անհետացավ: Որպես միջին վիճակագրական հայ, որը վերլուծում է՝ դատելով փորձից, ես մտածեցի՝ հավանաբար թանկ մետաղից էր խաչը, ու անհետանալու պատճառը թանկ լինելն էր: Հետո մտածեցի՝ «մեղա, մեղա, ինչեր եմ մտածում»: Բայց  Պառավը գիժ չէր, մի բան գիտեր սիրտը ծերացած:

Անցան երկար ու ձիգ ամիսներ: Նոր եկեղեցական երկնաքերը օծվեց, իսկ հնի գմբեթի վրայի խաչը չկար: Պառավի չորացած զգոն ձեռքը չկար, որ բռներ հանողին: Անցավ ժամանակ, շատ ժամանակ, ու մի քանի օր առաջ Կաթողիկե եկեղեցու գմբեթին նստեց մեծ խաչը:

Խաչերը սովորաբար կանգնեցնում են, ես հասկանում եմ, բայց սա նստեց, որովհետև անհամապատասխան է Կաթողիկեի զուսպ, նեղ, փոքր չափերին: Նոր խաչը նման է նոր հարստացած հայերի պատշգամբների ու պատուհանների  ճաղավանդակներին, որոնք դատելով բառից, պետք է որ կազմված լինեն ճաղերից, բայց ոլոր-մոլոր տերևներից են կազմված ու ծաղիկներից՝ խուճուճ-մուճուճ… Այ, Կաթողիկեի նոր խաչը ոնց որ այդ նոր պատշգամբներից մի կտոր պոկած լինեն ու գմբեթին նստեցրած:

Բայց մեծ կտոր են պոկել, չափերով արտառոց անհամապատասխանություն է:

Չի բացառվում, որ նորակառույց երկնաքեր-եկեղեցիներից մեկի համար է դարբինը ջանք թափել, բայց չճշտված հանգամանքների պատճառով նստեցրել են խեղճ Կաթողիկեի վրա, որի անվտանգությունը տասնյակ տարիներ պառավն ապահովեց այնպես, ինչպես չէր կարող անել նորաստեղծ որևէ «սեքյուրիթի»…

Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա՝ ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա եւ յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարիմք:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: