20 մարտ, 2017 15:50

Լուկաշենկոն խոսել է «Հայաստանից եկած ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի» մասին

«Արևմուտք 2017» բելառուսա-ռուսաստանյան զորավարժությունների հարցերով խորհրդակցության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ի թիվս այլ միջադեպերի՝ նշել է Հայաստանից Բելառուսի տարածքով դեպի եվրոպական երկրներից մեկը թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի բացահայտումը, հաղորդում է Belta գործակալությունը։

Լուկաշենկոն խոսել է պետական սահմանին պարբերաբար կասեցվող հակաիրավական գործողությունների մասին, այդ թվում՝ զենքի և այլ վտանգավոր առարկաների ու նյութերի տեղափոխման փորձերի մասին։

Դեպքերից մեկը վերաբերել է բելառուսա-ուկրաինական սահմանին տեղի ունեցած գործողություններին՝ նռնակների կիրառմամբ։

«Եվս մեկ միջադեպ կապված է Բելառուսի տարածքով Հայաստանից դեպի եվրոպական երկրներից մեկը թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ»,- ասել է Լուկաշենկոն՝ խնդրելով հետաքննել բոլոր միջադեպերը։

«Դա վկայում է այն մասին, որ մենք ոչ մի դեպքում չենք կարող թուլանալ։ Պետք է զգոն լինենք և ոչ մի դեպքում մեր երկրում իրավիճակը ապակայունացնելու առիթ չտանք»,- եզրափակել է Բելառուսի նախագահը։