10 փետրվար, 2017 12:33

Հայրենասիրական որդը մտել էր խորհրդարան

Բլոգեր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու հաջորդ առավոտյան Հայաստանի Ազգային ժողովը նման էր մեռելատան։ Բոլոր խմբակցություններն ու նրանց ներկայացուցիչները լուրջ ու սգավոր դեմքով դատապարտում էին Բելառուսին ու ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ձեռքի հետ էլ՝ Իլհամ Ալիևին։

Ինչ առաջարկ ասես, որ չէին անում` խորհրդակցությունների համար շտապ Մինսկից հետ կանչել դեսպան Արմեն Խաչատրյանին, Առինջ գյուղից (այո, պարոնայք, Հայաստանում Բելառուսի դեսպանատունը Գագիկ Ծառուկյանի տան մոտ է, իսկ Ծառուկյանը շրջում է Հայաստանում Բելառուսի դեսպանատան համարանիշերով) վտարել Բելառուսի դեսպանին, բոյկոտել բելառուսական ապրանքները, խզել դիվանագիտական հարաբերությունները։

Հետո՞։ Հաշվարկ կատարե՞լ եք, թե դրանից ինչ կշահի և կկորցնի Հայաստանը։ Մտածե՞լ եք այն 20-25 հազար հայերի մասին, ովքեր ժամանակավոր աշխատանք են գտել Բելառուսում և այնտեղից կերակրում են Հայաստանում գտնվող ընտանիքներին։ Պատկերացնո՞ւմ եք չէ, որ Լուկաշենկոն այն տիպն է, որ կնեղի մեր հայրենակիցներին, որոնք արդեն նեղվել են Սերժ Սարգսյանից ու մյուս չընտրվածներից և հեռացել հայրենիքից։

Օ՜, կասեք, իսկ մեր արժանապատվությո՞ւնը։

Անկասկած, բլոգեր Լապշինին Բելառուսից Ադրբեջան արտահանձնումը նաև մեր արժանապատվության խնդիրն է։

Բայց արդյոք դեսպաններ վտարելն ու դեսպանատներ փակելը, դիվանագիտական կապերը խզելը համարժեք պատասխան է և արդյոք դրանից Լուկաշենկոն դաս կքաղի։

Երբ Հունգարիան Ադրբեջանին փոխանցեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, Երևանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ։ Եվ ի՞նչ եղավ դրանից հետո։

Լավ, ընդունենք, որ դա էլ արժանապատվության խնդիր էր։ Եվ, իրոք, էր։

Ու հիմա ի՞նչ եք առաջարկում՝ արժանապատվությո՞ւնը դնենք մեր արտաքին քաղաքականության հիմքում։

Հնարավոր է, չէ՞, մի օր էլ Իլհամ Ալիևը մեր դեմ հանի ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի հետ գտնվող Ղազախստանին, ապա՝ Ղրղզստանին։

Հնարավոր է, չէ՞, մի օր էլ մեր դեմ հանի մուսուլմանական աշխարհի երկրներին։

Հիմա էլ կարծես կարողանում է Ուկրաինային հանել մեր դեմ։

Եվ ի՞նչ, ամեն անգամ խորհրդարանը վերածելու եք մեռելատա՞ն, ամեն անգամ հայրենասիրական դասե՞ր եք տալու, կո՞ւրծ եք ծեծելու, առաջարկելու եք դեսպանատնե՞ր փակել, դեսպաննե՞ր վտարել, դիվանագիտական հարաբերություննե՞ր խզել։

Հայրենասիրությունն ու արժանապատվությունը Ձեզ խեղդում է։ Իսկ ինչո՞ւ էիք պապանձվում, երբ Նազարբաևը հեռուստաէկրանների առաջ ստորացնում էր Ձեր շեֆին։ Ո՞ւր է Ձեր արժանապատվությունը, երբ մի գիշերվա մեջ Ձեր ղեկավարին ստիպում են առանց հարցեր տալու ստորագրել և  մտնել ԵՏՄ։

Որևէ երկիր ու որևէ առաջնորդ Ձեր հոխորտանքների վրա թքած ունի։

Հունգարիան, մարդասպանին Ադրբեջան փոխադրելով ոչ միայն ստացավ գումար, այլ վստահ էր, որ Հայաստանը այն երկիրը չէ, որ կարող է ցավ պատճառել իրեն։

Լուկաշենկոն, Լապշինին հանձնելով Ադրբեջանին, ոչ միայն ստացավ խոստում Ալիևից, այլև վստահ է, որ Հայաստանը այն երկիրը չէ, որ կարող է ցավ պատճառել իրեն ու իր երկրին։ Եթե փոքր-ինչ կասկած ունենար, հազար անգամ կմտածեր նախքան Լապշինին վաճառելը։

Ու քանի դեռ մենք չունենք ցավ պատճառելու գործիքներ, քանի դեռ Հայաստանին ու նրա առաջնորդներին արհամարհում են աշխարհում արհամարհված Լուկաշենկոյի, Նազարբաևի նման ավտորիտարներ, նման միջադեպերը կրկնվելու են։

Եվ վերջում․Լապշինի համար ցավում՝ լավ եք անում, հայրենասիրական որդը ընտրություններից առաջ նորից կրծում է Ձեր խիղճը։

Իսկ ե՞րբ եք խիղճ ունենալու մեր ներքին հարցերում։ Երբ մեր բանտերում կան Գևորգ Սաֆարյանի ու Վոլոդյա Ավետիսյանի նման քաղբանտարկլյալներ։ Երբ Մարտի 1-ից հետո բանտերը լցրել էիք քաղբանտարկյալներով ու պատանդ էիք պահում նրանց։

Ե՞րբ եք ձայն հանելու Սերժ Սարգսյանի ու Հանրապետական վարչակարգի դեմ։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: