17 փետրվար, 2017 14:13

Ամեն ինչ անելու ենք, որ երկրում քաղբանտարկյալներ չլինեն․ Սեյրան Օհանյան

«Ամեն ինչ անելու ենք, որ երկրում քաղբանտարկյալներ չլինեն»․ այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանը՝ Վարդան Օսկանյանի և Արմեն Մարտիրոսյանի հետ այսօր մասնակցում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին մամուլի ասուլիսին։

Օրերս Սեյրան Օհանյանը ի պատասխան լրագրողի հարցի՝ համաձայնել էր, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Այսօր հրավիրված ասուլիսին լրագրողի՝ քաղբանտարկյալների առկայության մասին դիտարկմանն ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես քաղբանտարկյալների մասին խոսելիս անուններ չեմ տվել, որովհետև ես չէ, որ պետք է քաղբանտարկյալի սահմանում տամ, այլ համապատասխան իրավական մարմինները և ներկայիս իշխանությունը»։

Լրագրողի կողմից Ժիրայր Սեֆիլյանի և Վոլոդյա Ավետիսյանի անունների հիշատակմանը Օհանյանը արձագանքեց․ «Ես թե՛ Ժիրայր Սեֆիլյանին, թե՛ Վոլոդյա Ավետիսյանին հարգում եմ, նրանք բոլորը մեր մարտական ընկերներն են, հատկապես Սեֆիլյանը, որ տարբեր հրամանատարական պաշտոններ է ունեցել»։

Հարցին՝ արդյոք իշխանության գալով՝ Սեյրան Օհանյանը կբացահայտի՞ պետական համակարգում առկա արատավոր երևույթները, Օհանյանը նշեց, թե լավատեղյակ լինելով համակարգի թերություններից և բացթողումներից, իշխանության գալով կշտկի դրանք։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ասուլիսի ընթացքում լրագրողի դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանը երկար տարիներ աշխատելով պետական համակարգում, հավանաբար տիրապետում է իշխանության գործունեության վերաբերյալ «էքսկլյուզիվ» տեղեկատվության, Օհանյանը արագանքեց՝ ասելով,, որ իրենց դաշինքի՝ իշխանության գալու դեպքում իրենք բացառապես գործելու են օրինական դաշտում։