20 մարտ, 2017 11:21

Հայ կոմունիստներն ընտրվելու դեպքում կպայքարեն «համասեռամոլության և արևմտյան արժեքների դեմ»

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ընտրվելու դեպքում պայքար է մղելու «արևմտյան նորահայտ երևույթների՝ համասեռամոլության, միասեռ ամուսնությունների դեմ», բացի այդ՝ պայքարելու է Հայաստանում  գունավոր հեղափոխություն նախապատրաստող ուժերի դեմ։ Այս մասին նշված է Կոմկուսի նախընտրական ծրագրում։

Տնտեսության ոլորտում կոմունիստները նախաձեռնելու են տնտնեսական քաղաքականության փոփոխություն, ինչը, վերջիններիս համոզմամբ, թույլ կտա տարեկան հասնել ՀՆԱ-ի 7-8 տոկոսանոց աճի։

Կոմունիստները իրենց  ծրագրի բանակին վերաբերող հատվածում առաջարկում են պետական պատշաճ վերահսկողություն սահմանել զինված ուժերի գնումների գործընթացի վրա, ավելին՝ առաջարկում են բանակում ժամկետային ծառայության մեջ գտնվողների ընտանիքների կոմունալ վճարումները զեղչել 50 տոկոսով։

Ավիացիոն ոլորտում կոմունիստները դեմ են արտահայտվում Հայաստանի կառավարության որդեգրած բաց երկնքի քաղաքականությանն ու առաջարկում են ընդունել «Օդային օրենսգիրք»։

Կոմունիստները խոստանում են նաև քայլեր ձեռնարկել Հայաստան-Իրան երկաթուղի կառուցելու ուղղությամբ։

Թեմայի մասին կարդացեք նաև Հայ կոմունիստները՝ ապրիլին ընդառաջ հոդվածը։