4 հունվար, 2017 15:55

Արամ Ա կաթողիկոսը Սուրբ ծնունդը կանցկացնի Հալեպում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Սուրբ ծննդյան տոնը կանցկացնի Հալեպում, հաղորդում է Asbarez.com-ը։

Արամ Ա-ն Հալեպ կժամանի հունվարի 5-ին։ Դա կլինի նրա առաջին այցը Հալեպ 2011-ից ի վեր, երբ սկսվեց սիրիական ճգնաժամը։ Հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան օրը, Արամ Ա կաթողիկոսը պատարագ կմատուցի Հալեպի Մարիամ Աստվածածնի եկեղեցում։ Նա կայցելի նաև Հալեպի ազգապատկան կառույցներ։

Լիբանանյան OTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արամ Ա կաթողիկոսը գոհունակություն է հայտնել, որ Սիրիայում ընդհանրապես և Հալեպում մասնավորապես իրավիճակը բարելավվում է։

«Ուրախությամբ ուզում եմ հաստատել, որ Սիրիայի ճգնաժամն  ընդհանրապես և Հալեպի իրավիճակը մասնավորապես բարելեվման ընթացքի մեջ է։ Աղոթում ենք և մաղթում, որ այս խաղաղության ընթացքը շարունակվի և արագանա ամբողջ Սիրիայում։ Սիրիահայ գաղութը շատ կարևոր է, և մենք համարում ենք, որ սիրիահայ գաղութի վերականգնումը հրամայական անհրաժեշտություն է»,- ասել է Արամ Ա-ն։

Նա նշել է, որ սիրիահայության խնդիրը եղել է և պետք է մնա համազգային առաջնահերթություն ունեցող հարց․ «Ես ցանկանում եմ, որ մեր ժողովրդի բոլոր զավակները մասնակից դառնան սիրիահայ գաղութի առաջնահերթ վերականգնմանը»։

Սիսի կաթողիկոսարանի մասին

Արամ Ա կաթողիկոսը հարցազրույցում անդրադարձել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության՝ Սիսի կաթողիկոսությունը վերադարձնելու Թուրքիայի դեմ ներկայացրած դատական հայցին․

«Ես հաճախ եմ ասել և նորից եմ շեշտում, որ սա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դատը չէ սոսկ, այլ մեր եկեղեցու դատն է։ Եվ քանի որ մեր եկեղեցին ժողովրդի եկեղեցին է, այն մեր ժողովրդի դատն է։ Մենք այս գիտակցությամբ, այս տեսլականով և այս հանձնառությամբ ենք դատական այս ընթացքը ձեռնարկել։ Նաև ուզում եմ կարևորությունը շեշտել, որ սա առաջին իրավական քայլն է մեր ժողովրդի պահանջատիրական պայքարի սահմաններում»։

«Ես կարծում եմ, որ 100 տարի անց արդեն ժամանակն է, որ մենք մուտք գործենք միջազգային օրենքի շրջագծից ներս՝ իրավական դաշտ։ Սա է, որ կատարեցինք։ Առաջին անգամ մեր դատական թղթածրարը դրվել է Թուրքիայի սահմանադրական դատարանի սեղանի վրա։ Պատմության մեջ առաջին անգամ մեր դատական թղթածրարը Մարդու իրավուքնների եվրոպական դատարանի սեղանի վրա է։ Սա մեծ իրագործություն է։ Ես ակնկալում եմ, որ մեր ժողովրդի զավակները, Հայաստանից սկսած, այս տեսանկյունից մոտենան այս դատին»։

Արամ Ա-ն նշել է, որ պետք է շարունակեն այս մոտեցումը, իրավական գործընթացը․ «Սա առաջին քայլն է՝ Մեծի Տանն Կիլիկիո դարավոր կաթողիկոսարանի վերադարձի պահանջը։ Պահանջատիրական երկար շղթայի առաջին և կարևոր օղակն է, որին պետք է բնականաբար հաջորդեն մեր հազարավոր վանքերը, եկեղեցիները, ազգապակտան, եկեղեցապատկան կալվածքները։ Մեր պահանջատիրությունը իրավական խորք ունի»։

Արամ Ա-ն ընդգծել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը «քաջությունն է ունեցել ցեղասպան թուրքին ասելու, որ 100 տարի հետո մենք դեռ պահանջատեր ենք»։