10 հունվար, 2017 09:46

«Համախմբումը» ակտիվ խորհրդակցություններ կանցկացնի քաղաքական, հասարակական ուժերի հետ

«Համախմբումը» ակտիվ խորհրդակցություններ կանցկացնի քաղաքական, հասարակական ուժերի և այլ շրջանակների հետ՝ վերջնական որոշումների հանգելու համար։

Հունվարի 9-ին տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության վարչության նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել ընթացիկ, նախընտրական քարոզարշավի նախապատրաստության, ինչպես նաև՝ այլ ուժերի հետ բանակցությունների ընթացքին վերաբերող հարցեր, ասվում է կուսակցության մամուլի հաղորդագրությունում:

Վարչությունը բավարար է գնահատել այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումները, միաժամանակ որոշում է կայացրել՝ ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով:

Վարչությունը որոշել է ստեղծել բանակցող խումբ՝ լիազորելով կուսակցության փոխնախագահներ Ստեփան Մարգարյանին և Էլինար Վարդանյանին, ինչպես նաև՝ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանին, ակտիվ խորհրդակցություններ անցկացնել քաղաքական, հասարակական ուժերի և այլ շրջանակների հետ: