27 դեկտեմբեր, 2016 14:43

Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին անդրադարձել է Իրանի հետ ԵԱՏՄ-ի համագործակցությանն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցին։ Այդ համատեքստում Սարգսյանը «ուրախալի» է համարել փաստը, որ աշխարհում Միության հանդեպ հետաքրքրությունն աճում է․ ամբողջ տարվա ընթացքում ինտենսիվորեն մշակվում էին Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ երկրների հետ համագործակցության հարցերը:

«Դա, անկասկած, ընդլայնում է միջազգային ներգրավվածության հնարավորությունները և բարձրացնում ԵԱՏՄ դերը միջազգային հարթակում»,- նկատել է ՀՀ նախագահը։

Վերջինիս խոսքով՝ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը, մասնավորապես, «ներկայացվել են փոխշահավետ համագործակցության այն լայն հնարավորությունները, որոնք կբացվեն երկրների և Իրանի տնտեսավարող սուբյեկտների համար»:

«Իրանի նախագահն իր հետաքրքրվածությունը հայտնեց ԵԱՏՄ հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ձևավորմանը: Հայաստանը ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը»,- նախագահականի փոխանցմամբ՝ նիստին ասել է Սերժ Սարգսյանը։

ՀՀ ղեկավարը նաև տեղեկացրել է, որ Ռոհանիի հետ քննարկվել են Պարսից Ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ծրագրերը:

«Հայաստանը՝ Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամը, շեշտադրում է կատարում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման վրա, այդ թվում՝ ներկայումս իրականացվող Հյուսիս-Հարավ միջանցքի կառուցման շնորհիվ, որը ԵԱՏՄ շրջանակներում մեր գործընկերների համար հարմարավետ և անվտանգ հարթակ կստեղծի դեպի Պարսից ծով, այնուհետև Հնդկական օվկիանոս ելք ունենալու համար»,- նշել է ՀՀ նախագահը։

Սերժ Սարգսյանի՝ Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ երեկվա հայտարարություններին անդրադարձել է նաև իրանական IRNA գործակալությունը։