1 մարտ, 2017 15:26

Կացնահարված ընտանիքը՝ արդարադատության սպասումով

Հեռախոսի էկրանի ֆոնին դրված ժպտերես կնոջը ցույց տալով՝ Վաչագան Մանսուրյանը խորը հոգոցի վրա ասում է. «62 տարեկան է էստեղ, հեչ կասե՞ս… Էսքան տարի իդեալական կնոջս մի ծուռ խոսք ասած չկայի... Շան լակոտի հե ՛րն եմ անիծել։ Կարինս էր, որ չթողեց իրան վերացնեի։ Չորս-հինգ տարի կնստեի, բայց կինս էստեղ կլիներ...»։

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ենք։ Քիչ առաջ դատավորը հետաձգեց նախորդ ամառ կացնահարված ընտանիքի գործով դատական նիստը։ Պատմությունը դասական սկիզբ ունի․ Վլադիկ Մարտիրոսյանն ու Թագուհի Մանսուրյանը ծանոթացել են, սիրահարվել, ամուսնացել, ամուսնալուծվել։ Կնոջը նախկին ամուսնուց, թվում է, միայն մեկամյա երեխան էր մնալու. ամուսնության տարիներին կնոջ ծնողների հաշվին ապրող տղամարդուց ֆինանսական օգնություն ակնկալել դժվար էր։ Բայց նախկին ամուսինը երեխային տեսնելու պատրվակով շարունակել է այցելել նախկին կնոջը, սպառնալ, բռնություն գործադրել։ Թագուհին պատմում է, որ միասին ապրելիս էլ Վլադիկը գործի էր դնում բռունցքները, հարվածում էր նրան հղի ժամանակ։

Գործը 2015-ին դատարանին է հասնում։ Դատավոր Նելլի Բաղդասարյանը Վլադիկ Մարտիրոսյանին խոշտանգման հոդվածով մեղավոր է ճանաչում, բայց վճռում 6 ամսվա ազատազրկումը պայմանականորեն չկիրառել։ Իր պայմանական ազատության ժամանակ էլ՝ 2016-ի հուլիսի 9-ին, Վլադիկը կացնով այցելում է կնոջը, հարվածներ հասցնում թե նրան, թե կնոջ ծնողներին։ Թագուհու մայրը՝ Կարինե Մանսուրյանը, կացնի հարվածներից մահանում է։

«Եթե ես իմանայի, որ կացին ուներ մոտը… Ի՞նչ իմանայի։ Ձեռքիս եղածը ձեռնափայտս էր, սա էլ չլիներ, ես ու աղջիկս էլ կենդանի չէինք լինի։ Լուրջ եմ ասում՝ պիտի էդ լակոտին վերացրած լինեի, հիմա ինձ համար բանտում քանդակ կանեի, Կարինս էլ կապրեր»։

Վաչագան Մարտիրոսյանը մասնագիտությամբ քանդակագործ է։ Կացնահարման հետևանքով ձեռքերը վնասվել են. այլևս չի կարողանում աշխատել։ Ասում է՝ մինչև վերջ պետք է տանի դատական գործընթացը։

«Կհանգստանամ, երբ ցմահի վճիռը կայացնեն։ Բա ուրիշ ո՞նց։ Սաֆարովը մեկին կացնահարեց, ցմահ դատապարտեցին, իսկ ինքը (Վլադիկը) երեք հոգու է կացնահարել։ Երեխայի աչքի առջև։ Մինչև հիմա թոռս հանգիստ չի քնում։ Իսկ էս գործից հետո Նելլի Բաղդասարյանին եմ դատի տալու։ Բոլորը անգործ գտնվեցին, բոլորը։ Ոստիկանությունը, դատարանը, ոչ մեկը ոչինչ չարեց, ոչ մեկը մեզ չլսեց»։

Կացնահարված ընտանիքի գործով նիստը հետաձգվեց. ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը հանրային պաշտպան ունենալու միջնորդություն ներկայացրեց։ Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 16-ին։ Արդարադատություն չտեսած և աղճատված ընտանիքը դատարան գալիս է արդարադատության սպասումով։

Ժաննա Պողոսյան