23 փետրվար, 2017 16:35

Հայաստան-Իրան երկաթուղու թնջուկը․ անհայտ ներդրողներ, փոշիացած փողեր և խաբված հանրություն

2008թ․ հոկտեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «առաջիկա ամիսներին սկսվելու է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը»։ Ինը տարի անց Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրում որևէ առաջընթաց չկա։ Սակայն Հայաստանի կառավարությունն այս տարիների ընթացքում «Ռասիա ՖԶԷ» անունով կասկածելի օֆշորային ընկերություն էր գտել, 2009թ․ էլ ստեղծել էր «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ, որին (լուծարվեց 2017թ․ հունվարին) հատկացվել է 253 միլիոն դրամ։

Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի շուրջ եղել են նաև ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող պնդումներ։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե Ասիական զարգացման բանկը 1.5 միլիոն դոլար է հատկացրել երկաթգծի նախագծման աշխատանքներն իրականացնելու համար, մինչդեռ Բանկը նշում է, որ երբևէ որևէ մասնակցություն չի ունեցել այս ծրագրին։ ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ Հայաստան-Իրան երկաթուղու թնջուկը։

Դուբայի անհայտ ներդրողների անհայտ հնարավորությունները

2008-ից ի վեր՝ Հայաստան-Իրան երկաթուղի կառուցելու ծրագրի գնահատվող արժեքն անընդհատ փոփոխվել է։ Սկզբից տրանսպորտի և կապի նախարարությունը հայտարարում էր, որ ծրագիրը կարժենա 1.33 միլիարդ դոլար, ապա 2 միլիարդ դոլար, հետո ծրագրի արժեքը բարձրացավ մինչև  2.5 միլիարդ դոլար։ Այս տարվա հունվարին տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, թե ծրագիրը կարժենա 3.2 միլիարդ դոլար (համեմատության համար՝ Հայաստանի 2017թ․ պետական բյուջեն մոտ 2.7 միլիարդ դոլար է։

Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի շուրջ 2013թ․ նախաձեռնվեցին «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերը։ 2013թ․ հունվարի 18-ին տեղի ունեցավ այս ծրագրերի շնորհանդեսը։ Որոշվեց, որ «Ռասիա ՖԶԷ» անունով մի անհայտ կազմակերպություն պետք է լինի ծրագրերի հավատարմագրային (կոնցեսիոն) կառավարիչ, կազմակերպի շինարարությունը ու ներդրումներ հայթայթի, իսկ հետագայում՝ նաև շահագործի երկաթուղին։  

Ինչպե՞ս էր այս գրեթե անհայտ կազմակերպությունը 3 միլիարդ դոլարից ավելի ներդրում ներգրավելու ու շահագործելու երկաթուղին։ «Ռասիա ՖԶԷ»-ն մեկ այլ ոչ հայտնի՝ «Ռասիա գրուպ»-ի կազմի մեջ մտնող կազմակերպություն է։ «Ռասիա գրուպ»-ը գրանցված է Դուբայում։ Դուբայը Հայաստանի կառավարության 2012թ․ որոշմամբ համարվում է օֆշորային գոտի։ 

«Ռասիա»-ի մասին տեղեկությունները շատ սակավ են։ Այս ընկերության գործունեության մասին առաջին որոնումները միանգամից տանում են դեպի Հայաստան-Իրան երկաթուղի։ «Ռասիա»-ի կայքում ևս տեղեկատվություն գրեթե չկա։ Երեք ենթաբաժնից բաղկացած կայքում կարդում ենք, որ մի ներդրումային ընկերություն է, որը ներգրավված է մի շարք ծրագրերում ԱՊՀ-ում, Բալկաններում ու Կենտրոնական Ասիայում։ Համացանցում որևէ տեղեկություն չկա Բալկաններում ու Կենտրոնական Ասիայում «Ռասիա»-ի ներդրումների մասին, փոխարենը տեղեկություններ կան «Ռասիա»-ի՝ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ներդրումային նպատակների, Հայաստանի հետ կնքած կոնցեսիոն պայմանագրերի մասին։

«Ռասիա»-ի կայքում նշվում է, որ իրենց թիմը բաղկացած է մասնավոր ներդրումային ընկերությունների, գլոբալ հանքարդյունահանող ընկերությունների և առաջատար իրավաբանական ընկերությունների ղեկավարներից, որոնք ունեն համալիր ներդրումների, բաժնետոմսերի ձեռքբերման, շրջանառության, կլանումներից պաշտպանության և ֆինանսական գործարքների տասնամյակների փորձ և ինստիտուցիոնալ ներդրողների, կառավարության առաջատար դեմքերի և սուվերեն ներդրումային ֆոնդերի հետ սերտ կապեր։

