30 հունվար, 2017 16:48

Համարձակվում եմ ասել` կյանք է, մի՛ կռվեք

Ղարաբաղի պատերազմի մասին ֆիլմ նայել չէի ուզում, որովհետև այդ պատերազմն իմ ձևավորման վրա ծանր հետք թողած ու, որ ամենակարևորն է, դեռ չավարտված պատերազմ է: Բացի այդ երկրում, որն իմն է, ու որտեղ ապրում եմ, կինոյից առաջ ավելի լուրջ հարցեր կան, ու կինո վերլուծելու լրջությունը մի քիչ հետաձգվել է: Ղարաբաղի պատերազմը դեռ չի հասցրել հուշ դառնալ՝ գոնե ինձ համար: Բայց համատարած հիացմունքը «Կյանք ու կռիվ» ֆիլմի շուրջ, մանավանդ այն մարդկանց հիացմունքը, որոնք ֆիլմարվեստից կարծես թե լավ են հասկանում ու ունեն ճաշակ, ինձ ստիպեց նայել հանրային առաջին ալիքով:

Ես հասկացա, որ մենք պատերազմը, կորուստը, տխրությունը, անցյալի հանդեպ կարոտախտը շփոթում ենք ֆիլմ քննարկելու հետ և սիրում ենք ոչ թե ֆիլմը՝ այլ մեր զոհվածներին, մենակ մնացած աղջիկներին, զոհված հայրերին, անցած տարիները: Եվ այդ պատճառով ձևավորվում է պրոֆիլակտիկ հիացմունք և ապա անկարելի է դառնում քննարկումը, քննադատությունը:

Ֆիլմն ուներ մի նորություն, որը թեև ոչ տիտանական նորություն էր, բայց հայկական հեռուստաալիքներ նայող հայ հանդիսատեսի համար շատ հաճելի նորույթ էր. մենք տեսանք նոր դեմքեր, որոնք, հավանաբար ռեժիսորի ջանքերով և սեփական օժտվածության շնորհիվ հաճելի են նայվում ու լսվում են: Նրանք խոսում են բնական, շարժվում են բնական, նրանց հումորը ժպիտ է առաջացնում, զրուցում են, ոչ թե արտաբերում տեքստ:

Գլխավոր հերոսի դերակատար Սամվել Թադևոսյանը նոր դեմք է մեր կինոյում և շատ հաճելի դեմք, որին խաղի ընթացքում ուզում ես ճանաչել իր խաղի ու խոսքը բնական արտաբերելու միջոցով, այլ ոչ թե հայկական սերիալ երևույթին զոդած՝ «բեմական խոսքի վարպետությամբ», որից քիչ թե շատ կինո ու թատրոն տեսած հանդիսատեսի ուղեղը ամաչում է:

Ֆիլմն ուներ ստացված կերպար՝ նախկին դատախազը, որի կատարումը լավագույնն էր: Բայց այստեղից սկսենք.

Ղարաբաղյան պատերազմն իր ողբերգական ընթացքով ու շարունակությամբ շատ տարողունակ երևույթ է, ինչպես բոլոր պատերազմները: Պատերազմի մասին կինոն իհարկե կարելի է պատմել երկու մարդու իրար սիրելու ֆոնի վրա՝ ինչ խոսք և պատերազմի մասին անարյուն ֆիլմերը լավագույնն են: Բայց մեր ֆիլմերը այդ կռվի մասին միշտ տեղավորվում են «տղան գնաց կռիվ, աղջիկը մնաց մենակ» ֆորմատում:

Այս անգամ մի շտրիխ էր ավելացել՝ հիմնականը դառնալու նկրտումով. ֆիլմն ուզում էր ասել, թե գլխավոր հարցը վախը հաղթահարելու քայլ անելն էր: Լավ միտք է, և դրա վրա կարելի էր կառուցել բազմաշերտ իրադարձային ֆիլմ, բայց գանք գլխավոր հարցին՝ ֆիլմի լավագույն մենախոսությունը դատախազ պապի մենախոսությունն էր, որ ափերից դուրս եկած բղավում էր թոռան վրա, որ նա ապրելուց վախենում է, կռիվ գնալուց վախենում է, երկիրը թողնելուց վախենում է… ու հետո ամբողջը կառուցվում է սրա վրա:

Բայց սիրելի հանդիստաեսը մոռանում է հարցնել՝ իսկ որտե՞ղ մենք տեսանք, որ գլխավոր հերոսը վախենում է: Կներեք, բայց ոչ մի տեղ: Մենք դա չենք տեսնում, մեզ այդ մասին ասում են՝ արագ և կոնկրետ: Իսկ դա արդեն կինո չէ, այլ լրատվություն: Հերոսը բոլորովին վախկոտ չէ, ընկերների հետ լավ էլ համարձակ կռվում է իրենց վրա հարձակված տղաների հետ: Շատ աշխույժ, հումորով  տղա է, բոլորովին կոմպլեքսավորված չէ, ինչպես մեզ մատուցում է հերոսուհին, և մենք ոչ մի տեղ չենք տեսնում պապի ու հերոսուհու հնչեցրած մեղադրանքները:

Ֆիլմը հիմնված է դատախազ պապի մենախոսության վրա, որ չի կարելի ապրել վախենալով, բայց վախեցող մարդ այդ ֆիլմում չկար: Գլխավոր հերոսի վախենալը ոչ մի տեղ չի երևում, այդ մասին մեզ տեղեկացնում են: Տղան կրթված, ընկերական լավ շրջապատով, համալասարանում ամենաբարձր IQ-ով, հետաքրքիր արտաքինով երիտասարդ է: Վախի ու բարդույթների մասին ոչ մի ակնարկ, բացի ուղիղ տեքստով հանդիստաեսին հրամցվող, չհիմնավորված մեղադրանքից: Դատախազ պապի կերպարը շատ հաջողված լինելով, այնուամենայնիվ, իր չափազանցված զայրույթով հարց է առաջացնում՝ ինչու՞: Ինչո՞վ է հիմնավորված այդ ցասումը համալսարանում ամենաբարձր IQ-ով, պապի խորհրդով բանակից խուսափելու համար գյուղում դասատու աշխատող, չորս լեզվի տիրապետող՝ գեղեցիկ, բարձրահասակ, լավ ընկերներ ունեցող թոռան հանդեպ այդպիսի հզորության ցասումը: Չի հմնավորվում:

Ֆիլմում հատուկ ջոկատայինը ոստիկանատուն է մտնում իր զինվորներով ու ազատում անարդարացիորեն կալանավորված զինվորին: Հանդիստաեսին սա դուր է գալիս, որովհետև հաղթում է արդարությունը: Բայց ֆիլմում, ինչպես շատ դրվագներում, ընդհատվում է գաղափարի հասունացումը. այն, որ ի հակադրություն ամենակարող պաշտոնյայի ու իր պորտաբույծ, բայց ապահով տղայի կերպարների՝ սկսում է ձևավորվել ռազմական ուժի ամենաթողությունը, զինվորականի բռնապետությունը, որն իր հետ բերում է պատերազմը: Այս թեման չի բացվում, որովհետև հատուկ ջոկատի հրամանատարը բացարձակ դրական հերոս-կերպար է, իսկ իրականում պատերազմի շարունակության մեջ հենց այս ուժի քաղաքացիականացումը լուրջ թեմա է պատերազմի մասին պատմող կինոյում:

Առհասարակ, ֆիլմն ընթանում է այնքան շտապ, որ թվում է՝ անընդհատ լսում ես հաղորդավարի՝ «մեր ժամանակը մոտենում է ավարտին» նախադասությունը: Եվ ժամանակի սղության  պատճառով տղան պետք է հասցնի հրաժարվել աղջկանից, որն ըստ էության չի էլ լինում, աղջիկը պետք է հասցնի խռովել՝ չգիտես ինչից, պիտի հասցնի ամուսնանալ: Հերոսը պետք է հասցնի մեռնել, պապը պիտի հասցնի արտասանել իր ուժեղ մենախոսությունը, բայց առանց այդ ամենը հասունացնող դեպքերի, երկխոսությունների. իսկ եթե չենք հասցնում, պետք է հաղորդել, որ այսինչը վախենում է, այնինչը ամուսնացավ, սա հերոս է, նա՝ ոչ: Հանդիսատեսը այդ ամենի հասունացումը չի տեսնում:

Հերոսուհու ու հերոսի սերը մի վայրկյանում ակնարկվում է, տղան չի հասցնում նույնիսկ մի բան ասել: Աղջիկն արդեն վիրավորված է ու ամուսնաում է ուրիշի հետ՝ մի տարուց երեխա է ունենում, նախկին սիրելիին խնդրում է կնքահայր լինել. «հաղորդումը մոտենում է ավարտին»…

Ֆիլմի ամենաոչ համոզիչ դերակատարումը հերոսուհին ու նրա մայրն են, որքան էլ որ գեղեցիկ կանայք լինեն: Մոր կերպարը առանց որևէ միլիմետր տարբերության վերցված է նախկին սերիալից՝ միշտ տառապած, միշտ հոգնատանաջ, միշտ շատ գրական տառապող ու խոհանոցում վերամբարձ մտքեր ասող մայրիկի կերպարից: Հերոսուհին նույն աչք-ունքի խաղով՝ թարս նայելով, ծպպացնելով, խաղիկներ տալով ու հոգնեցնող, թեև շատ գեղեցիկ:

Ֆիլմ նայելիս դեռ փոքրուց մի շատ որոշող վիճակ կար ինձ համար․ եթե դեմքս շրջում էի, որ չտեսնեմ, ուրեմն վատ են խաղում ու վատ խաղից ամաչում եմ կամ շատ կեղծ իրավիճակ է ու ամաչեցնում է: Այս ֆիլմում մի քանի այդպիսի դրվագ կար: Ես նկատել եմ, որ այս ամաչելը լինում է միայն հայկական կինոյի դեպքում՝ ոչ այն պատճառով, որ այլ ֆիլմերը վատը չեն լինում (լինում են և շատ), բայց հայերեն հնչող վատ խաղից, խոսքից է միայն այդպիսի ուղեղի ֆիզիոլոգիական արձագանք լինում:

Եվ մի անկարևոր թվացող բանի մասին. 90-ականների սկզբին քաղաքում դեռ ձևավորված չէր այն միջնադարյան ավանդույթը, որ աղջկա եղբայրը պետք է հավանություն տա աղջկա ընտրությանը՝ մասնակցի դրան, իրենից թույլտվություն վերցնի.  դա 2000-ականների հայկական «նվաճում է»: Այս ֆիլմն իմ սերնդի մասին է, մենք ենք ուսանող եղել պատերազմի ժամանակ: Այդ ժամանակ այլ բարքեր էին՝ գուցե իմ սոցիալական խավում, բայց ես շատ ընկերներ ու ծանոթներ ունեմ, որոնք այլ սոցիալական շերտերի պատկանելով՝ ազատ էին ու ինքնուրույն: Մեր սերնդի աղջիկները իրենց սիրած տղաների հետևից գնում էին Ղարաբաղ, նստում էին ռացիաների կողքին, որ լուր ստանան, ու ոչ մի եղբոր կամ հոր թույլտվություն չկար, սիրելի՛ սցենարիստ և ռեժիսոր:

Հետո, երբ ընտանիքի հայրը ճակատում հրամանատար է ու հեռուստալուրերով լսում են, որ հենց էդ հատվածում շատ թեժ մարտեր են, զավակները ռեստորանում ծնունդ չէին կարող նշել. սա ըստ իս:

90-ականների պատերազմի ժամանակ լազուր կապույտ Մելանյա Թրամփի կոստյումի գույնի վերարկու քաղաքում չկար, ինչքան էլ դա սազեր չքնաղ արտաքինով գլխավոր հերոսուհուն՝ կարգին հագնվող մարդ չկար՝ բացառությամբ իշխող վերնախավի տիկնանց ու սիրուհիների, ժամանակներն այլ էին, հագուստները՝ խեղճ: Այ լուսանկարող տղայի բաճկոնը ճիշտ այդ թվերի էր: Իսկ գլխավոր հերոսի՝ բարակ, բրդյա, բեժ, թեթև վերարկուն անգամ դատախազ պապի օրոք չափազաանցություն էր. դա այս թվերի նորաձևություն է։ Մանրուք է, բայց...

Ղարաբաղի պատերազմի թեման ամենածանր, իր  ընթացքով ու հետքով ամենաողբերգական, ամենաբազմաշերտ հատվածն է ժամանակակից հայ իրականության և գողտրիկ դրվագներով: Ֆիլմերից բացի, անհրաժեշտ է համայնապատկերային, ծավալուն, անկողմնակալ էկրանավորում՝ առանց սերիալային դեմքերի, որոնց տեմբրը անգամ անջատած հեռուստացույցի միջից տխրեցնում է և կիրառելի է միայն վերցված պարտքը ուշացնելու մասին պատմող հայկական սյուժեներում: Իսկ դրա համար անհրաժեշտ են ԲՈՒՀ, կրթություն, բարձրաճաշակ ու ինտելեկտուալ ուսուցիչներ, վարպետներ և նման բաներ…

Իսկ ես՝ որպես այդ պատերազմի սերունդ, վիրավորված եմ այդքան մակերեսային, պարզունակ ու հապճեպ ամփոփումից՝ իմ սերնդի ողբերգության:

Ես հարգում եմ բոլորիդ հիացմունքը, նույնն ակնկալում եմ իմ տեսակետի հանդեպ:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: