17 փետրվար, 2017 16:04

Ապրիլյան ընտրություններին ընդառաջ՝ 5 դաշինք, 4 կուսակցություն, 1539 թեկնածու

Ապրիլյան խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 դաշինք և 4 կուսակցություն, ընդհանուր առմամբ, 1539 քաղաքացի ցանկանում է դառնալ պատգամավոր։ Քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին։

Փետրվարի 17-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետոն և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրին ընտրությունների հետ կապված նորամուծությունները։

Ապրիլի ընտրություններում կիրառվելիք էլեկտրոնային սարքավորումներն առաջին անգամ փորձարկվել են փետրվարի 12-ին Հայաստանի երկու համայնքների՝ Սեմյոնովկայի ու Վարդանաշենի համայնքային ընտրություններում։ Նախատեսվում է համակարգում կատարել որոշակի շտկումներ։

«Մի խումբ հարցեր վերաբերում էին զուտ վերահսկողությանը։ Որոշ հարցեր կային, որ վերաբերում էին հանձնաժողովի անդամների աշխատանքին։ Սարքը, երբ տպում է կտրոնը, դրա վրա նշվում է ընտրողի հերթական համարը ու ինչի համար է դա նշվում, որպեսզի երբ հետո մատյանում ընտրողը ստորագրի, որ հեշտ գտնեն ընտրողին։ Պարզ բան է միգուցե, բայց հանձնաժողովը հարց բարձրացրեց, որ այդ թիվը այնքան ցայտուն պետք է լինի, որ նրանք ժամանակ չծախսեն որոնելու, թե որտեղ է թիվը։ Նմանատիպ փոքր հարցերը շատ կարևոր են, մանավանդ երբ ընտրողների հոսք է սկսվում»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Հայաստանի շուրջ 2000 ընտրատեղամասերից տեսախցիկներ տեղադրվելու են 1500-ում, և ընտրական պրոցեսն այդ տեղամասերում ուղիղ եթերով հեռարձակվելու է։ Ի սկզբանե նախատեսվում էր ուղիղ եթեր ապահովել բոլոր տեղամասերից, սակայն Հայաստանի ու միջազգային կառույցների ֆինանսական կարողությունները  թույլ չտվեցին իրականացնել այս գործընթացը բոլոր տեղամասերում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասում է, որ դեռ հստակեցված չէ 1500 ընտրատեղամասերի ցանկը.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առանց հստակեցնելու, թե որ ընտրական տեղամասերն են, կայացրել է որոշում թույլատրել տեղամասային կենտրոններում տեղադրել սարքավորումներ։ Ցանկը դեռ հայտնի չէ։ Հանձնաժողովի տեսանկյունից միևնույն է, թե որ 1500 տեղամասերում կլինեն»։

Հայաստանում ՄԱԿ գրասենյակը նոր ընտրական փոփոխությունների հիմնական ֆինանսավորողներից է։ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետոն հույս ունի, որ ապրիլյան խորհրդարանական ընտրություններում նոր տեխնիկական սարքերի գործարկումը թույլ կտա ավելի լավ ընտրություններ անցկացնել ու սահմանափակել ընտրակեղծիքները։  

 Մկրտիչ Կարապետյան