Այսպիսի «մասշտաբային ընկերության» կայքում որևէ հեռախոսահամար նշված չէ։ Իսկ ՍիվիլՆեթի մի քանի էլեկտրոնային հարցումներն այդպես էլ մնացին անպատասխան։ «Ռասիա»-ի բաժնետերերի մասին տեղեկություն նույնպես չկա։ Մի քանի անգամ Հայաստան է այցելել «Ռասիա»-ի գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկին, որը Հայաստանում ասուլիսի է մասնակցել ու այդպես էլ չի պատասխանել, թե ինչքան է «Ռասիա»-ի կապիտալը։Տիգրան Սարգսյանն ընդունել է Ջոզեֆ Բարկովսկիին, 2014թ․, փետրվարի 18։

«Ռասիա»-ն գրասենյակ ունի նաև օֆշորային մեկ այլ գոտում՝ Կայմանյան կղզիներում։ Կարիբյան ծովի հարավ-արևմուտքում գտնվող այս կղզու էլեկտրոնային ռեգիստրից ՍիվիլՆեթը ձեռք է բերել «Ռասիա»-ի մասին փաստաթուղթ, որում սակայն դարձյալ ընկերության բաժնետերերի մասին տեղեկություն չկա։ «Ռասիա»-ն Կայմանյան կղզիներում գրանցվել է 2012թ․ մայիսի 15-ին։

Կայմանյան կղզիներում «Ռասիա»-ի գրասենյակը գտնվում է կղզիների մայրաքաղաք Ջորջթաունի South church street, Ugland house, P.O. Box 309 հասցեում։

Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացնող «Ռասիա»-ն Հայաստանում գրասենյակ կամ ներկայացուցչություն չունի։ ՍիվիլՆեթը այս հարցով տեղեկություն էր խնդրել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։ Նախարարության պատասխանում նշվում է

«Մեր տեղեկություններով՝ «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը Հայաստանում ներկայացուցիչ կամ ներկայացուցչություն չունի»։

ՍիվիլՆեթը պարզել է, որ «Ռասիա»-ն Հայաստանում ունեցել է իր իրավաբանները։ «Ռասիա»-ին իրավաբանական աջակցություն Հայաստանում տրամադրել է «Հարությունյան և ընկերներ» իրավաբանական գրասենյակը։ Ընկերության տնօրեն Հայկ Հարությունյանը [ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրը] հայտարարեց, որ իրենք այլևս չեն զբաղվում Հայաստանում «Ռասիա»-ի հարցերով։ Իրենց ծառայությունների գաղտնիությունից ելնելով՝ նա այլ հարցերի չպատասխանեց։

Պետբյուջեից դուրս գրված 253 միլիոն դրամ

2009թ․ Հայաստանի կառավարությունը ստեղծեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն։ Պետության կողմից ստեղծված այս փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը կազմում էր 27 միլիոն դրամ։ «Երկաթուղու շինարարության տնօրինությունը» պետք է կազմակերպեր երկաթուղու շինարարությունն ու բոլոր տեսակի վարկերի ստացումը։

2011-2016 թթ․ այս ՓԲԸ-ն Հայաստանի պետական բյուջեից ստացել է 253 միլիոն դրամ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասում է, որ 253 միլիոն դրամով եղել են քննարկումներ, կոնցեսիոն պայմանագիր է ստորագրվել, ուսումնասիրել են, թե երկաթուղու համար քանի թունել է պետք։ Երկաթուղու տեխնիկական իրագործելիության համառոտ նկարագրում նշված է, որ դրա երկարությունը լինելու է 305 կմ, ձգվելու է Գագարին-Ագարակ հատվածով, շինարարությունը տևելու է 6 տարի, ունենալու է 84 կամուրջ ու 60 թունել։ 

2017թ․ հունվարի 12-ին կառավարությունն այս ընկերությունը լուծարեց։

2014թ․ օգոստոսի 7-ին կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագրին։ 

2014թ․ փետրվարի 18-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր «Ռասիա ՖԶԷ»-ի նախագահ Ջոզեֆ Բարկովսկիի պատվիրակությանը։ Հենց այդ հանդիպմանը վարչապետ Սարգսյանը հայտարարեց, թե երկաթուղու շինարարական աշխատանքները կարող են սկսվել 2016թ․։ 

Հայաստանի կառավարությունը հայտարարում էր, որ «Ռասիա»-ն երկաթուղու ծրագրի ֆինանսավորման համար բանակցում է չինական բանկերի հետ։ ՍիվիլՆեթի հարցմանը, թե ինչ ներդրումներ կան «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրում, նախարարությունից պատասխանել են.

««Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի արագընթաց հարավային ճանապարհ» ծրագրերի իրականացմանը մասնակցող միջազգային ներդրումային կազմակերպություններ ներկայում չկան»»։  

Hayah Resources․ Հայաստանի կառավարությունն անտեղյակ է

Մերձավոր Արևելքի բիզնեսի ու տնտեսության հարցերով մասնագիտացած Zawya.com կայքի համաձայն՝   Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ներդրումների հնարավորությամբ հետաքրքրված է եղել ու «Ռասիա»-ի հետ պայմանագիր է կնքել Hayah Resources անունով ներդրումային մի խումբ։ Այս խմբի մասին տեղեկատվությունը նույնպես սուղ է, այն չունի անգամ վեբ կայք։

Ըստ Zawya կայքի՝ ներդրումային այս կազմակերպության թիկունքում կանգնած է Ծոցի երկրների համագործակցության խորհուրդ միջկառավարական կազմակերպությունը։ Խումբը ղեկավարում է արաբ գործարար Ռաշիդ ալ-Մալիքը։ Ըստ Zawya-ի՝ Hayah Resources-ը խոշորածավալ քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու մտադրություն ունի Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում։

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ՍիվիլՆեթի գրավոր հարցմանը պատասխանեցին, որ Hayah Resources ընկերության կողմից Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրին մասնակցելու մասին տեղեկություններ չունեն։

Կառավարությունը չի հրապարակում «Ռասիա»-ի հետ կնքած պայմանագիրը  

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրաժարվում է ՍիվիլՆեթին տրամադրել «Ռասիա»-ի հետ կնքված կոնցեսիոն պայմանագիրը՝ պատճառաբանելով, որ պայմանագրի հրապարակումը հակասում է վերոնշյալ փաստաթղթով Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Բացի այդ՝ նախարարությունը պայմանագրի պատճեն չտրամադրելը հիմնավորում է «Ռասիա»-ի հետ բանակցություններում հնարավոր բարդություններից խուսափելու հանգամանքով։

Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի մասին որոշ տեղեկություններ կան նաև Վիկիլիքսի գաղտնազերծած փաստաթղթերում։ Այսպես, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը 2009թ․ ապրիլի 28-ին պետքարտուղարություն հասցեագրած գաղտնի հաղորդագրությունում նշում էր․

«Ուկրաինան ու Ռուսաստանը շարունակաբար հետաքրքրություն են դրսևորել ծրագիրը ֆինանսավորելու համար, և Հայաստանի կառավարությունը հավանաբար միջազգային դոնորական համայնքից ֆինանսավորում կխնդրի․․․ Երկաթուղու կառուցումը կբարելավի էներգամատակարարման վիճակն ու ապրանքաշրջանառությունը»։

2008թ․ հոկտեմբերի 21-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե Ասիական զարգացման բանկը 1.5 միլիոն դոլար է հատկացրել՝ Հայաստան-Իրան երկաթգծի նախագծման աշխատանքներն իրականացնելու համար։ 

Ասիական զարգացման բանկը, սակայն, ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ երբևէ տեխնիկական աջակցություն կամ վարկ չի տրամադրել Հայաստան-Իրան երկաթուղու համար։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արթուր Առաքելյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում վստահեցնում է՝ Ասիական զարգացման բանկը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործընթացի «մասնակից է եղել այն իմաստով, որ հետևել է զարգացումներին»։ Առաքելյանն ասում է. «Ռասիա»-ն հանդիպումներ է ունեցել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ...»։

Ասիական բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալն Առաքելյանի հայտարարության ու «Ռասիա»-ի հետ հանդիպումների վերաբերյալ ՍիվիլՆեթին պատասխանել է.

«Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ Ասիական զարգացման բանկը հայ-իրանական երկաթգծի շուրջ որևէ բանակցությունում ներգրավված չի եղել։ Սովորաբար, բանկը չի տրամադրում տեղեկություն հանդիպումների մասին։ Հայ-իրանական երկաթգծի ֆինանսավորումը բացակայում է Ասիական զարգացման բանկի առաջիկա երեք տարիների ծրագրում»։ 

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 2016թ․ հաշվետվությունում որևէ բառ չկա «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացման մասին։ Նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 12-ին հայտարարում էր, թե մոտակա օրերին Հայաստան են ժամանելու «Ռասիա»-ի ներկայացուցիչներն ու հանդիպում են ունենալու իր հետ։ Անցել է մեկ ամսից ավելի, սակայն այդպես էլ որևէ հանդիպում չի կայացել։

Մկրտիչ Կարապետյան