9 հունվար, 2017 10:04

Վարդան Պետրոսյա՛ն, իմա՞ստը․․․

Դերասան Վարդան Պետրոսյանը այցելել է ղարաբաղա-ադրբեջանական դիրքեր։ Հենց սահմանին նա հայհոյել է մյուս կողմում գտնվող ադրբեջանցիներին։ Ինչպես ասում են՝ իմա՞ստը։ Տղե՛րք, ինչու՞ եք կռիվ հրահրում։ Ինչու՞ եք հայհոյում։ Ինչու՞ եք գնում և փորձում հերոսանալ հայհոյանքով։

Պատերազմի սադրանքը թողեք պատերազմի տականքներին, մեր զինվորներին մի կերակրեք հերոսությամբ, որը լցոնված է ոչ ձեր մահով։ Մի՛ մոռացեք՝ իրար դեմ կանգնած են շարքայիններ։ Նրանք իրար հետ կռիվ չունեն։ Եթե հակառակորդը մարդուն հիշեցնող ոչ մի հատկություն չունի, արժե՞ նրան պատասխանել «քամու տատանումով», այսինքն, «իդիոմետրիկ» հայհոյանքով։ Դուք հենց տեղում փխրուն խաղաղությունն եք սասանում։ Էդ տղաները նշանառության տակ են ամեն ակնթարթ, իսկ դուք հեռանալու եք։ Մի՛ ծաղրեք թեկուզ ադրբեջանցի զինվորին։ Ծաղրի առարկա մի դարձրեք պարտքի զոհին։ Դուք նրա պարտքը սնում եք ատելությամբ, որը նրան բոլ-բոլ հերիքում է։ Այնտեղ նրան ասել են, որ հայերը վատն են։ Հայհոյանքը ինքնին զգեստավորված է հայրենասիրությամբ։ Հայհոյանքն իր ներշնչանքն ամենից շատ ստանում է «հայրենասիրությունից»։ Արվեստագետն ինչու՞ պիտի իր կռիվը տա տղայական և նույնիսկ խուժանի լեզվով։ Ձեր գործն ընդամենը չհայհոյելն է։ Միայն։

Միշտ հիշե՛ք, որ հնարավոր մահը ամեն ինչ իր տեղն է դնում։ Եթե նրանց զինվորը տականք է, էդ տականքության դեմ կա մեր զինվորի զենքը։ Արվեստագետը միայն պարտքի անունից սպանողին վերջնականապես անասուն դառնալուց հետ պահողն է։ Եթե հայհոյելով է հարց լուծելը, այն էլ՝ արվեստագետի հայհոյանքով, փակեք թատերական, երաժշտական համալսարանները և բուհեր բացեք բոլոր լեզուներով հայհոյանքների համար։

Ես չեմ ուզում, որ ադրբեջանցին հայ արվեստագետի մասին մտածի որպես խուժանի։ Ինքը միակ արվեստագետը չէ։ Մենք այս հակամարտությունը ծիծաղելի ենք դարձնում, մենք ցույց ենք տալիս, որ արվեստագետից եկող ոգևորությունը պարզ խուժանություն է։ Մենք մեր զինվորին դարձնում ենք խուժանի ներկայացուցիչ։ Մենք դա դարձնում ենք Հայաստանի խուժանությունը։ Պատերազմն այո՛, Շեքսպիրի բառամթերքը չունի, բայց երբ թնդանոթները մի կերպ լուռ են, «մուսաների» գործը նրանց ոգեշնչելը չէ։ Ապրիլյան պատերազմը մեզ վարակեց մի հիվանդությամբ․ դա մեռնել չպատրաստվողի հայրենասիրությունն է։

Այդպես անկախության մասին «երազում» էր քաղքենին, այդպես իշխանության մասին երազում է ՀՀԿ-ին անդամակցողը, այդպես արվեստ է մտնում անգրագետի և անճաշակի վրա խաղադրույք անողը։ Այդպես «ոչ մի թիզ հող» է բղավում ԱՄՆ Գրին քարտի հավակնորդը։ Եվ այդպես հայհոյում է սիրված արվեստագետը, որը «ինքնամաքրման» իր պատճառներն ունի։ Ղարաբաղը դարձել է մի հայելի, որի մեջ գրեթե բոլորն ուզում են երևալ լավագույն տեսքով։ Եվ հենց այստեղ է խնդիրը։ Այդ «լավագույնը» խաղաղության ձգտման հետ կապ չունի։ Լավագույնի համար պետք է ներկայանաս արժանիքներով և արժանապատվությամբ։ Ղարաբաղը մեր արժանիքների շարունակությունն է։ Այնտեղ մենք պարզապես հիշեցնում ենք, որ մեր և ադրբեջանցու կռիվը նույնը չէ։

Վարդան Պետրոսյանը շատ էր ոգևորված։ Նրա ներկայությունը նման էր բեմելի։ Ծարավ կար նրա անկառավարելի «արվեստագիտության» մեջ։ Եվ նա դա արեց արվեստի և կյանքի մեծագույն արգելակի՝ էթիկայի, ամբողջ մերժումով։ Նա հայհոյում է, իսկ նրա կողքին կանգնած զինվորի մոր ոտքերը թուլանում են՝ էս ի՞նչ է անում էս տղան (ի վերջո դա ի՞նչ նկարահանելու կամ գոնե ցուցադրելու բան է)։ Դա մոր աչքի առաջ որդուն վրաերթի ենթարկելու նման մի բան է։ Երբ զինվոր որդին գնում էր դիրքեր, ոչ ոք նրան չի ասել, որ իր պարտականությունների մեջ է մտնում ուրիշի՝ ծառայության հետ կապ չունեցող սադրանքները, կուլ տալը։ Ինքն այսպես թե այնպես գնում է ստույգ մահվան ուղղությամբ։

Եթե հակառակորդը չի կրակում, արդեն լավ է։ Ի՞նչ կարիք կա, որ սիրված արվեստագետը գնա ու հակառակորդին հիշեցնի, որ «կիսատ» թողած գործ ունի։ Եվ, ընդհանրապես, տղերք, դա պատերազմ է, սովորեք նրա հետ գործ ունենալ անվտանգության ամբողջ «բառապաշարով»։ Այդ «բառապաշարը» մուսաներին ընկալելի է։ Անվտանգությունը միայն արվեստագետների վրա չի տարածվում։ Այն տարածվում է նաև զինվորների վրա, եթե մեկն առանց զենքի մտնում է պատերազմի գոտի, նվազագույնը իրենից պետք է ներկայացնի «սպիտակ դրոշ»։ Եվ խնդիրը ադրբեջանցի կատաղած զինվորը չէ, որը, գուցե, միշտ էլ պատրաստ է կրակել, խնդիրն այն է, որ եթե քեզնից առաջ ոչ ոք չի հայհոյել, լռի՛ր։ Կամ գոնե երգիր մոր ու մանկան մասին։ Թեկուզ՝ հայերեն։ Պատասխան «երգը» ադրբեջանցու խնդիրն է։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: