10 հունվար, 2017 16:56

Վրաստանն ու «Գազպրոմը» տարաձայնություններ ունեն դեպի Հայաստաան գազի տարանցման շուրջ

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կհանդիպի Գազպրոմ Էքսպորտի ղեկավարության հետ՝ քննարկելու 2017 թ. ռուսական բնական գազի՝ Հայաստան տարանցման պայմանները, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ նույնիսկ այն դեպքում, եթե Գազպրոմի առաջարկը՝ տարանցման համար նախատեսված ֆինանսական վճարման մոտեցումն ընդունվի, Վրաստանը պետք է ստանա նույն օգուտը, ինչ ստանում էր տարանցման դիմաց բնական գազի մասնաբաժին ունենալով»,- ասել է նախարարը:

Վրաստանի էներգետիկայի նախարարության և Գազպրոմի միջև բանակցությունների վերջին երկու փուլերը տեղի են ունեցել համապատասխանաբար դեկտեմբերի 13-ին՝ Վիեննայում, և դեկտեմբերի 23-ին՝ Մինսկում։ Կողմերը դեռ չեն կարողացել գալ համաձայնության։

Մինչդեռ 2017թ․ հունվարի 1-ին լրացել է ռուսական գազի Հայաստան տարանցման գործող պայմանագրի վավերականության ժամկետը։

Վրաստանի էներգետիկայի նախարարության և «Գազպրոմի» միջև բանակցությունները ընթանում են 2003 թ. համաձայնագրի հիման վրա, որը թարմացվում է ամեն տարի: Գազի տարանցման պայմանագրի ժամկետի երկարաձգմամբ Ռուսաստանը պնդում է, որ Վրաստանի տարածքով տարանցման վճարումը կատարվի գումարով, ինչին Վրաստանը չի համաձայնում։ Վրաստանը ցանկանում է պահպանել վճարման նախկին ձևը և ստանալ ընդհանուր տարանցիկ գազի 10 տոկոսը: