11 հունվար, 2017 09:30

Yes, we did it․ Օբաման հրաժեշտի ելույթն է ունեցել

Հունվարի 10-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հրաժեշտի ելույթն է ունեցել բազմահազար հանդիսականների առջև՝ իր հայրենի քաղաք Չիկագոյում։

The New York Times-ը Օբամայի ելույթը որակել է կարոտաբաղձ և հուսառատ (nostalgic and hopeful): Օբաման ասել է՝ երկփեղկված երկիրը, որ ղեկավարել է ինքը ութ տարի և որի ղեկավարումը հանձնում է ժառանգորդին, չպետք է ընկրկի տնտեսական անհավասարության մարտահարվերների, ռասայական պայքարի, քաղաքական վտարյալության ու ընտրողների անտարբերության խնդիրների առջև, որոնք մինչ այժմ սպառնում են ժողովրդավարության իրենց տեսլականին։

Օբաման ընգծել է Ամերիկայի ժողովրդավարական ավանդույթների կարևորությունը՝ ասելով, որ ինքը ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղ ճանապարհով իշխանությունը փոխանցի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին, այնպես, ինչպես ութ տարի առաջ Ջորջ Բուշ Կրտսերը իշխանությունը փոխանցեց իրեն։

Բարաք Օմաբան խոսել է երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, տնտեսության, աշխարհում Ամերիկայի դերի և շատ այլ հարցերի մասին։

Օբաման զգուշացրել է, որ տնտեսական անհավասարությունը, ռասիզմը և սահմանափակ մտածելակերպը սպառնում են խարխլել երկրի ժողովրդավարական հիմքերը։

«Մենք թուլացնում ենք այդ կապերը, երբ մեզնից ոմանց ավելի ամերիկացի ենք համարում, քան մյուսներին, երբ ողջ համակարգին պիտակավորում ենք որպես անխուսափելիորեն կոռումպացված և երբ ծալում ենք մեր ձեռքերն ու մեղադրում մեր կողմից ընտրված ղեկավարներին՝ առանց հաշվի առնելու սեփական դերը նրանց ընտրության գործում», -  ասել է Օբաման։

Օբաման նշել է, որ հավատում է՝ նույնիսկ ամենախորը գաղափարական տարակարծությունները կարող են կամրջվել։ Նրա խոսքերն այնուամենայնիվ համեմված էին վրդովմունքով։

Օբաման ելույթն ունենում էր այն դահլիճում, որտեղ 2012 թվականին տոնել էր  նախագահական երկրորդ ժամկետի վերընտրությունը։ Երկրի սևամորթ նախագահը՝ մինչ այժմ ժողովրդականաություն վայելող ու մինչ այժմ լավատես, նախագահի պաշտոնին հրաժեշտ է տալիս Դոնալդ Թրամփի՝ այդ պաշտոնը ստանձնելուց տասը օր առաջ, և իշխանությունը հանձնում է մի մարդու, որը քարոզարշավի ընթացքում ռասիստական արտահայտություններ էր թույլ տվել։

Օբաման կրկին խոստացել է աջակցել իրեն հաջորդող նախագահին: Բայց նրա ելույթում առկա էր քողարկված կշտամբանք Թրամփի՝ քարոզարշավի ընթացքում առաջ քաշած որոշ դիրքորոշումների նկատմամբ՝ սկսած կլիմայի փոփոխության և մահմեդականների մուտքը երկիր բացառելուց մինչև Obamacare-ը՝ նրա իրականացրաած առողջապահական բարեփոխումը։

«Եթե տնտեսական ամեն խնդիր ներկայացվի որպես պայքար աշխատասեր սպիտակ միջին խավի և անարժան փոքրամասնությունների միջև, դա կհանգեցնի տարբեր ռասաների աշխատավորների՝ փշուրների  համար պայքարին, մինչդեռ ունևորները կպարփակվեն իրենց մասնավոր հարստության շրջանակներում»:

«Եթե մենք հրաժարվում են ներդրումներ կատարել ներգաղթյալների երեխաների համար միայն այն պատճառով, որ նրանք մեզ նման չեն, մենք նվազեցնում ենք մեր սեփական երեխաների հեռանկարները, քանի որ այդ թխամաշկ երեխաները  Ամերիկայի աշխատուժի ավելի մեծ մասնաբաժինը կունենան»:

Նրբանկատորեն անդրադառնալով հանրապետականներին, որոնք համառորեն ցանկանում են ուժը կորցրած ճանաչել իր նախագահության գլխավոր ձեռքբերումներից մեկը համարվող առողջապահական բարեփոխումը,  Օբաման ասել է.

«Եթե որեւէ մեկը կարող է մի ծրագիր կազմել, որը ակնհայտորեն ավելի լավն է առողջապահական համակարգում մեր կատարած բարելավումներից, այն է՝ ապահովագրել հնարավորինս շատ մարդկանց ավելի քիչ ծախսով, ապա ես  հրապարակավ կաջակցեմ դրան»:

Ելույթում եղել են նաև կարոտաբաղձ պահեր. Օբաման վերհիշել է 2008թ․ քարոզարշավը, որով մեկնարկեց իր անհավանական ուղին դեպի Սպիտակ տուն: Նա շնորհակալություն է հայտնել իրեն այդ հարցում աջակցած բոլոր անձանց՝ ավարտելով միտքը հանրահայտ «Այո, մենք կարող ենք» արտահայտությամբ։ Անդրադառնալով իրենց բոլոր ձեռքբերումներին՝ նա ասել է՝ «Այո, մենք դա արեցինք» (Yes, we did it!):

«Ինձ համար մեծագույն պատիվ էր ծառայել ձեզ։ Ես կանգ չեմ առնի. ավելի ճիշտ, ես միշտ ձեր կողքին կլինեմ որպես քաղաքացի, կյանքիս մնացած բոլոր օրերին»։

Երեկոյի ամենաբարձրագոչ ծափահարությունները հնչել են, երբ նա հարգանքի տուրք է մատուցել կնոջը՝ Միշելին՝ «Իմ լավագույն ընկերը» ձևակերպմամբ, և փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն Կրտսերին՝ «եղբայր» արտահայտությամբ։ Օբաման աչքերն էր սրբում՝ մինչ 18 հազարանոց դահլիճը ծափահարում էր և դոփում ոտքերով։

Օբաման հստակորեն նպատակ ուներ ազգային բեմի վրա իր վերջին ելույթով ուղերձ հնչեցնել։ «Ամերիկացիները պետք է գնահատեն իրենց ժողովրդավարությունը»,- շեշտել է Օբաման։ Տխրությամբ նշելով ընտրողների ցածր մասնակցության տոկոսները՝ Օբաման հորդորել է ակտիվ մասնակցություն ցուցաբերել։

«Եթե դուք հոգնել եք անծանոթների հետ առցանց բանավիճելուց, փորձեք բանավիճել մեկի հետ իրական կյանքում»:

«Ամերիկան  փխրուն չէ․․․ Բայց դեպի ազատություն ճանապարհին մեր ձեռքբերումները ապահովագրված չեն»։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի