22 դեկտեմբեր, 2016 12:05

Հայաստանի ու Վրաստանի պաշտպանական գերատեսչությունները համաձայնագիր են կնքել

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ կայքը, Թբիլիսիում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Վրացական agenda.ge կայքը փոխանցում է, որ բանակցություններում քննարկվել է Իզորիայի առաջարկը՝ Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում հայկական զինված ուժերի վերապատրաստման վերաբերյալ: Քննարկվել է նաև Հայաստանի և Վրաստանի զինված ուժերի մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին:

Բանակցություններն ավարտվել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի ստորագրման արարողությամբ, որը վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, միտված է պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացմանը:

Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ՀՀ պաշտպանության նախարարը Վրաստան իր երկօրյա այցի ընթացքում հանդիպում է ունեցել նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:

Դեկտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է հայաստանյան և վրաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ներկայացրել է կայացած հանդիպումների և բանակցությունների մանրամասները:

«Մենք համակարծիք ենք տարածաշրջանում առկա հակամարտությունները բանակցությունների և երկխոսության միջոցով, խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում և հուսով ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրներն անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ»,- Թբիլիսիում վրաց գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին, aliq.ge կայքի փոխանցմամբ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Վրաստանյան այցից առաջ Վիգեն Սարգսյանը հարցազրույց էր տվել ռուսաստանյան lenta.ru կայքին, որում անդրադարձել էր հայ-ռուսական համագործակցությանը, ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին: