16 մարտ, 2017 12:05

«Երկիր ծիրանի»-ն հրապարակել է ծրագրային դրույթներն ու հռչակագիրը

Մարտի 15-ին «Անի պլազա» հյուրանոցի Անի սրահում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ստեղծված նոր կուսակցության՝ «Երկիր ծիրանի»-ի առաջին համագումարը: Կուսակցության կարգախոսն է՝ «Դեպի Արարատ»։ Կուսակցությունը հրապարակել է Ծրագրային դրույթներն ու Հռչակագիրը։  

«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ 

«Երկիր Ծիրանի» կուսակցության նպատակն է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետականության հիմքի վրա կառուցել համասփյուռ հայ հասարակության զարգացմանը նպաստող առաջադիմական, արդիական քաղաքական համակարգ, որը կներառի ողջ հայ ժողովրդի ընդհանրական շահերն արտահայտող հանրային քաղաքականության ծրագիր և գործողություններ, ինչի կենսակոչման շնորհիվ հնարավոր կլինի հասնել պատմական Հայաստանում ազգային կատարյալ պետականության ստեղծման: Հայերի պատմական Հայրենիքում` Հայկական բարձրավանդակում և նրա հարակից տարածքում, Հայկական ազգային կատարյալ պետականություն ստեղծելու ձգտումն է 21-րդ դարի հայերի քաղաքակրթական ինքնությունը պահպանելու և զարգացնելու հիմքն ու երաշխիքը: 

Վերոնշյալ նպատակին հասնելու համար կուսակցությունն իր առջև խնդիր է դնում` միավորելու աշխարհասփյուռ հայության տարբեր մասերը հայկական շահը սպասարկող ընդհանուր քաղաքականության ներքո:

«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքական փիլիսոփայության անկյունաքարը համասփյուռ հայության ուղղակի ներգրավվածությունն է Հայկական ազգային կատարյալ պետականություն կառուցելու քաղաքականությունում:

Հայկական ազգային կատարյալ պետականության ստեղծման համար անհրաժեշտ երեք կարևոր գործոնների միասնությունը` ազգ, պետություն և տարածք, առկա է 21-րդ դարի հայ ազգի զինանոցում: Ժամանակակից հայ ազգը քաղաքական այն միասնությունն է, որի ընդհանուր ընկալման արժեհամակարգը պատասխանատվությունն է բովանդակ հայության և իր հայրենի հողի (Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան, Կիլիկիա, …) նկատմամբ, որն այսօրվա դրությամբ, որպես Հայկական պետականություն, կազմում է շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Արցախի և Հայաստանի Հանրապետություններ, որոնք պետք է վերակառուցել և պաշտպանել, ինչի պատասխանատուն հայ ժողովուրդն է: 

Շուրջ քառորդ դար Արցախի և Հայաստանի Հանրապետություններում գործող քաղաքական համակարգը հնարավորություն չի ընձեռել հայ ժողովրդին հասնելու ցանկալի արդյունքի` պատմական Հայաստանում ազգային կատարյալ պետականության ստեղծման: 

Ձախողման հիմնական պատճառը գործող ավտորիտար համակարգն է, որի ներկայացուցիչները, բռնազավթելով իշխանությունը, իրենց ձեռքում են պահում քաղաքական մենաշնորհը: Իշխանության բռնազավթումը և քաղաքական մենաշնորհը (ինչի պատճառով առկա են տնտեսական մենաշնորհներ) հանգեցրել է հայ ազգի դեզինտեգրացման, ինչի հետևանքով առկա է Հայրենիքից զանգվածային արտագաղթ` ներգաղթի փոխարեն:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր հիմնական նպատակին հասնելու համար առաջնային և անհրաժեշտ պայման է ճանաչում հետևյալ դրույթները.

