16 փետրվար, 2017 12:32

Հացադուլ՝ Հաց բերողին ազատելու պահանջով

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանը երեկ առավոտյան հացադուլ է հայտարարել դատապարտյալների հիվանդանոցում՝ պահանջելով ազատ արձակել «Հաց բերողին»՝ Արթուր Սարգսյանին։

Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը նման ծայրահեղ քայլի է դիմել՝ պահանջելով ազատ արձակել Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին։

«Մի մարդ, ում միակ արարքը եղել է «Սասնա ծռերին» հաց բերելը, և ով ծանր առողջական խնդիրներ ունի, չպետք է ենթարկվի նման անմարդկային վերաբերմունքի»,- փոխանցել է իր պաշտպանյալի խոսքերը Արայիկ Պապիկյանը։

Երեկ կեսօրին Աշոտ Պետրոսյանին դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Ըստ պաշտպանի՝ Պետրոսյանի հացադուլը և նրա տեղափոխումը համընկել են։

«Այսօր այցելելու եմ Աշոտ Պետրոսյանին՝ տեսնելու, թե ինչ պայմաններում են նրան պահում։ Աշոտ Պետրոսյանն ունի հատուկ խնամքի կարիք՝ հաշվի առնելով ոտքի շրջանում նրա վնասվածքը։ Եթե բանտախցի պայմանները մեզ չբավարարեն, կդիմենք համապատասխան մարմիններ՝ նրան տեղափոխելու պահանջով»։

2016թ․ օգոստոսին ևս Աշոտ Պետրոսյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով հանդիպում կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի հետ։ Տիգրան Մանսուրյանի այցից հետո Պետրոսյանը դադարեցրել էր հացադուլը։

***

2016-ի հուլիսի 26-ին Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորմանը։ «Սասնա ծռերի» հանձնվելու օրը՝ հուլիսի 31-ին, Արթուր Սարգսյանը խմբի այլ տղաների հետ միասին կալանավորվեց։

Նրան, ինչպես և ամբողջ խմբին, մեղադրանք առաջադրվեց պատանդ վերցնելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածներով։ Դեկտեմբերի 17-ին Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Սարգսյանի բուժումն ապահովելու և նրա հանդեպ անմարդկային վերաբերմունքը դադարեցնելու նպատակով։ Օրեր անց՝ դեկտեմբերի 30-ին, Արթուր Սարգսյանը կալանքից ազատվեց։ Փետրվարի 9-ին նրան կրկին կալանավորեցին՝ քննչական մարմնի պահանջով փետրվարի 3-ին չներկայանալու հիմնավորմամբ։

Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանի խոսքով, ինքը նախապես քննիչին տեղյակ էր պահել իր և իր պաշտպանյալի չներկայանալու մասին և խնդրել տեղափոխել հանդիպման օրը։