20 մարտ, 2017 17:32

Եվրոպայում ապրող թուրքերի ապագան Թուրքիան է․ Ֆրանսիայի ազգայնականների պատասխանը Էրդողանին

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջակողմյան կուսակցության անդամ 27-ամյա Մարիյոն Մարեշալ Լե-Պենը, որը կուսակցության նախագահ, ազգայնական քաղաքական գործիչ Մարին Լե-Պենի զարմուհին է, Թուրքիայի նախագահ Էրդողանին հակադարձելով՝ հայտարարել է, որ Եվրոպայում ապրող թուրքերի «ապագան Թուրքիան է»։

«Հարգելի Էրդողան, Եվրոպայում ապրող թուրք մարդկանց ապագան Թուրքիան է»,- Թվիթերում գրել է Լե-Պենը՝ գրառման մեջ կցելով Էրդողանի օգտահաշիվը։

Վերջին շաբաթներին Թուրքիայի և եվրոպական մի շարք երկրների հարաբերությունները ծայրաստիճան լարված են՝ ուղեկցվելով փոխադարձ մեղադրանքներով և վիրավորանքներով։ Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպայում ապրող թուրքերին կոչ էր արել ունենալ հինգ երեխա՝ երկուսով ավելի, քան հորդորում է ունենալ իր համաքաղաքացիներին բուն Թուրքիայում։ Էրդողանը Եվրոպայում բնակվող հայրենակիցներին հորդորում է ամրապնդել իրենց ներկայությունը աշխարհամասում և այդկերպ դառնալ «Եվրոպայի ապագան»։

 

Ստելլա Մեհրաբեկյան