  1. Քաղաքակրթական աշխարհընկալմամբ` Հայաստանի տեղը համամարդկային արժեքների վրա հիմնված համաեվրոպական ընտանիքն է, իսկ պետականության մոդելը` հայկական ինքնությամբ այնպիսի կայացած պետությունը, որտեղ մարդու կյանքը և արժանապատվությունը գերագույն արժեք են, ստեղծագործական ու աշխատանքային գործունեությունը` երաշխավորված, ծերությունը` ապահովված:
  2. Հայաստանի և Արցախի Հանրապետությունները փաստացի մեկ ռազմաքաղաքական միավոր են: ԽՍՀՄ փլուզման արդյունքում ապագաղութացման գործընթացի ներքո հռչակված Արցախի Հանրապետությունը պետք է ճանաչվի, առաջին հերթին, Հայաստանի կողմից, և նրա հետ Հայաստանը պետք է կնքի ռազմական փոխօգնության, մեկ դրամական, անձնագրային և քաղաքացիության վերաբերյալ պայմանագրեր, որոնք ենթադրում են դե-յուրե միասնական պետականություն:
  3. Համահայկական ընտրական համակարգի ներդնում (էլեկտրոնային քվեարկության համակարգ), համաձայն որի` ընտրելու և ընտրվելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, և երաշխավորված է այն իրագործել` անկախ նրա գտնվելու վայրից (աշխարհի հայաշատ համայնքներում պետք է լինեն ընտրական տեղամասեր): Արցախը, Ջավախքը և արտասահմանի բոլոր հայաշատ համայնքները պետք է ունենան իրենց պատգամավորները հայոց խորհրդարանում: Խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան պարզ համամասնական ընտրական կարգով, ընտրություններում կուսակցության նվազագույն անցողիկ շեմը չպետք է գերազանցի 2.5%-ը:
  4. Համահայկական քարոզարշավ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման գաղափարի տարածման համար:
  5. Հայրենիք վերադարձած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած յուրաքանչյուր հայի` տուն կառուցելու նպատակով անհատույց հողակտորի տրամադրում:
  6. Քաղաքական համակարգի ներդնում, որտեղ առկա է երաշխիք` պետական իշխանության ճյուղերի տարանջատման, հակակշռման և զսպման կառուցակարգերի հիման վրա:
  7. Անկախ դատական համակարգի կայացում և գործունեություն: Առաջին և Վերաքննիչ դատական ատյանների դատավորների համընդհանուր պարբերական ընտրությունների համակարգի ներդնում:
  8. Պետության նախագահի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների (քաղաքապետ և ավագանի) ընտրությունների` ուղղակի ընտրական համակարգի ներդնում:
  9. Հարկային ազատականացում և պրոգրեսիվ հարկման իրավական դրույթների ամրագրում:
  10. Հայաստանի Հանրապետությունից գումարներ և նյութական այլ միջոցներ ապօրինի դուրս հանելու և հանրային սեփականության ապօրինի օտարման հարցերի վերաբերյալ քննություն:
  11. Չբացահայտված քաղաքական սպանությունների քննություն ու դատապարտում և քաղաքական հետապնդումների ենթարկված ու ենթարկվող անձանց գործերի վերանայում և մեղավորների բացահայտում ու պատժում:
  12. Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի, Գետաշենի ու Մարտունաշենի և Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղի անկման քաղաքական և իրավական գնահատական (մեղավորների դատապարտում): 1994 թվականի մայիսին Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու պայմանագրի կնքման փոխարեն` անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման և դրանով հայկական ուժերի ազատագրական գործողությունների կասեցման քաղաքական ու իրավական գնահատական և դատապարտում:
  13. Ապրիլյան քառօրյա պատերազմի, հայկական կողմի մեծաթիվ զոհերի ու վիրավորների և Հայկական պետականության տարածքային կորուստների վերաբերյալ քննության անցկացում, քաղաքական ու իրավական գնահատականի միջոցով մեղավորների բացահայտում և պատժում:
  14. Շուրջ քառորդ դար Հայաստանի զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զոհված զինծառայողների` չբացահայտված գործերի քննություն և մեղավորների բացահայտում ու պատժում:
  15. Շուրջ քառորդ դար կեղծված համապետական ընտրությունների և դրա հետևանքով ստեղծված ավտորիտար համակարգի քաղաքական և իրավական գնահատում ու դատապարտում:
  16. Օրենքի ուժով գաղտնազերծման անցկացում, որը կվերաբերի 1991 թվականից առ այսօր գործող ռեժիմի ներկայացուցիչներին, ովքեր` ոտնահարել են մարդու իրավունքները,  զավթել են իշխանությունը, ապօրինի հարստացել են, համագործակցել են օտար երկրների հատուկ ծառայությունների հետ:
  17. Հայաստանում ապրող ազգային, ինչպես նաև այլ բոլոր փոքրամասնությունների ներկայացուցիչները, լինելով Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ, կարևոր արժեք են Հայկական պետականության համար:
  18. Անվտանգության այնպիսի քաղաքականության կենսագործում, որը բացառում է Հայաստանի ինքնիշխանության իրավունքի փոխանցումը` հակաօդային ու ցամաքային զորքերի հրամանատարության, սահմանների վերահսկողության և այլ հարցերում: Օրենքով ամրագրում, որ Հայկական պետականության անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիության ապահովումը բացառապես Հայկական ազգային զինված ուժերի մենաշնորհն են: Զինված ուժերի պաշտպանական առաջին գծում պետք է ծառայության անցնեն պայմանագրային զինծառայողները:
  19. Տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսներ ներգրավելու նպատակով խոչընդոտների վերացում, այդ թվում` վերանայելով այն պայմանագրերը պետությունների ու կազմակերպությունների հետ, որոնք կնքվել են անօրինական և հակասում են հայ ժողովրդի ազգային շահին:

ՀՌՉԱԿԱԳԻՐ

Համասփյուռ հայության քաղաքական իրավունքների վերականգնման մասին

Մենք հավատում ենք ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Մենք հավատում ենք ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Մեր հիմնարար գաղափարական սկզբունքներն են.

-         մենք հավատում ենք հայ ժողովրդի քաղաքակրթական առաքելությանը,

-         մենք հավատում ենք մասնատված հայկական աշխարհի միավորմանը,

-         մենք հավատում ենք, որ մարդկային կապիտալն է մեր երկրի ամենակարևոր ռեսուրսը,

-         մենք հավատում ենք Հայկական ուժեղ պետականության կառուցման հնարավորությանը,

-         մենք հավատում ենք, որ Ուժեղ Հայաստանն է հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը,

-         մենք հավատում ենք մեր հզոր ապագային և մեր բացառիկ առաքելությանը: 

Հաշվի առնելով հայ ժողովրդի մասնատվածությունը և ցրվածությունն աշխարհով մեկ,

Հաշվի առնելով հայկական Սփյուռքի պոտենցիալն աշխարհով մեկ,

Գիտակցելով այդ պոտենցիալի միավորման անփոխարինելիությունը հանուն Հայաստանի Հանրապետության`

Մենք ձգտում ենք հայկական անդրսահմանային քաղաքական ազգի ձևավորման:

Հայկական անդրսահմանային ազգի ձևավորում 

Միջազգային հարաբերությունների վերջին 300 տարիներն ընթացել են աշխարհի տարբեր մասերում մեծ տերությունների միջև սեփական ազդեցության շրջանակի ընդլայնման համար մղված պայքարում:

Մեծ տերությունների մրցակցության պայքարի հիմնական թիրախը եղել են փոքր պետություններն ու ժողովուրդները, որոնք չէին կարող իրենց թույլ տալ անկախության շքեղությունը, ինչի հետևանքով միշտ գտնվել են մեծ տերությունների ազդեցության գոտում:

Պատմությունն ապացուցում է, որ փոքր ժողովուրդները, ընկնելով մեծ տերությունների և նրանց քաղաքական ազդեցության տակ, հաճախ հայտնվում են ամբողջական վերացման վտանգի առաջ:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է առանց բնական ռեսուրսների, սակայն շահավետ աշխարհագրական դիրքով փոքր պետությունների շահերը մեծ տերությունները ստիպված լինեն հաշվի առնել: Օրինակ` Իռլանդիան և Իսրայելը, որոնք տասնամյակների ընթացքում ակտիվ կերպով հավաքագրեցին սեփական սփյուռքի բազմամիլիոնանոց պոտենցիալը ողջ աշխարհով մեկ` նրանցից ձևավորելով միասնական անդրսահմանային քաղաքական ազգ:

Անդրսահմանային քաղաքական ազգը մշտապես գտնվում է ամուր կապի մեջ իր ծագման երկրից և հետաքրքրված է, առաջին հերթին, նրա շահերի պաշտպանությամբ:

Պետության հզորության հիմքում ընկած է մարդկային կապիտալը: Մենք համոզված ենք, որ առանց այդ կապիտալի` բացարձակապես հնարավոր չէ ցանկացած պետական իշխանության ինստիտուտի արդյունավետ գործունեություն: Մարդկային կապիտալի առկայությունը թույլ է տալիս ստեղծել հիմնական և ամենակարևոր արժեքները` մտքերն ու գաղափարները, որոնք չափազանց անհրաժեշտ են ցանկացած ազգի գոյատևման և զարգացման համար:

Հայկական մարդկային կապիտալը գտնվում է պատմական Հայրենիքի տարածքից դուրս և օգտագործվում է այլ պետությունների ու ժողովուրդների համար: Շուրջ 25-ամյա անկախության ընթացքում Հայաստանի իշխանությունները ոչ միայն չկարողացան այդ կապիտալը ներգրավել Հայաստան, այլև ստեղծեցին այնպիսի պայմաններ, որոնց հետևանքով ավելի քան մեկուկես միլիոն քաղաքացի լքեց հայրենիքը: Այսօր մեր երկիրը, գտնվելով աշխարհաքաղաքական վտանգավոր տարածքում, հրատապ կարիք ունի համազգային խնդիրների լուծման միանգամայն նոր, հիմնարար մոտեցման ձևավորման: 

Գիտակցելով մարդկային պոտենցիալի խիստ անհրաժեշտությունը,

Հաշվի առնելով, որ հայկական Սփյուռքը ողջ աշխարհում 10 միլիոնից ավելին է`

Մենք պահանջում ենք.

  • Վերականգնել արտասահմանում ապրող և աշխատող Հայաստանի քաղաքացիների ընտրելու իրավունքը` տվյալ պահին իր բնակության վայրում:
  • Թույլատրել էթնիկ հայերին, ովքեր ակտիվորեն ընդգրկված են Սփյուռքի տնտեսական, լոբբիստական, քաղաքական, մշակութային ու լուսավորչական, բարեգործական կյանքում, մասնակցել Հայաստանի նախագահական և խորհրդարանական ընտրություններին (վերացնել իրավական արգելքները,  արագացված կարգով նրանց շնորհել քաղաքացիություն):
  • Թույլատրել Սփյուռքի ներքոնշյալ ներկայացուցիչներին ընտրվելու Հայաստանի քաղաքական պաշտոններում (վերացնել իրավական արգելքները, արագացված կարգով նրանց շնորհել քաղաքացիություն)`

-         այն գործիչներին, ովքեր պարգևատրվել են պետական շքանշաններով` իրենց հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար Հայաստանի կյանքում,

-         այն հայրենադարձներին, ովքեր ավելի քան երկու տարի ապրում են Հայաստանում,

-         այն հայրենադարձներին, ովքեր Հայաստանում ծավալում են 500 հազար դոլարի և ավելի ներդրումային գործունեություն:

  • Ստեղծել «Սփյուռքի հանրային պալատ», որը թույլ կտա ողջ աշխարհում սփռված հայկական համայնքների ներկայացուցիչներին` անմիջականորեն ներգրավված լինելու Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին:
  • Երաշխավորել սփյուռքահայ մեր հայրենակիցների համար մշտական պայմաններ` Հայաստանի ընտրական գործընթացներին մասնակցելու համար:
  • Ստեղծել կապիտալի երկկողմանի հոսքի համակարգ, որի ընթացքում թե՛ Հայաստանը և թե՛ Սփյուռքը ստանում են փոխադարձ շահույթ ֆինանսական հոսքերից:
  • Միացյալ ջանքերով ստեղծել ազգային-պետական խորհրդանիշ (բրենդ), որը թույլ կտա Սփյուռքի ներկայացուցիչներին ակտիվորեն ներգրավվել համազգային խնդիրների լուծմանը: