17 փետրվար, 2017 12:01

Բրիտանացի իրավաբանին Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկել

Բրիտանիացի իրավաբան Ռեմութ Ռեմըզեթին (Ramute Remezaite), որը Բաքու էր ժամանել շաբաթ օրը, ձերբակալել են, ապա արտաքսել երկրից։  «Ու այդտեղ ես հասկացա, որ եկել է Ադրբեջանի համար վատ մարդ լինելու իմ հերթը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Մարդու իրավունքների փաստաբանների եվրոպական ասոցիացիայի (European Association of Lawyers for Human Rights) անդամ Ռեմըզեթը ադրբեջանական վիզան ստացել էր անցյալ շաբաթ Լոնդոնում։ Իր երկու գործընկերների հետ նա ժամանել էր Բաքու օտարերկրյա դեսպանատան հրավերով, բայց սահմանային վերահսկողությունն անցնելիս հայտնել են, որ «չնայած վիզայի առկայությանը, նրա՝ Ադրբեջան մուտքի հետ խնդիր կա»:

«Աշխատակիցներից մեկն ինձ ասաց, որ այդ համակարգում «Ստոպ» նշան կա, և ես չեմ կարող մուտք գործել երկիր»,- գրել է նա՝ հավելելով, որ իրեն հետ են ուղարկել առանց որևէ բացատրության կամ փաստաթղթի: «Այս ամենը նշանակում է, որ ես անցանկալի անձ եմ Ադրբեջանում և մոտ ապագայում չեմ կարող այցելել այս երկիր»։

«Դա նաև նշանակում է, որ դուք չեք կարող Ադրբեջան այցելել, եթե պաշտպանում եք մարդու իրավունքները և չեք լռում, երբ որևէ վարչակարգ կամ երկիր ճնշում է իրավունքներն ու ազատությունները »,- գրել է Ռեմութը։ Նա ամբողջ գիշերն անցկացրել է արտաքսվածների համար հատուկ սենյակում, անվտանգության երեք աշխատակիցների մշտական հսկողության տակ։

Ռեմըզեթը իրավաբան է, որը վերահսկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարումը Ադրբեջանում: Նա նաև աշխատել է Եվրոպական դատարանում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիների հայցերի պաշտպան, և հոդվածներ է հրապարակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մասին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կամ սահմանապահ ծառայությունները չեն մեկնաբանել այս դեպքը։