17 փետրվար, 2017 14:25

Անհրաժեշտության դեպքում կարելի է հետ բերել կորցրած տարածքները․ Սեյրան Օհանյան

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը անհրաժեշտության դեպքում կարող է հետ բերել կորցրած տարածքները․ այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանը՝ Վարդան Օսկանյանի և Արմեն Մարտիրոսյանի հետ այսօր մասնակցում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին մամուլի ասուլիսին։

Ապրիլյան պատերազմում կորցրած տարածքների վերաբերյալ հարցին Սեյրան Օհանյանը պատասխանեց․

«Մենք թույլ չենք տվել հակառակորին ավելի խորը մխրճվել։ Այն տարածքները, որոնք այսօր գտնվում են հակառակորդի մոտ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության, անհրաժեշտության դեպքում նաև ակտիվ կրակային խոցման և գոծողությունների շրջանակում կարող են վերականգնվել, ետ վերցվել»։

Օհանյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը կատարել են իրենց առջև եղած խնդիրը։

«Հայկական բանակն այսօր կայացած կառույց է, որն ի վիճակի է ապահովել մեր երկրի և Արցախի անվտանգությունը։ Ապրիլյան իրադարձությունները փաստեցին, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարական կազմի և զինվորների հերոսությունների հետևանքով Ադրբեջանը չկարողացավ իրականացնել իր ծրագրերը»,- նշեց Օհանյանը։

Մարտական գործողությունների ժամանակ բացահայտվեցին սխալներ՝ հիմնականում որոշ հատվածների կառավարման համակարգում և գործողություններում։ Չեմ կարծում, որ բանակն է այն միակ կառույցը, որը պետք է թիրախավորել որպես կոռուպցիոն ռիսկերի վայր։

Սեյրան Օհանյանն ասաց, որ անհամաձայն է եղել Ապրիլյան պատերազմից պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատենիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի պաշտոնանկությանը։

Իր սխալների մասին հարցին նա պատասխանեց․ «Ես երբևէ չեմ ասել, որ ես անսխալական եմ։ Որպես պաշտպանության նախարար մի քանի սխալներ եմ արել։ Առաջինը՝ միգուցե բավարար հետևողական չեմ եղել իմ նշած ոլորտները բարելավելու գործին։ Երկրորդ՝ երկար վերլուծություններից հետո չեմ եզրակացրել, որ պետք է տվյալ համակարգից դուրս գամ։ Եվ երրորդ՝ իմ կոլեկտիվում վերահսկողական թերություններ են եղել»։