10 հունվար, 2017 16:38

Նոր Գեղի․ շարունակվող զավեշտի պատմություն

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանն իր անունով է անվանակոչել գյուղի երաժշտական դպրոցն ու կենտրոնական փողոցներից մեկը։ Այս լուրը համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել ու դարձել երգիծանքի թեմա։

Պարզվում է, սակայն, որ սա հին պատմություն է․  Նոր Գեղիի ավագանին Ֆրոնտիկ Թևոսյանի անունով այս անվանակոչումներն արել է դեռ 2015-ի ապրիլին։ Այն ժամանակ համայնքապետը ավագանու այդ որոշումը պատճառաբանում էր իր վաստակով.

«Դե ես 30 տարվա աշխատանքային ստաժ ունեմ: 85 թվականից մինչեւ հիմա այդ գյուղի ղեկավարն եմ, և մարտի 25-ին էլ 70-ամյակս էր, ինձ ժամանակին Անդրանիկ Մարգարյանն էլ է տվել հուշամեդալ, Ազգային ժողովը տվել է, հիմա սպասում եմ՝ նախագահը տա, իսկ ավագանին էլ որոշեց Երևանյան փողոցը անվանակոչել Թևոսյանի անունով: Ավագանու որոշում է»,- Հայկական ժամանակ թերթին ասել էր նա։ 

Գյուղը արդեն երեք տասնամյակ ղեկավարող Ֆրոնտիկ Թևոսյանը Հայաստանի գյուղերի ամենաերկարակյաց ղեկավարներից է։

2005թ․ համայնքային ընտրություններում նա Օրինաց երկիր կուսակցության թեկնածուն էր, այլ առաջադրվածներ չկային ու հավաքել էր մոտ 2000 ձայն։

2008թ․ համայնքային ընտրություններում Ֆրոնտիկ Թևոսյանի կուսակցական պատկանելությունը արդեն հայտնի չէր․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ մասին նշում չունի։ Անմրցակից այս ընտրությունում Թևոսյանը հավաքել էր 2184 ձայն։

2012թ․ Նոր Գեղիի գյուղապետի պաշտոնի համար թեկնածություն էր առաջադրել նրա ընտանիքին պատկանող գազալցակայաններից մեկի աշխատակիցը՝ Շավարշ Առաքելյան անունով։ Այս ընտրություններում ևս հաղթանակ է տարել Ֆրոնտիկ Թևոսյանը՝ հավաքելով 2008 ձայն։

2016թ․ հոկտեմբերին նորից անմրցակից համայնքային ընտրություններում Ֆրոնտիկ Թևոսյանն վերընտրվեց գյուղապետ։

Նոր Գեղիում իշխող Հանրապետական իշխանությունը խոշոր հաղթանակներ է տարել նաև նախագահական և խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև իսկ սահմանադրական հանրաքվեի ժամանակ։

Հետք պարբերականը պարզել էր, որ 2013թ․ Ֆրոնտիկ Թևոսյանը հայտնվել էր մի աղմկոտ միջադեպի կիզակետում։ Նա համայնքի բյուջեից մոտ կեսը՝  60 միլիոն դրամ՝ տրամադրել էր իրեն պատկանող շինությանը։ Շինությունը խորհրդային տարիներին ծառայել էր որպես մանկապարտեզ։ Թևոսյանն այն գնել էր, հիմնել քոլեջ, բայց քանի որ քոլեջը չէր արդարացրել իրեն ու եկամտաբեր չէր եղել, նա այն դարձրել էր համայնքային մանկապարտեզ ու ինքն իրենից այն գնել։ Շինությունը գյուղապետը գնել էր 9,4 մլն դրամով, վաճառել համայնքին՝ մոտ 68 միլիոն դրամով։

Այս հրապարակման հիման վրա քրեական գործ էր հարուցվել՝ «պաշտոնեական դիրքը չարաշահելու և համայնքին էական վնաս պատճառելու» հատկանիշներով, սակայն 2015թ․ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործը կարճվեց։

Newsbook կայքի հետ հարցազրույցում գյուղապետը նշել էր, որ Թևոսյանները ունեն նաև ընտանեկան բիզնեսներ՝ ունեն հիմնած այգիներ ու դրսից տնկիներ են ներկրում։  

Ֆրոնտիկ Թևոսյանն ունի չորս որդի։ Նրանցից Կարապետ Թևոսյանը (լուսանկարում) անհատ ձեռնարկատեր է։ Ունեցել է գազալցակայան։ Հենց այդ գազալցակայանում որպես հերթափոխի պետ աշխատել է Շավարշ Առաքելյանը՝ 2012-ի ընտրություններում Ֆրոնտիկ Թևոսյանի մրցակիցը։

Ֆրոնտիկ Թևոսյանի որդին՝ Կարապետը։«Էդ ընկերությունը հիմա ոչ մի բանով չի զբաղվում, իսկ առաջ գազի զապրավկա էր, հա՜, աշխատել եմ։ Վաճառել են ու հիմա էդ զապրավկեն չկա։ Երբ մենք իրար դեմ թեկնածություն ենք դնում, ուրեմն պետք է դառնանք թշնամի՞։ Մենք հակառակորդ չենք, մենք շատ հարազատ մարդիկ ենք, ուղղակի ուզել, դրել էի, որ տեսնեմ, թե ինչքան ձայն կհավաքեմ»։ Մինչև Ֆրոնտիկ Թևոսյանի դեմ թեկնածության առաջադրումը, Շավարշ Առաքելյանը եղել է Նոր Գեղիի ավագանու անդամ։

«Դատալեքս» տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ Ֆրոնտիկ Թևոսյանը բացի այս ամենից՝ 2013թ․ ներքաշվել էր դատական մի գործի մեջ, ըստ որի, ծեծի էր ենթարկել համագյուղացիներ Արբեն Սիմոնյանին։

«Դիմելով դատարան` հայցվոր Արբեն Սիմոնյանը հայտնել է, որ ինքը 25.01.2013թ. ժամը 10.00-ին տեղեկանքով մտել էր ընդունելության գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի մոտ, որտեղ աշխատողներից ոչ ոք չկար: Ֆրոնտիկ Թևոսյանը պատռել է իր ներկայացրած տեղեկանքը և անպատվել է։ Սիմոնյանը պատասխանել է գյուղապետին, որից հետո ցանկացել է հեռանալ, սակայն Ֆրոնտիկ Թևոսյանը դուռը փակել է բանալիով, գազանաբար հարձակվել է հայցվորի վրա, սկսել է խեղդել նրան, բռունցքով 5-6 անգամ ուժեղ հարվածել է գլխին, ոտքով 7-8 անգամ հարվածել է կրծքին և որովայնին: Այնուհետև Ֆրոնտիկ Թևոսյանը բաց է թողել Արբեն Սիմոնյանին, ով մի կերպ հասել է փողոց և, նստելով տաքսի ավտոմեքենա, հասել տուն»:

Դատաբժշկական փորձաքննությունից պարզ է դարձել, որ Ֆրոնտիկ Թևոսյանի մեղքով իր համագյուղացին որևէ վնասվածք չի ստացել։ Բացի այդ Նաիրիի քննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում կատարված քննչական գործողություններով և փորձագետի եզրակացությամբ հերքվել են Ֆրոնտիկ Թևոսյանի կողմից Արբեն Սիմոնյանին հարվածելու և մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները, ուստի քրեական գործը կարճվեց, Ֆրոնտիկ Թևոսյանը այդպես էլ որևէ պատասխանատվության չենթարկվեց։ Ավելին՝ դատարանը վճռեց 5000 դրամի չափով Արբեն Սիմոնյանից պետական տուրք գանձել։

2012-ին «Արմենտել» ՓԲԸ-ն ընդդեմ Նոր Գեղիի համայնքապետարանի ու Ֆրոնտիկ Թևոսյանի դիմել էր դատարան՝ պահանջելով շուրջ 70 հազար դրամ իր մատուցած ծառայությունների դիմաց։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հայցը բավարարվել էր ու գումարը բռնագանձվել։

Ֆրոնտիկ Թևոսյանն այս տարիների ընթացքում պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով, Ազգային ժողովի պատվո մեդալով, պատվոգիր ու հուշամեդալ է ստացել նաև Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանից։

Մկրտիչ Կարապետյան

Ծաղրանկարը՝ Մեդիալաբի