7 հունվար, 2017 10:45

Պուտինը օգնել է Թրամփին․ ԱՄՆ հետախուզության զեկույց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է օգնել Դոնալդ Թրամփին հաղթելու նախագահական ընտրություններում, ասված է ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցում, որը հրապարակվել է ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո։

Զեկույցը (Background to “Assessing Russian Activities and Intentions in Recent US Elections”: The Analytic Process and Cyber Incident Attribution) ներկայացնում է ապացույցներ, որ Պուտինը հանձնարարել էր արշավ ձեռնարկել, որի նպատակն էր լինելու ամերիկյան ընտրությունների արդյունքների վրա ազդելը։ Ռուսական մի քանի կազմակերպություններ՝ ռուս պաշտոնյաների և ԱՄՆ-ում գործող դիվանագետների աջակցությամբ հաքերային հարձակումներ են իրականացրել Դեմոկրատական կուսակցության կայքերի վրա։

Ըստ զեկույցի՝ արշավի նպատակներից էր բնակչության մոտ նախագահական ընտրությունների նկատմամբ վստահության սասանումը, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հեղինակազրկումը։

Հետախուզական ծառայության ղեկավարների հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ հաքերային հարձակումները որևէ կերպ չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Նա հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք Ռուսաստանի իշխանությունները առնչություն ունեն կիբերհարձակումներին։ Թրամփը շնորհակալություն է հայտնել հետախուզական ծառայություններին նրանց կատարած աշխատանքի համար։

Թրամփը խոստացել է գործուն հակազդեցություն ցուաբերել կիբերհարձակումներին և իր նախագահության առաջին 90 օրերին հատուկ խումբ նշանակել, որը պատասխանատու կլինի հաքերային հարձակումների դեմ ծրագիր մշակելու համար։