11 հունվար, 2017 15:48

Վրաստանն ու Գազպրոմը պայմանավորվեցին․ փոխհատուցումը՝ դրամով

Վրաստանը դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց Գազպրոմից կստանա ոչ թե տարանցվող գազի 10 տոկոսը, ինչպես նախկինում, այլ գումարային փոխհատուցում։

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանը 2018 թվականից անցնելու է Գազպրոմի հետ ռուսական բնական գազն իր տարածքով Հայաստան տարանցելու դիմաց ֆինանսական փոխհատուցման պլանի։

Մինչ այդ, 2017 թվականին, Վրաստանը կշարունակի ստանալ իր տարածքով փոխադրվող ռուսական գազի 10 տոկոսը։

«Գազպրոմի հետ նախորդ պայմանագրի ժամկետը լրացել է դեկտեմբերի 31-ին, սակայն, բանակցությունների մի քանի փուլերից հետո մենք կարողացանք գալ փոխադարձ շահավետ համաձայնության. Վրաստանի կառավարությունը քննարկել է գործարքը և որոշել ստորագրել համաձայնագիրը: Ես ուզում եմ ընդգծել, որ Վրաստանի կախվածությունը ռուսական գազից չի աճի այս համաձայնագրի պատճառով: Միակ բանը, որ փոխվելու է՝ վճարման եղանակն է, որը ներառում է ֆինանսական փոխհատուցում բնական գազ ստանալու փոխարեն։ Ինչ վերաբերում է տարանցման արժեքին, այն կլինի եվրոպական երկրներում ամենաբարձրերից մեկը», - ասել է Կալաձեն:

Համաձայն գործող գործարքի, Վրաստանի տարածքով տարեկան 2,4 մլրդ խորանարդ մետր գազ է տարանցվում դեպի Հայաստան, որից  0.3 միլիարդը Վրաստանն ստանում է անվճար:

Գազպրոմը նմանատիպ գործարք էր առաջարկել անցյալ տարի՝ 2016 թվականին։ Սակայն բանակցությունների ուղղությունը փոխվեց 2016-ի մարտին, երբ Վրաստանը և ադրբեջանական SOCAR-ը պայմանագիր ստորագրեցին, որով ավելացվեցին Վրաստանին մատակարարվող ադրբեջանական գազի ծավալները։