26 դեկտեմբեր, 2016 17:28

Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներից մասնակցում են Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նիստին չի մասնակցում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Լուկաշենկոյի բացակայությունը չի անդրադառնա ստորգվելիք փաստաթղթերի վրա, քանի որ դրանք նախապես համաձայնեցվել են բելառուս գործընկերների հետ։

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահականը, հյուրընկալող երկրի` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ նիստի օրակարգին անցնելը ողջունել է ներկաներին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, հակիրճ անդրադարձել Միության շրջանակներում մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքներին, կայացված կարևորագույն որոշումներին, ինչպես նաև զարգացման հեռանկարային ծրագրերին: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպման արդյունքներն էլ ավելի կխթանեն ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների տնտեսական փոխգործակցությունը:

Նիստի սկզբում պետությունների ղեկավարները ցավակցություն են հայտնել ՌԴ նախագահին` երեկ Սոչիում ռուսական Տու-154 ինքնաթիռի վթարի և վթարի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

Կանոնակարգի համաձայն նիստը վարում է Կազմակերպությունում նախագահող երկրի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Օրակարգի հարցերի շարքում անդամ պետությունների նախագահները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագրի նախագիծը, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հիմնական ուղղությունների, Միության ընդհանուր ծառայությունների շուկայի վերաբերյալ հարցերը: Նիստում անդրադարձ կլինի ԵԱՏՄ ձևաչափով Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության 2017թ. միջազգային գործունեության հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: