11 հունվար, 2017 14:43

Երեք ընդդիմադիր ուժերը ստորագրեցին Վանաձորի ավագանու լիազորությունները դադարեցնելու առաջարկը

«Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները ստորագրել են Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ առաջարկը։ Վանաձորում տևական ժամանակ չէր կայանում ավագանու նիստը, քանի որ դրան ներկա չէին ավագանու ընդդիմադիր անդամները։ 

««Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարության կողմից ստորագրվել է Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկը: Փաստաթուղթը կրում է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական բնույթ և հիմնավորումներ:

Իրավական մասով հիմնավորվում է, որ խախտվում են տեղական ինքնակառավարման վերաբերյալ սահմանադրական նորմերը՝ մասնավորապես Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքն ու հնարավորությունը, ինչպես նաև ավագանու աշնանային նստաշրջանը չկայանալու արդյունքում կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով լիազորված է վաղաժամկետ դադարեցնելու համայնքի ավագանու լիազորություններն ու միաժամանակ նշանակել նոր ընտրություն:

Ինչ վերաբերում է քաղաքական մասին, ապա այստեղ կարևոր է, որ ստեղծված իրավիճակն առաջացել է ոչ թե որևէ ժամանակավոր խնդրի պատճառով, որի չլուծված լինելը խոչընդոտել է նիստերի գումարմանը, այլ այն պայմանավորված է քաղաքական հայացքների և սկզբունքների խորը տարբերությամբ, որն ակնհայտ է, որ չի կարող շտկվել նաև առաջիկա 3 ամիսների ընթացքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Այսպիսով՝ կառավարությանն առաջարկվում է վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ: 

Հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրություններից հետո ընդամենը մեկ անգամ է կայացել Վանաձորի ավագանու նիստ՝ հոկտեմբերի 10-ին, որի ընթացքում փակ-գաղտնի քվեարկությանմբ քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի ներկայացուցիչ Մամիկոն Ասլանյանը։