21 փետրվար, 2017 09:33

Ղարաբաղ․ ֆուտուրիստական ակնարկ

2017թ․ հուլիս

Ավարտվում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետը։ Խորհրդարանի մի քանի քաղաքական ուժեր՝ իշխող «Ազատ հայրենիք» կուսակցությունը, Արցախի դեմոկրատական կուսակցությունը նոր Սահմանադրությամբ նախատեսվող անցումային փուլում առաջադրում են Բակո Սահակյանի թեկնածությունը։ 33 հոգանոց խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ Բակո Սահակյանին ընտրում է նախագահ՝ երեք տարի ժամկետով, մինչև գործող խորհրդարանի լիազորությունների ավարտը։

Արայիկ Հարությունյանը՝ իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը և վարչապետը, նշանակվում է պետական նախարար։

2020թ․ մայիս

Ավարտվում է Ղարաբաղի վեցերորդ գումարման խորհրդարանի ժամկետը։ Քաղաքական նույն ուժերը առաջադրում են Բակո Սահակյանի թեկնածությունը արդեն համապետական նախագահական ընտրություններում։ Արցախի մտավորականությունը սկսում է ակտիվորեն պաշտպանել Սահակյանի թեկնածությունը, ներքին քարոզչությունն ուղեկցվում է Ադրբեջանի դեմ պետությունից ուղղորդվող և սնվող հայրենասիրական պրոպագանդայով։ Սահակյանի թեկնածության դեմ հանդես եկողները անվանվում են երկրի թշնամի։

Բակո Սահակյանը առաջին փուլով ընտրվում է Լեռնային Ղարաբաղի նախագահ։

2025 թ․ մայիս

Բակո Սահակյանն արդեն 18 տարի Լեռնային Ղարաբաղի նախագահն է։ Երկրում քաղաքացիական հասարակություն ու քաղաքական ընդդիմություն չկա։ Եղած պատառիկներն էլ տեղափոխվել են Երևան։ Ցանկացած ընդդիմադիր միտք ու անձ հայտնվում է կառավարամերձ քարոզիչների արկակոծությանը։ Առանց այն էլ մեկ բյուջետային հիմնարկ հիշեցնող Ղարաբաղի տնտեսությունը ավելի անարդյունավետ է դարձել, տնտեսական մրցակցություն չկա, մի քանի շահութաբեր ոլորտներ՝ էներգետիկա, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, սերտաճած են իշխանություններին։ Պետական գնումների ոլորտն ամբողջությամբ տնօրինվում է իշխանության կողմից, միջազգային կառույցների բացակայության պայմաններում շարունակվում է Ղարաբաղի կառավարության ոչ թափանցիկ գործունեությունը, գերատեսչությունները չեն հրապարակում իրենց ծախսերը, Հայաստանից ստացվող վարկերի նկատմամբ չկա վերահսկողություն ո՛չ Հայաստանի կառավարության, ո՛չ էլ Ղարաբաղի որևէ այլ կառույցի կողմից։ Պետական պատվերները, հատկապես՝ շինարարության ասպարեզում, շարունակում են տրվել իշխանամերձ մի քանի ընկերությունների։

Ծաղկում է կոռուպցիան, հովանավորչությունը, կառավարությունը հանրության առջև որևէ հաշվետվողականություն չունի։

Ղարաբաղը միջազգային զեկույցներում հետընթաց է արձանագրում, նրա տարածքը մշտապես ներկվում է նույն՝ Ադրբեջանի գույնով։ Ժողովրդավարական լուրջ հետընթացի պայմաններում միջազգային հանրությունն ու հատկապես արևմտյան երկրներն ավելի քիչ համակրանք ունեն ինքնորոշման իրավունքի համար պայքարող Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

65-ամյա Բակո Սահակյանի թեկնածությունը առաջադրվում է նախագահության վեցերորդ ժամկետի համար։ Համապետական ընտրություններում նա վերընտրվում է։ Հարևան Ադրբեջանում Իլհամ Ալիևը իշխանության ղեկին է արդեն 22 տարի, Բակո Սահակյանը՝ 18 տարի։

***

Այս սցենարներին միմիայն կարող է խանգարել տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխությունը՝ բանակցությունների կամ պատերազմի արդյունքում, Հայաստանում վերնախավի կամ վերնախավի մոտեցման փոփոխությունը կամ ֆորս մաժորային այլ իրավիճակ։

Դրանք հորիզոնում չեն երևում։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: