11 հունվար, 2017 13:10

Ծխախոտների տուփերի վրա վախեցնող պատկերներ կհայտնվեն

2017 թվականի մարտ ամսից Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում ծխախոտը կվաճառվի նոր՝ վախեցնող նկարներով, որոնք նախազգուշացնում են վտանգների ու վնասակար հետևանքների մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում տալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։ 

«2017-ի մարտի 17-ից ԵՏՄ երկրներում վաճառվող ծխախոտի տուփերի վրա «սարսափելի» պատկերներ կհայտնվեն։ Ըստ ԵվրԱզԷՍ-ի տեխնիկական կանոնակարգի` արտադրողները, ներկրողները և վաճառողները պետք է մինչ այդ ժամկետը` մոտ 3 ամսում, հասցնեն պատկերները տեղադրել տուփերի վրա»,-ասվում է ԵՏՄ հաղորդագրության մեջ։

Տուփերի վրա կպատկերվեն ծխելուց վնասված օրգանները, կնշվի հիվանդությունը` պարոդոնտոզից մինչև փտախտ ու քաղցկեղ։ Պատկերները կունենան աղտոտ շագանակագույն երանգ Pantone 448C կոդավորմամբ, որն ի դեպ, ըստ գիտնականների դա ամենատհաճ գույնն է։

«Նաև արգելվում է այնպիսի բան պատկերել կամ գրել տուփերի վրա, որը համեղ և օգտակար  բան կհիշեցնի` միրգ, հատապտուղ և այլն։ Համարվում է, որ դա, կարող է մոլորեցնել ծխողներին, որոնք կարող են ծխախոտը ասոցացնել օգտակար մթերքի հետ։ Նույն պատճառով չի կարելի նաև նշել նիկոտինի, խեժի քանակը` ծխողները չպետք է կարծեն, որ որքան քիչ է վնասակար նյութերի քանակն, այնքան անվնաս է արտադրանքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Որոշումն ամբողջովին ուժի մեջ կմտնի նոյեմբերի կեսից, իսկ ոչ այնքան «սասափելի» պատկերներով ապրանքը կթույլատրվի վաճառել ԵՏՄ այն երկրում, որտեղ այն արտադրվել է։

Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։ 

Կոնվենցիային միանալուց ի վեր Հայաստանում տղամարդկանց շրջանում ծխողների թիվը նվազել է 8-10%-ով: